«Երեկ եւ այսօր. Ժակ դը Մորգանի հետքերով» ցուցադրություն

«Երեկ եւ այսօր. Ժակ դը Մորգանի հետքերով» ցուցադրություն

«Երեկ եւ այսоր. Ժակ դը Մորգանի հետքերով» խորագրով միջազգային ցուցադրության շրջանակում առաջին անգամ Հայաստան են տեղափոխվել եւ Հայաստանի պատմության թանգարանում կցուցադրվի ֆրանսիացի անվանի հնագետ Ժակ դը Մորգանի (1857-1924 թթ․) կողմից Ախթալայում 19-րդ դարի 80-ական թվականներին պեղված բրոնզի եւ երկաթի դարերի 5 ցուցանմուշ, որոնք պահվում են Ֆրանսիայի Ազգային հնագիտության թանգարանում։  

Երեք ամսով փոխառված նմուշները կհամադրվեն Հայաստանի պատմության թանգարանում ու ՀՀ այլ թանգարաններում պահվող եւ հայ-ֆրանսիական համատեղ արշավախմբերի կողմից տարբեր հնավայրերում հայտնաբերված ավելի քան վեց տասնյակ ուշագրավ հնագիտական արտեֆակտերի հետ, որոնց մի մասն առաջին անգամ է ընդհանրապես ցուցադրվում։

Համաշխարհային ճանաչում ստացած հնագետ Ժակ դը Մորգանը կանգնած է տարածաշրջանի հնագիտական հետազոտությունների ակունքներում, աշխատել է որպես Ալավերդու պղնձահանքի լեռնային ինժեներ։ 1880-ական թթ․ Ժակ դը Մորգանը հնագիտական հետազոտություններ է իրականացրել Ախթալայում, Դեբեդ գետի ավազանի մի շարք դամբարանադաշտերում, Ալավերդիում եւ Լալվարի ստորոտներին տեղորոշվող հուշարձաններում։

Ընդհանուր առմամբ, տարածաշրջանում Ժակ դը Մորգանը պեղել է ավելի քան 1000 դամբարան, որոնք ժամանակագրորեն ընդգրկում են Ք․ա․ 15-րդ դարից մինչեւ Ք․ա․ 2-1-ին դարերը։ 1990-ական թթ․ սկսած՝ հայ-ֆրանսիական հնագիտական արշավախմբերի իրականացրած պեղումների, հայ-ֆրանսիական մասնագիտական համագործակցության արդյունքում ցուցահանդեսում հնարավոր կլինի տեսնել հնագիտական ցուցանմուշների մի ուշագրավ ընտրանի, որը յուրատեսակ տուրք է Ժակ դը Մորգանի հնագիտական եւ հայագիտական գործունեությանը եւ դրա շարունակման նոր շրջափուլ։

Ցուցահանդեսը կգործի դեկտեմբերի 12-ից մինչեւ 2025 թ․ մարտի 11-ը։