Եթե կեղծիքների դիմեն, դուրս ենք գալու փողոց
«Մայր Հայաստան» դաշինքի 10-րդ համարը զբաղեցնող Սոնա Աղեկյանը «Հրապարակին» հայտնեց, որ բոլոր ընտրատեղամասերում անխտիր լինելու են վստահված անձինք և հանձնաժողովի անդամներ, թույլ չտալով, որ ՔՊ-ն կեղծիքների դիմի: Աղեկյանի կարծիքով` Նիկոլ Փաշինյանի «կախարդական փայտիկը» կարող է գործել, կամ գուցե գիշերն արդեն գործել է, սակայն եթե ՔՊ-ն փորձի դիմել կեղծիքի, ընդդիմադիրները փողոց են դուրս գալու. «Բոլոր տեղամասերում ունենալու ենք ներկայացուցիչներ: Պարզվում է՝ ԿԸՀ-ն իր սեփական նախաձեռնությամբ է ցանկանում վերահաշվարկ իրականացնել, սակայն մենք բոլորս գիտենք, թե ով է ԿԸՀ նախագահը: Ես հասկանում եմ, թե ինչի է նա ցանկանում վերահաշվարկ անել: Տիգրան Ավինյանը ցանկանում է Երևանը վերջնականապես դարձնել Էրիվան և դա անելու համար մի քանի ձայնի կարիք ունի: Նիկոլ Փաշինյանի «կախարդական փայտիկը» ցանկանում են գործի դնել, կամ գուցե արդեն գործի են դրել, սակայն եթե կեղծիքների դիմեն, դուրս ենք գալու փողոց», - եզրափակեց Աղեկյանը:
Հիշեցնենք, որ Երևանի բոլոր 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում տեղի կունենա ընտրությունների արդյունքների վերահաշվարկ։
Վերահաշվարկի աշխատանքները կսկսվեն այսօր՝ ժամը 14։00-ին և կավարտվեն սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին։
Կարծիքներ