Հայաստանի դատարանները երբեք անկախ չեն եղել

Հայաստանի դատարանները երբեք անկախ չեն եղել

Առաջին նախագահի օրոք ոչ միայն դատարանները կախված էին տարբեր մեծ ու փոքր չինովնիկներից, թաղային խուժանից, ֆիդային երկրապահներից, այլ նաև ուղղակի կախման մեջ էին գտնվում տեղական իշխանություններից՝ շրջանային գործադիր կոմիտեներից։ Ավելին, շրջանային դատարանները տարեկան կտրվածքով հաշվետու էին շրջանային խորհրդին։ Այդ տարիներին իշխանությունների կողմից տոտալ պայքար էր գնում այն իրավապաշտպանների, հասարակական գործիչների, լրագրողների դեմ, ովքեր բարձրաձայնում ու պայքարում էին անկախ դատարան ունենալու համար։ Ընդ որում, որոշ իրավապաշտպաններ, լրագրողներ, հասարակական գործիչներ իշխանությունների հետ անհավասար պայքարում հատուցեցին իրենց առողջությամբ, մի մասն էլ հնարովի քրեական գործերով դատապարտվեցին։

Երկրորդ նախագահի օրոք դատական համակարգը կենտրոնացվեց արդարադատության նախարարի կողմից և, իրավամբ, արդարադատությունն իրականացվում էր արդարադատության նախարարի կողմից, իսկ դատարանները հանդես էին գալիս, առավել ևս, հնչեղ գործերով, որպես կամակատարներ։ Այդ տարիներին ևս որոշ իրավապաշտպաններ, լրագրողներ, հասարակական քաղաքական գործիչներ պատերազմ հայտարարեցին իշխանությանը՝ արդարադատությունը իրական տերերին ՝ դատարաններին հանձնելու համար: Արդյունքում բազմաթիվ փաստաբաններ հայտնվեցին բանտերում տարբեր հնարածին քրեական հոդվածներով։

Երկրորդ նախագահի երկրորդ նախագահության ժամկետում և երրորդ նախագահի օրոք արդարադատությունը կենտրոնացվեց մեկ կետից, նախագահականից, և դատական իշխանություն կոչվածը հլու հնազանդ կատարում էր Բաղրամյան 25-ի ցուցումները։ Իհարկե, կային բացառություններ, երբ դատավորը հրաժարվում էր պատվերով արդարադատություն իրականացնել, որը կարող էր թանկ արժենալ տվյալ անձի համար։ Ավելին, դրանք բացառիկ դեպքեր էին։ Այս անհավասար պայքարում ևս որոշ իրավապաշտպաններ, լրագրողներ, հասարակական քաղաքական գործիչներ մեղադրվեցին, մի մասն էլ դատապարտվեցին տարբեր հնարածին մեղադրանքներով։

Հեղափոխությունից հետո կարծես թե վերացվեց դատական իշխանության ուղղորդումը մի կետից, սակայն նույն գործադիրի կողմից թիրախավորվեց այն դատավորը, ով գործադիրի քիմքին հակառակ դատական ակտ է կայացնում: Այսինքն, այսօր ունենք առերևույթ գործադիրի կողմից չուղղորդվող դատարան, բայց նույն գործադիրի կողմից տարվող քաղաքականության արդյունքում ունենք ընտրովի արդարադատություն իրականացնող դատարան, որը ոչ պակաս վտանգավոր է, քան իր նախորդները։

Այսօր ևս որոշ իրավապաշտպաններ, նաև դատական իշխանությունից որոշ դատավորներ անհաշտ պայքար են սկսել ընտրովի, փողոցի արդարադատության դեմ, ընդ որում, խախտված իրավունքների վերականգնման համար պայքարը տեղափոխելով նաև ՄԻԵԴ։ Ափսոս, որ հեղափոխությունից հետո իրավապաշտպանն իր գիտական, ստեղծագործական հնարավորությունները վատնում է ոչ թե իրավունքի զարգացման, այլ գործադիրի կողմից տոտալ ձևով անձանց տարրական խախտված իրավոնքները պաշտպանելու ընտրովի արդարադատությունից, դաժան վերաբերմունքից:

Որքան պետական լիազոր մարմինների և իրավապաշտպանների ջրբաժանը մեծանա, այնքան պետությունը կհավակնի դառնալու ավտորիտար երկիր՝ բխող բոլոր բացասական հետևանքներով:

Լևոն Բաղդասարյան
#ԼեվԳրուպ
#փաստաբանական_գրասենյակ