Ծանոթ ձեռագիր է

Ծանոթ ձեռագիր է

Վերջերս անընդհատ հայտարարում են, որ Երևանի պետական այս կամ այն շենքերում և տարածքներում ռումբ է տեղադրված: Հավաքվում են անվտանգությունն ապահովող կազմակերպության համապատասխան մասնագետները, տարհանում են մարդկանց, ստուգում, փնտրում են այդ ռումբը, ապա հայտարարում, որ կեղծ ահազանգ է եղել: Նման կեղծ ահազանգեր պարբերաբար լինում են Հայաստանում, ու ինձ միշտ անհասկանալի և անհավանական է թվացել նախ՝ թե ինչո՞ւ պիտի հայ մարդը նման սարսափի մթնոլորտ ստեղծի իր հայրենի քաղաքում, որտեղ ապրում են ինքն ու իր հարազատները: Այլ բան է, երբ դա լինում է Եվրոպայում, ԱՄՆ-ում կամ Արևելքի երկրներում, որտեղ ապրում են ամենատարբեր ազգի ու կրոնի մարդիկ, որոնք ունեն քաղաքական կամ կրոնական «հաշիվներ» այդ պետության հետ: Հայաստանում դա բացառվում է, որքան էլ իշխանություններն ու ընդդիմությունն «անհաշտ են» և իշխանություն- ընդդիմություն են խաղում, թեև նրանք իրենց գործերով ապացուցեցին, որ նրանք ՄԻ ԵՆ, քանի որ երկու կողմն էլ մեղավոր են մեր Հայրենիքի ու պետության այս ծանր վիճակի համար....

Դառնամ «Սուրմալու» առևտրային կենտրոնին, որի սեփականատերը թաքուն դժոխք էր ստեղծել մայրաքաղաքում....Պարզվում է, այդտեղ էր կենտրոնացված տոնական հրավառությունների այդ սարքերի ողջ պաշարը....Եվ դա պատերազմող երկրում:

Սակայն փաստն այն է, որ ժամանակ առ ժամանակ Երևանում նույնպես լինում են ահաբեկչական այդօրինակ գործողություններ: Մեր այս տեխնիկայի և տեխնոլոգիայի զարգացած դարում, երբ ամենաանհավանական ձևերով բացահայտվում է կիբեռհանցագործը, արդոք հնարավոր չէ՞ բացահայտել կեղծ ահազանգողին….

Ասեմ, որ ցնցված եմ և վիրավորված, որ Եռաբլուրում առ այսօր տեղադրված չեն տեսախցիկներ. Եռաբլուրը պետական, եթե կուզեք՝ բարոյական և գաղափարական, նաև ազգային անվտանգության տարածք է, որը չի կարելի թողնել առանց հսկողության...Նույն կարգավիճակում է նաև Ծիծեռնակաբերդը, ուր ով ասես կարող է գնալ և պղծել հուշարձանը, ինչպես վերջերս մի թրքախոս ծաղրեց մեր սրբացված նահատակներին:

Ես ուզում եմ մի հանգամանքի վրա բևեռել մեր հասարակայնության ուշադրությունը, որը, ցավոք, 1988 թվականի դեպքերից հետո, երբ Հայաստանից և Երևանից հեռացան ադրբեջանցի կոչվող թուրքերը, մոռացության կամ անուշադրության մատնվեց: Այն ժամանակ Հայաստանում մնացին տասնյակ, գուցե և հարյուրավոր թուրքեր, որոնք կա՛մ Բաքվից ներգաղթած և հայ կին ունեցող տղամարդիկ էին, կա՛մ Հայաստանում ապրող:

Մի շրջան՝ իննսունականներին նույնիսկ մամուլում գրվեց, որ նրանք հրաժարվում են իրենց ազգությունից, որ իբր ամաչում են իրենց ազգակիցների դաժանություններից, փոխում են իրենց ազգանունը և հանուն իրենց երեխաների՝ մնում են Հայաստանում...Դե, մեր ժողովուրդն էլ՝ խղճով ու անհիշաչար, հավատաց ու հիացած ծափահարեց նրանց մարդասիրությանն ու ազնվությանը, հետո խղճաց նրանց ու …..մոռացավ նրանց գոյությունը...

Եթե չեմ սխալվում, 2014 թվին էր, Մոնումենտի ճանապարհին տեղադրվել էին ժպտացող հայ զինվորների մեծադիր լուսանկարները, որոնք գիշերը դանակահարվել և պատառոտվել էին անհայտ մարդկանց ձեռքով: Առավոտյան լուրերով և համացանցով գուժեցին այդ սրբապղծությունը...Ո՞վ, ո՞ր հայը դա կարող էր անել. չէ՞ որ այդ զինվորները նախ, մեր՝ հայերիս ու մեր հայրենիքի անվտանգությունն են պաշտպանում, նրանց մեջ կարող էին լինել նաև մեզնից որևէ մեկի եղբայրը, որդին, հարազատը: Մամուլը խայտառակ ամոթանք ու ստորացնող բնութագրումներ արեց մեր ժողովրդի հասցեին….Ես այդ ժամանակ հիշեցի 90-ականների սկիզբը, երբ հոսանք չկար, և տրամվայ-տրոլեյբուսները ժամերով կանգնած էին մնում փողոցներում, միակ փոխադրամիջոցները ավտոբուսներն էին և երթուղային տաքսիները:

Մի գիշեր հանցագործ մարդիկ մտել էին երթուղայինների կայանատեղին և բոլոր մեքենաների ապակիներն ու դռները ջարդել էին...Սոսկալի տեսարան էր: Այս անգամ ևս լրագրողներն ու պաշտոնյաները մեղադրեցին մեր ժողովրդին՝ անվանելով մեզ բարբարոս...

Բնական հարց. ինչո՞ւ պիտի հայ մարդիկ, որ նույնպես օգտվում էին այդ փոխադրամիջոցից, ոչնչացնեին դրանք: Նույն այն դաժան 90-ականների ցուրտ ու մութ տարիներին, ձմռան մի առավոտ՝ ավտոբուսով աշխատանքի գնալիս, Կիևյան փողոցով բարձրանալիս մի ահասարսուռ տեսարանի ականատես եղանք. Կոմիտաս փողոցում բացել էին կոյուղու և ջրմուղի լյուկերը, ջուրն ամբողջ գիշեր փողոցով հոսել էր վար՝ Կասյան փողոցով հասել Բաղրամյանի հատման տեղը, հոսել էր Կիևյանով ցած՝ առաջացնելով սառցե անանցանելի բլուրներ. խաչմերուկ-հրապարակը նույnպես դարձել էր անանցանելի մի սառցադաշտ, և ավտոբուսները Կոմիտա-Կասյան-Կիևյան փողոցներով չէին կարող իջնել ցած: Դարձյալ մեր ժողովրդի հասցեին ստորացուցիչ խոսքեր հնչեցին՝ ինքներս մեզ մեր աչքում նսեմացնում էինք, մեղադրում...

Ահա այս և այլ դեպքերը հիշելով ՝ ես մի հոդված գրեցի՝ «Ծանոթ ձեռագիր» վերնագրով, ձեռագիր, որը հատուկ է մեր դարավոր թշնամուն: Սակայն ոչ մի թերթ չտպագրեց՝ պատճառաբանելով, թե մեր հասարակայնության մեջ վհուկներ չփնտրենք...

Հերոս տղաների գերեզմանների պղծումը Եռաբլուրում, Զովունիում, ինձ դարձյալ հիշեցրեց այն տարիներին կատարված դաժանություններն ու պղծումները:

Այս օրերին դարձյալ ականատես եղանք դաժան մի ողբերգության, որի պատճառով ավելացան մեր զոհերը: Ասում են, այդ առևտրի կենտրոնում մեծածախ վաճառում էին հրավառության միջոցներ. պատկերացնո՞ւմ եք դրանց պահեստավորումը ինչպես է եղել: «Մերժիր Սերժին»-ից առաջ ասում էին, որ հրավառության բիզնեսը Հայաստանում սաշիկին էր պատկանում: Համոզվա՞ծ ենք, որ նոր իշխանությունը ոչ միայն զրկել է նրան մենաշնորհից, այլև փակել է այդ հույժ վտանգավոր առարկաների վաճառքը…Չեմ կարծում: 

«Սուրմալու» առևտրի կենտրոնի հրդեհը ուղեկցվում էր նաև պայթյուններով, անգամ կրակը մարելուց հետո լսվում էին փոքրիկ պայթյուններ, որոնք պատճառ էին դառնում հրդեհի նոր օջախների պահպանման….Հրշեջ գործողությունների կազմակերպիչը հայտարարեց, որ իրենք տեխնիկայի խնդիր չունեն, և ամեն ինչ կատարվում է կանոնակարգով: Զարմանալի է, մի՞թե Հայաստանում մենք չունենք օդային հրշեջ տեխնիկա, ուղղաթիռ, որը վերևից կհանգցներ կրակը: Այդ դեպքում հրդեհն այդքան շատ չէր բռնկվի և այսքան զոհեր չէինք ունենա ախր…
Խորապես ցավակցում եմ մեր հայրենակիցներին և նրանց ընտանիքներին այս դժբախտ պատահարի և մարդկային զոհերի համար, Աստված պահապան լինի մեր ժողովրդին….
Եվ դարձյալ բնական հարց է առաջանում. պատերազմող և պարտադրված դաժան պատերազմի ու պարտության դատապարտված երկրում տեղի՞ն ու պատշա՞ճ է տոնական այդ հրավառությունների վաճառքը և գործածությունը…

Մարի Բարսեղյան-Խանջյան
Գրող,հրապարակախոս