Կկտրենք բոլորի թաթիկները. Փաշինյանը զայրացավ

Կկտրենք բոլորի թաթիկները. Փաշինյանը զայրացավ

ԱԺ  «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր կառավարության հետ հարուցպատասխանի ժամանակ հարցրեց  վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե ճի՞շտ է, որ ինքը միջնորդություն է ներկայացրել պոտենցիալ ներդրողների հետ հանդիպման համար: Մակունցը նկատի ուներ Գագիկ Ծառուկյանի գործընկերներ շեյխերի և Երևանի քաղաքապետի հանդիպումը, որի համար, ըստ տեղեկությունների, Ծառուկյանի խնդրանքով Փաշինյանն է միջնորդել, որ Հայկ Մարությանն ընդունի:

«Նախ ասեմ, որ թույլ տվեք էդքան էլ վստահ չլինել, որ նշված անձինք շեյխերի ներկայացուցիչ են, որովհետև, եթե նրանք շեյխի ներկայացուցիչ լինեն, այսինքն՝ Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտոնական ներկայացուցիչ, նրանք կարիք չունեին Գագիկ Ծառուկյանին խնդրել, որ նա էլ զանգի ինձ և խնդրի, որպեսզի ես Երևանի քաղաքապետին միջնորդեմ, որպեսզի նա նրանց ընդունի: Որովհետև, եթե նրանք շեյխի ներկայացուցիչ էին, նրանք դեսպանատան միջոցով կարող էին դիմել մեզ»-իր պատասխանը այս նախաբանով սկսեց Նիկոլ Փաշինյանը:

Ապա հաստատեց, որ Գագիկ Ծառուկյանը զանգել և խնդրել է իրեն, որ խոշոր ներդրողներ են, ինքն էլ զանգել է Երևանի քաղապետին, վերջինս էլ կիրակի օրով ընդունել է նրանց:
«Ընդ որում, ինձ պարոն Ծառուկյանն ասել է, որ շեյխեր են կամ շեյխերի ներկայացուցիչ են, ես, հարգանքով եմ վերաբերվելով, ասել եմ՝ թող ընդունի: Քաղաքապետն էլ, հաշվի առնելով նաև իմ զանգը, ընդունել է: Նախ առաջինը շատ տարօրինակ է եղել նրա համար, որ էդ մակարդակի մարդիկ Երևանի քաղաքապետի հետ գալիս են ընդունելության ջինսերով, բոթասներով և մայկաներով:

Սա, կարծում եմ, վերաբերմունք է պետական ինստիտուտին: Երկրորդը, նրանք ի՞նչ են ուզել, ասել են՝ Երևանի կենտրոնում հող ենք ուզում բիզնես դնելու համար, քաղաքապետն էլ նշել է, որ ձեր նշած տարածքներով հող Երևանի տիրապետության տակ չկա, մասնավորը գուցե ունենա, պետք է գնել: Եվ հընթացս երեք հյուրերն էլ պարզվել է՝ հեռախոսներ ունեն մոտները և զանգ են ստացել, և երբ քաղաքապետը ներկայացնելիս է եղել հնարավորությունները, թե ինչ կարող են անել, սկզբից մեկն ա հեռախոսը վերցրել սկսել խոսել, քաղաքապետը ստիպված ա եղել ընդհատել խոսքը, մինչև կարևոր հյուրը ավարտի, հետո երկրորդի հեռախոսին ա զանգ եկել, բայց որ երրորդին էլ ա զանգ եկել, քաղաքապետն ասել ա՝ ես ենթադրում եմ՝ էս խոսկացությունն արդեն հետաքրքիր չի ձեզ, որովհետև անընդհատ հեռախոսով խոսում եք, և ես ավարտեցի, շնորհակալություն, ցտեսություն: Եվ ես կարծում եմ՝ ճիշտ ա»,-ասաց վարչապետը:

Անդրադառնալով ԲՀԿ-ի բողքներին ներդրումային միջավայրի մասով՝ Փաշինյանն ակնարկեց, որ ժամանկագրորեն դա համընկել է նրա հետ, որ Քննչական կոմիտեում մեղադրանք է առաջադրվել «Մուլտի գրուպ» ընկերության ղեկավարին «Հյուսիս-հարավ» ծրագրի շրջանակներում շատ խոշոր չարաշահումներ թույլ տալու համար:
«Եվ ես ուզում եմ ասել, որ ղեկավարին «Հյուսիս-հարավ» պրոյեկտը, այ ներդրումային շատ լավ միջավայր ա եղել, որ բռնել են Հայաստանի Հանրապետության էդ նախագիծը և որպես կթու կով՝ կթել են ով հասել ա: Հիմա մենք նրանց թաթիկները կտրում ենք հատ-հատ և շարունակելու ենք կտրել: Եվ որևէ մեկը չմտածի, որ ՀՀ դրոշի, պետականության, ինքնիշխանության, պետական արժանապատվությանը կարա իր կեղտոտ թաթիկներով կտրի: Կկտրենք բոլորի թաթիկները: Սա՝ ի գիտություն»,-զայրացավ վարչապետը: