Ռուս օրենսդիրներն այլևս չեն հրապարակի եկամուտների հայտարարագրերը

2023 թվականի մարտի 1-ից ռուս պատգամավորների և սենատորների եկամուտների և ունեցվածքի հայտարարագրերն այլևս չեն հրապարակվի։
Այս մասին «Վեդոմոստի»-ին հայտնել է Պետդումայի պետականաշինության և օրենսդրության հանձնաժողովի նախագահ Պավել Կրաշենիննիկովը։
Նրա խոսքով, հանրությանը հասանելի կլինի միայն ներկայացված հայտարարագրերի քանակի և դրանցում խախտումներ հայտնաբերելու մասին տեղեկությունները։
Ռուսաստանցի պատգամավորների և նրանց ընտանիքների անդամների եկամուտների և անշարժ գույքի մասին տեղեկատվություն այլևս չի հրապարակվի։
«Սա կլինի ընդհանուր վիճակագրական տեղեկատվություն»,- հավելել է Կրաշենիննիկովը։
«Ռուսաստանի Դաշնության սենատորի և Պետդումայի պատգամավորի կարգավիճակի մասին» գործող օրենքի համաձայն՝ պատգամավորների և սենատորների տարեկան հայտարարագրերը, ինչպես նաև եկամուտների մասին «գիտակցաբար կեղծ կամ թերի տեղեկություններ» ներկայացնելու և ունեցվածքի վերաբերյալ տեղեկությունները համապատասխան պալատի կողմից սահմանված կարգով տեղադրվում են այդ մարմինների կայքերում։
Այժմ այս կայքերը կհրապարակեն միայն «ընդհանրացված տեղեկատվություն պատգամավորների կողմից եկամուտների և գույքի հայտարարագրման վերաբերյալ իրենց պարտականությունների կատարման (ոչ պատշաճ կատարման) մասին։
Ընդ որում, այս հրապարակումներում չպետք է լինեն «համապատասխան անձին նույնականացնելու հնարավորություն տվող անձնական տվյալներ» կամ «համապատասխան անձին պատկանող գույքի անհատականացման տվյալներ»։
Կարծիքներ