Բա Սերժի վախտ ինչո՞ւ Դանիելի ՀԿ-ին փող չէիք տալիս

Բա Սերժի վախտ ինչո՞ւ Դանիելի ՀԿ-ին փող չէիք տալիս
Դանիել Իոաննիսյան

Կառավարությունը երեկ՝ օգոստոսի 22-ի նիստում ուշագրավ որոշում կայացրեց, որից կոռուպցիոն ռիսկերի հոտ է գալիս՝ իր պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին հատկացնել 33,68 մլն դրամ: Այդ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա տրամադրվելու է ուղիղ «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» ՀԿ-ին (16,2 մլն դրամ) եւ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնին» (17,4 մլն դրամ):

Նպատակը՝ ապահովել, որ հիշյալ կազմակերպություններն Արցախում սեպտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ իրականացնեն դիտորդական առաքելություն: Նշենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի  ծրագրերի համակարգողը Դանիել Իոաննիսյանն է, որը վերջերս սկսել է ակտիվորեն պաշտպանել Նիկոլ Փաշինյանի տեսակետն Ամուլսարի հարցում։ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնում» էլ ժամանակին աշխատում էին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը, ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը եւ ուրիշներ։ Ու նրանց հետ առնչվող ՀԿ-ներն այսօր կառավարությունից ֆինանսավորում են ստանում։ Նման բան, որքանով հիշում ենք, նախկինում երբեւէ չի եղել։ Թեեւ բոլոր ընտրությունների ժամանակ էլ տարբեր կազմակերպություններ մոնիտորինգ եւ դիտորդական առաքելություն են իրականացրել։ Նրանք, որպես կանոն, ֆինանսավորվել են միջազգային կառույցներից՝ դրամաշնորհների ձեւով։

Եվ կառավարության այս որոշումները երեկ քննադատությունների ալիք էին բարձրացրել համացանցում, որ կառավարությունը ֆինանսավորում է Դանիելի ՀԿ-ին՝ իր մատուցած «ծառայությունների» դիմաց։ Մինչդեռ Իոաննիսյանը կառավարության այս որոշումը համարում է ժողովրդավարության տարածման դրսեւորում Հայաստանում։

«Սա աննախադեպ որոշում է: Հայաստանի կառավարությունը ժողովրդավարության համար նախկինում միշտ փող խնդրողի դերում էր, իսկ այժմ՝ հատկացնողի»,- ֆեյսբուքյան էջում գրել է Իոաննիսյանը։ Հետո, երբ տեսել է, որ իրեն քննադատում են՝ այս որոշումը կապելով Ամուլսարի վերաբերյալ իր վարչապետահաճո դիրքորոշման հետ, արձագանքել է․ «Եթե որեւէ մեկը կարծում է, որ Ամուլսարով իմ դիրքորոշումը պայմանավորված է Արցախի ընտրությունների համար կառավարության հատկացրած գումարով, ապա այդ մեկն ինձ ընդհանրապես չի ճանաչում։

Այդ գումարից աշխատավարձ ստացող ու դիտորդություն անողների 90 տոկոսն ակտիվորեն դեմ են արտահայտվում Ամուլսարի շահագործմանը։
Եթե ես իմ կարծիքը ծախելու լինեի, հաստատ վաղուց ու ավելի հարուստ ուժերի էի ծախել»։ Ապա ողջույն է հղել «այս թեման շահարկող ՀՀԿ ֆեյքերին»։

Իոաննիսյանին թվում է, թե միայն «ՀՀԿ-ի ֆեյքերն» են ունակ վերլուծելու, փաստերն ու դեպքերը համադրելու եւ եզրակացություններ անելու, մեկ էլ, երեւի՝ ինքը։ Այստեղ մի հարց է մնում տալ՝ «բա Սերժի վախտ ինչո՞ւ Դանիելի ՀԿ-ին փող չէիք տալիս»։ Ի դեպ, երկու կազմակերպությունն էլ համարվում են սորոսական ՀԿ-ներ։ Մեզ երեկ չհաջողվեց պարզել Արցախի իշխանությունների եւ ԿԸՀ-ի կարծիքն այս կազմակերպությունների սպասվելիք դիտորդական առաքելության վերաբերյալ։

Արդյոք Արցախում ուզո՞ւմ են, որ սորոսականները հետեւեն իրենց ընտրությունների ընթացքին։ Ի վերջո, գոնե ֆորմալ Արցախն անկախ պետություն է։ Կփորձենք վաղը պարզել արցախյան կողմի տեսակետը։ Գուցե իրե՞նք են դիմել ՀՀ կառավարությանը՝ խնդրելով Դանիելին եւ Վարուժանին գործուղել Ստեփանակերտ։