Բա տավարի քաբաբով ու կոլայով ո՞ւմ եք հաճելի պահ պարգևել 

Բա տավարի քաբաբով ու կոլայով ո՞ւմ եք հաճելի պահ պարգևել 

Երեկ մենք հրապարակում էինք արել Էջմիածնի քաղաքապետարանի գնումների վերաբերյալ, որտեղ ինչ ասես, որ չէինք գտել։ 

Այդ հրապարակումը շատ է զայրացրել Դիանա Գասպարյանին, չնայած նա ընդամենը մի դրվագ է հերքել, որն ըստ էության ընդամենը շփոթության արդյունք է․ քաղաքապետարանը գնել է ոչ թե 150 փունջ ձնծաղիկ 3 հազար դրամով, այլ 3 հազար փունջ ձնծաղիկ 150 դրամով։ Արդյունքում, իհարկե, ստացվում է նույն 450 հազար դրամ գումարը, այսինքն՝ քաղաքապետին հավելյալ ծախս վերագրված չէ մեր հոդվածում, բայց սա բավական է եղել, որ քաղաքապետը հոխորտա մեր հասցեին, հայտարարի, որ «պատվեր ենք կատարում», իսկ ձնծաղիկների պահն էլ պատճառաբանի, որ դրանով 3 հազար կնոջ հաճելի պահ է պարգևել և դրա համար 450 հազար դրամը շատ չէ։ 

Փաստորեն Դիանա Գասպարյանը թքած ունի, որ Հայաստանում աճող 3 տեսակի ձնծաղիկներից 2-ը ոչնչացման եզրին են, դրանց վաճառքը նույնիսկ արգելվել է, ավելին՝ քրեական պատասխանատվություն է նախատեսված դրա համար։ Գասպարյանը չի ըմբռնում, որ, գնելով 3 հազար փունջ ձնծաղիկ, խրախուսում է դրանց վաճառքը։ Բայց սա էլ մի կողմ․ քաղաքապետը չի հասկանում, որ Հայաստանի պետական լեզուն հայերենն է, և պաշտոնական փաստաթղթերում չի կարելի օգտագործել անհասկանալի տերմիններ, օրինակ՝ «զաշիտնիկ», «Ռաշիրիտելի կրիշկա», «սավոկ» և այլն։ Եթե նույնիսկ այս բառերի հայերեն համարժեքները քաղաքապետարանում չեն գտել, դա չի նշանակում, որ պաշտոնական փաստաթղթում, որը նաև հանրությանն է հասանելի, քաղաքապետն իրավունք ունի աղավաղված ռուսերեն բառեր օգտագործել ու դրա տակն էլ ստորագրել։ 

Քաղաքապետարանը «վուլկանիզացիա» չէ, ՏԻՄ մարմին է, այնտեղ «Ռաշիրիտելի կրիշկաներ» պետք չեն։ Դիանա Գասպարյանը չի հերքել նաև տավարի քաբաբ ու շաուրմա, «Կոլա» ու «Ֆանտա» գնելու հանգամանքը։ Անգամ չի էլ նշել, թե տավարի քաբաբով ու շաուրմայով ո՞ւմ է երջանիկ պահեր պարգևել, և արդյոք տավարի քաբաբն ու ֆրին էլ պետք է համայնքայի՞ն միջոցներից գնվեին։ 

Քաղաքապետն այս հարցերը պարզաբանելու փոխարեն լալահառաչ տեքստ է գրել, որը որոշ դրվագներով նաև կոռեկտ չէ, իսկ նրա տեղակալ Արսեն Պետրոսյանի պարագայում կոռեկտության մասին խոսելն ընդհանրապես ավելորդ է։ Քաղաքապետին խորհուրդ ենք տալիս չկորցնել իրականության զգացումը և իրեն չգերագնահատել։ Դրա փոխարեն հանրությանը բացատրել, թե ում եւ ինչի համար է ծախսվել 20 մլն դրամը, և հիմնավորել այդ ծախսի անհրաժեշտությունը։