Ես վստահ եմ ապագայի հարցում

Ես վստահ եմ ապագայի հարցում

Նիկոլ, դու հասկանո՞ւմ ես, որ առանց Սյունիք ապագա չկա: Առանց Սյունիքի չի լինի Հայաստան՝ դու լինես վարչապետ, թե բանտարկյալ: Որովհետև եթե թուրք զավթիչը մարսեց Սյունիքը, Երևանն էլ կվերցնի, Սևանն էլ հետը: Հատկապես որ բազմաթիվ անգամներ է խոսել դրա մասին: Դու իսկապե՞ս դավաճան ես, ու թքած ունե՞ս քո հայրենիքի վրա: Թուրքը թիզ առ թիզ գրավում է Սյունիքը, ու դու, որ իբր թե «գերագույն գլխավոր» ես, դա թույլ ես տալիս, ձայն չես հանում: Լավ, եթե այսօր պատերազմ չկա, ու այս պահին «գերագույն գլխավոր» չես, բայց քեզ երկրի ղեկավար ես, չէ՞, համարում: Նստում ես կառավարության շենքում, ապրում ես կառավարության «դաչաներում», օգտվում ես կառավարական մեքենայից, ինքնաթիռից և մնացած հարմարություններից: Ո՞նց կարող է երկրի ղեկավարն անտարբեր լինել իր երկրի տարածքից պատառ-պատառ պոկոտելուն: Իսկ դու անտարբեր ես…

11-րդ դարի հայ պատմիչ, հոգևորական ու աստվածաբան Արիստակես Լաստիվերցին «Պատմություն» աշխատության մեջ սգալով Բագրատոնյաց Անիի անկումը՝ այն պայմանավորում է իր ժամանակակիցների կողմից Աստծո պատվիրաներից հեռանալու մեղքով:  Նիկոլ, եթե քո մեղքով մեր պետականությունը վերանա մեզ հետ միասին, քեզ մեղադրելն այլևս իմաստ չի ունենա: Դու, իհարկե, կփորձես խուսափել Հայաստանի մնացած քաղաքացիների, որոնց դու մի ժամանակ հպարտ ես անվանել, ճակատագրից: Երևի քո երկոտանի ուսապարկերից մեկ երկուսին էլ կփորձես փրկել քեզ հետ միասին: Դա քեզ, բնականաբար, չի հաջողվի, որովհետև հայոց երիտասարդների սրտերում կծագի երկրորդ Նեմեսիսը: Ինչ-ինչ, բայց դա մեր ազգը կարողանում է լավ անել, և չի լինի փրկում ո՛չ քեզ ու ո՛չ էլ քեզ հետ երկիրը լքածներին:

Քեզ չեմ առաջարկում մեղա գալ ու իրապես հրաժարական ներկայացնել, որովհետև գիտեմ, որ չես անի: Ես հիշում եմ քո սքանչացած հայացքը (դա կարելի է գտնել համացանցում)՝ երբ դու նայում էիր քո դիմաց ու տեսնում էիր մարդկային ծփացող ծով: Ով էլ լիներ քո տեղը՝ նույնը կզգար երևի: Ինչո՞ւ երևի. որովհետև մեր մեծ լոռեցին դրանից կխուսափեր, քանի որ հենց ինքն է գրել, որ ամեն ինչ անցողիկ է այս աշխարհում, ու դա էլ կանցնի (գիտեմ, որ հրեաներն ավելի վաղ են գրել, բայց ինձ սրտամոտ է հենց լոռեցին): Ու դա կատարվեց, ու այդ անգամ չզգացիր անցնելու պահը: Ու դու մնացիր անցյալում՝ նախկինների դեմ քո կռիվների ու քո հաղթանակի անցյալում: Ու նույնիսկ պատերազմում մեր խայտառակ պարտությունը քեզ չկարողացավ արթնացնել, դուրս քաշել անցյալի նիրհից: Ու պատերազմից կես տարի անց տեղի ունեցող զարգացումները ևս չեն կարողանում քեզ վերադարձնել դեպի այսօրվա իրականություն: 

Ու դժբախտաբար այսօր ամեն ինչ մեր դեմ է, այս երկրի գիտակից մարդկանց դեմ: Մարդկանց, ովքեր ուրիշի զավակի մահը ընկալում են որպես սեփական, գերի ընկածի տառապանքը որպես սեփական, հայրենիքի ճակատագիրը որպես սեփական… Թվում է, որ ելք, իսկապես չկա, այս իրավիճակից: Սակայն որպես շատ կարդացած մարդ գիտեմ, որ այս կամ այն անհատի և թե ողջ ազգի կյանքում լինում են պահեր, երբ կարծես թե ահա, հասել է վերջը, բայց բացվում է մի դուռ, որ կյանք է պարգևում: Ու ես վստահ եմ, որ դա լինելու է նաև մեր դեպքում և մեզ համար: Ու մենք կհաղթահարենք նաև այս մի պատուհասը, ու ավելի հզորացած դուրս կգանք այս վիճակից: Ես վստահ եմ դրանում, վստահ եմ ապագայի հարցում: