Փաշինյանի դեմ ապօրինի դատական ակտ եք կայացրել, հիմա ո՞նց եք պաշտոնավարում․ պաշտպանները՝ Մնացական Մարտիրոսյանին

Փաշինյանի դեմ ապօրինի դատական ակտ եք կայացրել, հիմա ո՞նց եք պաշտոնավարում․ պաշտպանները՝ Մնացական Մարտիրոսյանին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում, նախագահությամբ` դատավոր Մնացական Մարտիրոսյանի, տեղի է ունենում Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը: «Դուք ժամանակին Նիկոլ Փաշինյանի դեմ ապօրինի դատական ակտ եք կայացրել։ Ուզում եմ հարցնել՝ այդքանից հետո հիմա ինչպես եք շարունակում պաշտոնավարել որպես դատավոր»,- դիմելով դատավոր Մնացական Մարտիրոսյանին՝ ասաց Ավետիք Չալաբյանի պաշտպաններից Արմեն Անդրիկյանը, որը ներկայացնում էր դատավոր Մնացական Մարտիրոսյանին ներկայացրած միջնորդության հիմքերը։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, 2010 թվականին , հիշեցնենք, Փաշինյանին մեղավոր ճանաչեց զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար ու նրան դատապարտեց 7 տարվա ազատազրկման: Նա նաև մեղադրվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար, սակայն այս դրվագով արդարացվեց: Փաշինյանը Մարտի 1-ի գործով անազատության մեջ մնաց ամիսներ շարունակ, ապա և համաներմամբ ազատ արձակվեց։ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հետագայում ճանաչել էր 2008-ի ընտրություններից հետո Փաշինյանի իրավունքների խախտումը։ ՄԻԵԴ-ը հրապարակած վճռով եզրահանգել էր, որ 2008-ի հետընտրական արյունալի իրադարձությունների ժամանակ Հայաստանի կառավարությունը խախտել է այն ժամանակ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի՝ ազատության և անձնական անձեռնմխելիության, ինչպես նաև խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքները։