Ընդդիմությունը պիտի փորձի քաղաքային իշխանությունը իր ձեռքը վերցնել՝ Երևանի ավագանու հնարավոր ընտրությունների ժամանակ

Ընդդիմությունը պիտի փորձի քաղաքային իշխանությունը իր ձեռքը վերցնել՝ Երևանի ավագանու հնարավոր ընտրությունների ժամանակ

Մինչև ընտրությունների արդյունքները մեկնաբանելը, կարծում եմ, ընդդիմության ներկայացուցիչները պարտադիր պիտի ստուգեն, թե արդյոք զանգվածային հոսանքազրկման ժամանակ տեղի չեն ունեցել ձայների անհարկի կամ, ասենք, անօրինական վերաբաշխում, սա մեղմ ասած։ Անդրադառնալով հունիսի 20-ին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհդարանական ընտրություններին՝ «Հրապարակի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Բադալյանը։

«Իհարկե, դա, միանշանակ, պետք է ստուգվի, որովհետև, ըստ օդում կախված լուրերի, «Քաղաքացիական պայմանագրի» այդքան բարձր ցուցանիշը կապված է եղել ոչ այնքան իր ստացած ձայների, այլ հենց իմ նշած անհարկի միջամտությունների հետևանքի հետ։ Մուկուչյանը ասաց՝ հիմքեր են պետք ստուգելու համար, դա արդեն ընդդիմությունը պիտի ստուգի՝ հիմքեր կան, թե ոչ, որովհետև տեղեկություններ են ստացվում, որ շենքում, ենթադրենք, լույս եղել է, բայց դպրոցում՝ շենքի կողքին, լույս չի եղել։ Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ այդ ընթացքում՝ մութ ժամանակ, արկղերը չեն փոխվել։ Այնտեղ պետք է վերաքվեարկություն կազմակերպվի, եթե շարժվենք օրենքով, սակայն կշարժվեն, թե չէ, դա արդեն ուրիշ հարց է։ Իհարկե, սա ամենևին չի նշանակում, որ ՔՊ ստացած ամբողջ ձայները այդպիսին են, խոսքը որոշակի տոկոսի մասին է, բայց նաև արդեն խնդիրն այն է՝ ո՞րն է հանդիսանում այդ որոշակի տոկոսը։ Այդյոք այդ որոշակի տոկոսը 10 տոկոս է, 5 տոկոս է, թե 20 տոկոս է, որովհետև տարբեր տոկոսների դեպքում տարբեր զարգացումներ կարող էին տեղի ունենալ»,- ասաց Բադալյանը։

Բադալյանի պնդմամբ՝ հստակ չի կարելի ասել, թե ինչու այսպիսի արդյունքներ եղան, սակայն , ըստ քաղտեխնոլոգի, որոշ արդյունքների դեպքում կարելի է հստակ կարծիք արտահայտել։

«Օրինակ, հստակ կարող ենք ասել՝ ինչու ԲՀԿ-ն չանցավ, 5 տոկոս չհավաքեց։ Չի կարելի ասել դա անտրամաբանական էր, ավելին՝ տրամաբանական էր, որովհետև ԲՀԿ-ն այս քարոզաշավի ժամանակ չգիտես՝ ինչու խիստ պասիվ դիրք էր գրավել՝ հակառակ, ասենք, 2018 թվականի, երբ հեղափոխական օրերին խիստ ակտիվ էր։ ԲՀԿ-ն օրերով բացակայում էր տեղեկատվական դաշտից, նրանք կար ժամանակահատաված , որ ուղղակի լրատվադաշտում չկային, հետո մի երկու օր հանդիպումներ էին կազմակերպում գյուղերում ու նորից կորում էին։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ ուղղակի չի կարելի այդպես անել։ Ես չեմ կարող ասել՝ չուզեց չանցավ և այլն։ Կրկին կան օդում կախված որոշակի լուրեր, որոնց համաձայն, չնայած պասիվությանը, ԲՀԿ-ն անցել է, բայց որոշակի նույն անհարկի միջամտությունների հետևանքով չի անցել, այո, այդպիսի լուրեր կան։Բացի այս կուսակցությունը ընտրապայքարի ժամանակ իր կազմից դուրս թողեց բավականին ակտիվ երկու քաղաքական գործիչների՝ Գևորգ Պետրոսյանին ու Նաիրա Զոհրաբյանին, նրանք իրոք շատ տոկոսներ էին բերում։ Մի խոսքով, հնարավոր համարում եմ, որ լույսերի անջատման հետ կապված այդ անհարկի միջամտությունները ազդած լինեն նաև ԲՀԿ-ի գրանցած արդյունքների վրա։ Ամեն դեպքում՝ իրենք պասիվ էին»,- ասաց Արմեն Բադալյանը։

Բադալյանի կարծիքով՝ «Պատիվ ունեմ» դաշինքի սպասվածից քիչ հավաքած ձայների հետ կապված երկու պատճառ կա, մեկը՝ նույն հնարավոր անհարկի միջամտությունները, մյուսը՝ դաշինքի տարած, իրականացրած սխալ քարոզարշավը։

««Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդը՝ ըստ ցուցակի, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն էր ու ողջ քարոզարշավի ընթացքում պիտի լիարժեք հենց նրա կերպարը ցույց տրվեր, բայց այո, լավ էլ հասկանում եք, ուրիշ գործչի կերպարն էր ընդծվում՝ երրորդ նախգահ Սերժ Սարգսյանի։ Միշտ կադրում Սերժ Սարգսյանն էր, ինչի արդյունքում Վանեցյանը, կարծես, ինքնըստինքյան դուրս մղվեց , որովհետև, օրինակ, այն դեպքը, երբ Սերժ Սարգսյանը անհետ կորած թվերի հետ կապված փաստաթուղթ էր ցույց տալիս, այ այդ նույն թուղթը կարող էր հրապարակել Վանեցյանը, ոչ թե Սարգսյանը։ Սերժ Սարգսյանը օրինակ նաև ասում էր, որ կապիտուլյանտը , ենթադրենք, չի ստանալու ձայների ցանկալի քանակ, այդ միտքը ևս Վանեցյանը պիտի արտահայտեր, ոչ թե հակառակը։ Իրենց ընտրազանգվածի համար կարևոր լուրերը փաստորեն հայտնում էր ոչ թե դաշինքի առաջին համարը, այլ առհասարակ ցուցակում չգտնվող քաղաքական գործիչը։ Դա միանաշանակ կարող եմ ասել, որ սխալ քայլ էր»,- պնդեց Բադալյանը։

Բադալյանը նկատեց՝ «Հայաստան» դաշինքը քարոզարաշվի ժամանակահատվածում ևս սխալներ է թույլ տվել։

«Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կերպարը իր թիմակիցները այդպես էլ չկարողացան լիարժեք ներկայացնել։ Նա փաստացի իր կառավարման տարիներին շինարարական մեծ աշխատանքներ է իրականացրել, ճանապարհներ են կառուցվել, օդանավակայան, վերանորոգվել են մի շարք մշակութային օջախներ, սակայն սրա մասին առհասարակ չխոսվեց։ Չէր բարձրաձայնվում,որ նա Ռուսաստանի կողմնակիցն է, ունի ջերմ ու շատ լավ հարաբերություններ ռուսների հետ։ Այո, որոշակի տեքստեր գրվում էին, բայց տեքստերը շատ շուտ են մոռացվում, տեսողականի վրա էր պետք աշխատել։Նրան չէին ներկայացնում որպես Արցախի մի ղեկավար, որի ժամանակ լուրջ հաջողություններ են գրանցվել։ Այո, Քոչարյանի կենսագրականում իմ ասածները կան գրած, բայց դա չի նշանակում՝ բոլորը պարտավոր էին բացել կարդալ դրանք։ Պետք է այս ամենը ծամել ու դնել ընտրողի բերանը, բայց իրենք չկարողացան դա անել։ Մի խոսքով, այս դաշինքի հետ կապված նույնպես թիմի կողմից ռազմավարական թերություններ միանշանակ եղել են»,- ասաց նա։

Խոսելով հնարավոր զարգացումների մասին, մասնավորապես ընդդիմության քայլերի մասին, Բադալյանը ասաց․ «Մանդատներից հրաժարվելու- չհրաժարվելու մասով հստակ ոչ մեկ չի կարող բան ասել, ես անձամբ տարբեր իրավաբանների հետ եմ խոսել, մի մասը մեկնաբանում է այլ կերպ, մյուսը՝ այլ։ Հիմնական միտքն այն է, որ եթե անգամ բոլորը՝ ցուցակի մեջ ընգրկված ամբողջական կազմը, գնան դիմում գրեն ու հրաժարվեն մանդատներից, դա ոչինչ չի առաջ բերի, որովհետև կստացվի մի իրավիճակ ,երբ ԱԺ-ն համ լեգիտիմ է, համ չէ։ Այո, ճգնաժամ և ստեղծվում է, բայց միևնույն ժամանակ չի ստեղծվում ճգնաժամ։ Այո, ճգնաժամ է, որովհետև մանդատները բոլորը պայմանականորեն զբաղված չեն, բայց ճգնաժամ չի, որովհետև խորհրդարանում արդեն կա մեծամասնություն, որը կարող է իր գործունեությամբ ազդել պրոցեսների վրա։ Այսպես թե այնպես սա գործող իշխանությանը ձեռք է տալիս, որովհետև իրենք արդեն 71 մանդատ ունեն ու կոպիտ ասած բոլոր օրենքները շվացնելով անցկացնելու են։ Այս պահին կարծում եմ՝ փողոց դուրս գալն ու պայքարելը անիմաստ է, որովհետև դրանից առաջ նախ նպատակ պիտի դրվի՝ ինչի համար ես պայքարում։ Փողոց դուրս են գալիս այն ժամանակ, երբ խնդիրը չես կարողանում ուրիշ ճանապարհով լուծել, դիմում ես փողոցային պայքարին»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ եթե ամեն ինչ նույնը մնա, ապա գոնե սեպտեմբերին ընդդիմությունը պիտի փորձի քաղաքային իշխանությունը իր ձեռքը վերցնի։

«Շատ է խոսվում , որ քաղաքապետը հրաժարական է ներկայացնելու։ Դա նշանակում է, որ կարող են սեպտեմբերին Երևանում տեղի ունենալ ավագանու ընտրություններ ,այ հենց սրան պետք է լուրջ պատրաստվել ու անկախ այն հանգամանքից՝ կլինեն ավագանու ընտրություններ, թե ոչ։ Հավանականությունը մեծ է, որ կլինի, իսկ ընդդիմության համար մեծ հաջողություն կլինի, եթե նրանք կարողանան Երևանի ռեսուրսը վերցնել»,- հավելեց Բադալյանը։