Մեր դեմ «պատերազմն» ընթանում է 2 ճակատով՝ ԱՄՆ և Հայաստան․ ադրբեջանցի պատգամավոր

Այս մասին Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում ասել է Միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Սամադ Սեիդովը, գրում է ԱՊԱ-ն։
Նրա խոսքով, Ադրբեջանի դեմ պատերազմն ընթանում է երկու ճակատով.
«Ճակատներից մեկն ուղղակի ագրեսիա իրականացնող հանցագործներն են։ Մենք հաղթեցինք նրանց։ Երկրորդ ճակատում ոտնձգություն են անում մեր ապագայի նկատմամբ։ Սա ներառում է 907-րդ ենթաբաժնի ընդունումը 1992 թվականին։
Ցավոք, Արեւմուտքը չցանկացավ տեսնել Ադրբեջանի իրողությունները։ Ադրբեջանը, որի տարածքի մի մասը օկուպացված էր, ենթարկվում էր ճնշումների, սակայն օկուպանտ Հայաստանի վրա ոչ մի ճնշում չէր գործադրվում։ ԱՄՆ-ի համար կարմիր գիծը Ադրբեջանի կողմից իր տարածքի ամբողջական վերահսկողությունն էր։
ԱՄՆ Սենատն ընդունել է C-3000 ակտը, քանի որ Հայաստանի պաշտպանության մասին ակտն իրականում արտացոլում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը։ Հայաստանի պաշտպանությունը, պարզվում է, կապված է եղել Ադրբեջանի դեմ պատժամիջոցների ներդրման հետ։ Սա, ըստ էության, նշանակում է վերադարձ երկակի ստանդարտներին։ Սենատում ընդունված այս փաստաթուղթը պետք է ընդունվի նաեւ Ներկայացուցիչների պալատում, իսկ վերջին փուլում այն պետք է հաստատի նախագահ Բայդենը։
Եթե Բայդենը ստորագրի այս փաստաթուղթը, ապա ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններին լուրջ հարված կհասցվի։ Այս անգամ հարվածը կհասնի հենց ԱՄՆ-ին։ Այս անգամ ԱՄՆ-ին չի հաջողվի դերակատարում ունենալ Ադրբեջանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։ Փաստորեն, այս փաստաթղթի ընդունումից հետո ԱՄՆ-ն իրեն կմեկուսացնի տարածաշրջանից»։
Կարծիքներ