Ի՞նչ է փոխվել բերդերի դիտորդների աշխատանքում 

Ի՞նչ է փոխվել բերդերի դիտորդների աշխատանքում 

Արդարադատության նախարարությունը վերանայել է քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի ձեւավորման ու աշխատանքի կարգը, քանի որ «խումբը բարձրացրել է գործող կարգի թերությունների» հարցը, որոնք խոչընդոտում են արդյունավետ աշխատանքին: 

Դեռեւս նախարար Դավիթ Հարությունյանի օրոք սահմանված բավականին լիբերալ կարգով, դիտորդների խումբը կարող էր բաղկացած լինել «ոչ պակաս, քան 7, եւ ոչ ավելի, քան 21 հոգուց»: Յուրաքանչյուր հասարակական կազմակերպություն կարող էր խմբում ունենալ մեկական ներկայացուցիչ: Նշվում է, որ դիտորդը պետք է բարձր բարոյականության կրող լինի, «կարող է լինել հայերենին տիրապետող, տասնութ տարին լրացած ՀՀ քաղաքացի՝ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից»։ Որ խումբը ձեւավորելիս նախապատվությունը տրվում է իրավաբանի, մանկավարժի, բժշկի, հոգեբանի մասնագիտություն եւ աշխատանքային փորձ ունեցող անձանց:

Այժմ կարգը փոխվել է: Թեեւ ներկայացվում է, որ խմբի անդամ դառնալու հավակնություն ունեցող անձանց շրջանակն ընդլայնվել է, իրականում կանոնները, հակառակը՝ խստացվել են: Բարձր բարոյականության մասին կետը հանվել է, տարիքային ցենզը բարձրացվել-հասցվել է 23-ի, ներդրվել է փորձնակի ինստիտուտ, այսինքն՝ մինչեւ դիտորդների խմբում ընդգրկվելը անձը պետք է 6 ամսից մինչեւ 1 տարի փորձաշրջան անցնի, որի ընթացքում կգնահատվեն նրա կարողությունները, նոր դրանից հետո նա հնարավորություն կստանա դառնալ խմբի անդամ: Մյուս փոփոխությունն ԱՆ-ի կողմից խնդրի մեկնաբանման ժամկետների կրճատումն է, ինչը «թույլ կտա չկորցնել բարձրացվող խնդիրների ակտուալությունն ու հետամուտ լինել կարճ ժամկետում դրանց լուծմանը»:
Թեեւ որպես փոփոխությունների վերջնանպատակ նշվում է «ՔԿՀ-ներում թափանցիկ եւ հաշվետու գործելաոճի երաշխավորումը», չի վերացվել կալանավայրերում թերություններ ու մարդու իրավունքների խախտումներ նկատելու դեպքում այդ մասին անմիջապես բարձրաձայնելու արգելքը:  

Մինչդեռ հենց այդ արգելքն է հասարակական արդյունավետ վերահսկողության ամենամեծ խոչընդոտը: 2005 թվականի նոյեմբերին՝ դեռ նախկինների օրոք, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը դիտորդների խմբի վրա հատուկ պարտավորություն էր դրել՝ իրենց տեսածի ու լսածի մասին անմիջապես չբարձրաձայնել, իրենց նկատած թերություններն առժամանակ գաղտնի պահել: Նրանք ստորագրում էին այդ կետի տակ, ինչը դատապարտյալների իրավունքների խախտումները դարձնում էր ներքին սպառման ինֆորմացիա: 2016 թվականին քաղհալածյալ Վարդգես Գասպարին Նուբարաշենի բերդում հրաժարվել էր հասարակական դիտորդների խմբի հետ հանդիպումից՝ գրելով. «Ձեր այցելությունն ինձ համար շատ վիրավորական եւ վրդովեցուցիչ է: Դուք ընդամենը հաստիքային իներցիոն սովետական իրավապաշտպաններ եք, պրոֆկոմի աշխատակիցներ: 2008 թվից հետո ու այսօր իմ գտնված «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ոչ մի բան ոչնչով չեք բարելավել, այլ բազմակի անգամ այն վատացել է, պրոբլեմները՝ խորացել: Իհարկե, դուք միշտ կարող եք արդարանալ, որ եթե չանեիք այս ընթացքում ձեր արածը, վիճակը բազմակի անգամ վատ կլիներ: Սկզբունքորեն չեմ կարող հակաճառել… Իսկ ավելին գրել չեմ կարող. գնացեք վայելեք պոնչիկով ձեր եվրոսեմինարները»։ 

Սպասվում էր, որ նոր ժամանակներում խնդիրների չհրապարակման պարտավորությունը կվերացնեն, բայց նման բան չեղավ: Ինչո՞ւ: Քանի որ դիտորդական խմբի ղեկավար Զարուհի Հովհաննիսյանը չցանկացավ պատասխանել մեր հարցերին՝ նախկինում մեր կողմից հնչեցված քննադատության պատճառով, հարցն ուղղեցինք արդարադատության նախարարություն: Ներկայացված պատասխանում, ըստ էության, չեն հերքում մեր պնդումները, նշում են, որ դիտորդների խմբի աշխատանքի արդյունքներն ամփոփվում են զեկույցների, հաշվետվությունների, տեղեկանքների եւ հայտարարությունների ձեւով ու հանրայնացվում են: «Ներկայացվում են երեք տեսակ հաշվետվություններ՝ հրատապ, ընթացիկ եւ տարեկան, որոնց կապակցությամբ նախարարությունը տալիս է իր մեկնաբանությունները: Հարկ է փաստել, որ քրեակատարողական հիմնարկներ կատարված այցելությունների հիման վրա կազմված հաշվետվությունները կամ դրանց հատվածները չեն կարող հրապարակվել առանց նախարարության մեկնաբանությունների, բացառությամբ նախարարության կողմից սահմանված ժամկետում համապատասխան մեկնաբանությունները չներկայացնելու դեպքերի: Վերոնշյալ կառուցակարգի ամփոփ ուսումնասիրությունից կարելի է գալ այն եզրահանգման, որ չկա բացարձակ արգելք խմբի կողմից կազմված հաշվետվությունների՝ առանց նախարարության մեկնաբանությունների հրապարակման համար: Կարգով նախատեսված են ժամկետներ նախարարության կողմից քայլեր ձեռնարկելու, բարձրացված խնդիրներին արձագանքելու համար, որից հետո է միայն խումբը սահմանված ժամկետի պահպանման դեպքում հրապարակում հաշվետվությունը: 

Այսինքն, գործող ընթացակարգը ժամանակագրական առումով հնարավորություն է ստեղծում խմբի կողմից կազմված հաշվետվության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունը հավաքագրելու եւ արձանագրված խնդիրներին լուծում տալու նպատակով նախարարության ենթակա բոլոր իրավասու մարմիններին կոնֆիդենցիալ կարգով տեղեկացնել խմբի կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ: Կարգով նախատեսված ժամանակագրական հատվածում (ընթացիկ հաշվետվության դեպքում՝ 3 շաբաթ, հրատապ հաշվետության դեպքում՝ 3 օր) իրականացվող գործընթացն արդարացված է այն ասպեկտից, որ մինչեւ խմբի հաշվետվության հրապարակումը, նախարարությունը հնարավորություն է ունենում պատշաճ արձագանքել խմբի կողմից արձանագրված խնդիրներին եւ ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ իրավիճակը շտկելու համար՝ ապահովելով հակակշիռ արձանագրված խնդիրների վերաբերյալ»: 

Նախարարությունում չեն կարծում, որ նոր կարգով չի ընդլայնվել դիտորդ դառնալու հավակնորդների շրջանակը, եթե համեմատենք այն 2020 թվականին ընդունված իրավական ակտի հետ: Հակառակը, ըստ նախարարության, դիտորդների խմբի համար սահմանվել են ավելի բարձր չափանիշներ, որի հիմնական հենքը դրված է եղել խմբում առավել արհեստավարժ կադրեր ընդգրկելու եւ խմբի արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ նախադրյալներ ստեղծելու վրա: 

«2022 թվականի մայիսի 11-ին իրականացված  փոփոխություններով... հանվել է անդամի պարտադիր բարձրագույն կրթություն ունենալու պահանջը:  Եթե նախկին կարգով խմբի անդամը պարտադիր պետք է ունենար ՀՀ քաղաքացիություն, ապա նոր կարգով՝ խմբի անդամ կարող է դառնալ նաեւ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող անձը: Նախկին կարգով՝ խմբի անդամ կարող էր դառնալ հասարակական կազմակերպության այն ներկայացուցիչը, ով ուներ քրեակատարողական ոլորտի 2 կամ ավելի տարվա գործունեության փորձ՝ վերջին 5 տարիների ընթացքում, նոր կարգով՝ գործունեության տարիների ցենզի պահանջը դուրս է մղվել, եւ խմբի անդամ կարող է դառնալ հասարակական կազմակերպության ներկայացուցիչ հանդիսացող ցանկացած անձ»: