Երբ սովորում ես թափթփված տան մեջ ապրելուն, այլևս չես ցանկանում մաքուր, կոկիկ պայմաններում ապրել

Երբ սովորում ես թափթփված տան մեջ ապրելուն, այլևս չես ցանկանում մաքուր, կոկիկ պայմաններում ապրել

«Հրապարակի» զրուցակիցը ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանն է:

- 2020 թվականի Արցախյան պատերազմն էլ, այժմ ռուս-ուկրաինական պատերազմն էլ ցույց են տալիս, որ 21-րդ դարում մի քանի րոպեում կարելի է բայրաքթարներով քաղաքներ ու ժողովուրդներ վերացնել: Արցախյան երկրորդ պատերազմից ավելի քան 2 տարի է անցել, սակայն հայտնի չէ, թե մեր հակաօդային պաշտպանությունն ինչ մակարդակի վրա է: Չունենք համապատասխան սարքեր, որոնք այդ չարաբաստիկ բայրաքթարներից կպաշտպանեն Հայաստանն ու Արցախը: Մինչդեռ Ուկրաինայում, օրինակ, այդ բայրաքթարները ոչ մի դեր չխաղացին, որովհետեւ դրանց վնասազերծելու զենքերով ու համակարգերով ապահովված էին: Ձեր կարծիքով` ինչո՞ւ մերոնք այդ հակաբայրաքթարները ձեռք չեն բերում:

- Ամեն դեպքում պետք է ասեմ, որ բայրաքթարն այնքան էլ սուպեր զենք չէ: Վերջերս էլ Ուկրաինայում դա հստակ երևաց: Թե ինչու մեր իշխանությունները հակաբայրաքթարներ ձեռք չեն բերում, դա էլ խոսում է իրենց անպատասխանատվության մասին: Այո, շատ վատ է, որ մենք չունենք օդը պաշտպանելու համապատասխան միջոցներ: Օրվա իշխանություններն իրավիճակը թերագնահատում են:

- Բայց մենք ունենք բանակ, Զինված ուժեր, չկա՞ն համապատասխան մասնագետներ, որոնք կարող են իրավիճակը թերագնահատող ղեկավարներին իրականություն բերել, համոզել, որ դրանք անհրաժեշտ են, ուղղություն ցույց տալ:

- Գիտեք` խնդիրն առաջին հերթին քաղաքական մտածողության մեջ է: Արցախյան երկրորդ պատերազմից հետո, Հայաստանի գործող իշխանություններն իբրև թե խաղաղության օրակարգ են առաջին պլան բերել: Նրանք կարծում են, թե մեզ վրա այլևս ռազմական հարձակում լինել չի կարող, սակայն դա, մեղմ ասած, սխալ մոտեցում է, քանզի ես միշտ եմ ասել, որ աշխարհում առհասարակ պատերազմները չեն դադարում` հատկապես մեր տարածաշրջանում: Հիմա 1975 թվականը չէ, որ ԽՍՀՄ-ի թևի տակ հանգիստ ապրենք: Այժմ մեր տարածաշրջանը նման է մի բլթբլթացող կաթսայի, որի մեջտեղում մենք ենք նստած: Միանշանակ մենք ունենք տարբեր զենքերի և պաշտպանիչ միջոցների կարիք, սակայն այս ամենից բացի, մենք շատ ուրիշ գործողություններ էլ պետք է կյանքի կոչենք: Հակաբայրաքթարից բացի, մենք պետք է կապի այլ միջոցներ ձեռք բերենք, ինչպես նաև հրետանային այլ միջոցներ և այլն: Հասարակության բարոյահոգեբանական վիճակը ևս պետք է փոխվի: Ինչի՞ մասին է խոսքը, եթե պետական համակարգը կարգի գցելու կարիք ունի: Այնքան անելու բան կա, որ էստեղ բայրաքթարի խնդիր չի մնում: Մենք պետք է ուժեղ պետություն ունենանք, երկրի անվտանգությունն ուժեղացնենք:

- Իսկ ինչպե՞ս եք դա պատկերացնում: Ինչպե՞ս և ո՞ր դեպքում Հայաստանը կարող է ուժեղանալ:

- Պետք է ոլորտային, հայեցակարգային բարեփոխումներ անել: Սրանք զուտ գեղեցիկ բառեր չեն, որոնք ուղղակի պետք է ձևի համար արտաբերել, այլ պետք է այս ամենը կյանքի կոչվի: Ենթադրենք վերցնենք հարկային ոլորտը, պաշտպանության, կամ դատաիրավական ոլորտը և այս բոլոր ոլորտներում հայեցակարգեր առաջարկենք: Օրինակ` Պաշտպանության նախարարությունում պետք է այսինչ, կամ այնինչ կետին հասնենք, առաջարկվի ճանապարհային քարտեզ, պետք է խոսվի միջոցների մասին և հասկանանք, թե որ կետից ուր կարելի է հասնել: Կոպիտ օրինակ բերեմ. երիտասարդը որը նոր է կյանք մտնում, պետք է նախ 20 տարեկանում հասկանա, թե 10 տարի հետո` 30 տերեկանում ինչ է ունենալու, ինչով է զբաղվելու և այլն: Օրինակ, սկզբում սովորում է, հետո ամուսնանում, հետո անցնում աշխատանքի ու այսպես: Այսինքն` մենք պետք է ունենանք ոլորտային հայեցակարգ:

- Իսկ այս անորոշ ու տարտամ վիճակի հիմքում գուցե խելամիտ կադրերի պակա՞սն է նաև:

- Չէ, որքան էլ տարօրինակ թվա, կադրերն այս պահին այդքան էլ էական չեն: Դեռ 2018 թվականին, երբ ժողովրդի մեջ կար հսկայական ոգևորություն, կար նաև կադրային միասնություն: Այդ բոլոր խնդիրների հիմքում չգիտակցելն է, իրավիճակի լրջությունը չհասկանալը: Հայաստանում իրավիճակն այսպիսին է. դու ապրում ես մի թափթփված տան մեջ, որին սովորում ես, այլևս չես ցանկանում մաքուր և կոկիկ պայմաններում ապրել: Սա գալիս է գործադիրի անցած ճանապարհից: Նա երբեք պետական աշխատող չի եղել, չի ստեղծել առանձին համակարգ: Այն, որ 2018-ին քայքայվեց Սերժ Սարգսյանի կառավարությունը, սա պետք է սիգնալ լիներ, որ պետական համակարգում բոլոր ոլորտները քայքայված են: Գործող իշխանությունները չունեցան դրա գիտակցությունը: Նույն քաղհասարակությունը 2018-ին այս իշխանությունների կողքին կանգնած էր: Նույն Դանիել Իոաննիսյան, Արթուր Սաքունց, Ժաննա Ալեքսանյան և այլն: Այս մարդիկ բոլորն էլ հույսեր ունեին գործող իշխանությունների հետ, սակայն հիմա իրավիճակը փոխվել է: Այսօր մենք շատ վատ վիճակում ենք:

- Նշեցիք, որ գործող իշխանություններն իբրև թե խաղաղությանդարաշրջան են բացել, սակայն փաստն այն է, որ Ադրբեջանն ընդամենը մի քանի օր առաջ նորից ագրեսիա ցուցաբերեց: Կրկին զոհեր ու վիրավորներ ունեցանք: Այժմ ի՞նչ եք կարծում` պատերազմի վտանգ կա՞:

- Պատերազմն այս ընթացքում երբեք էլ չի ավարտվել: Դեռ 2004 թվականին, երբ ես զինվորական ծառայության մեջ էի, տավուշյան սրացումներ եղան: 94-ի պատերազմը մինչ օրս շարունակվում է: 2004-ի այդ սրացումների վերաբերյալ անգամ համացանցում չկա որևէ տեղեկություն: Վերջերս որոնեցի և ոչինչ չգտա: Այս պահին սողացող պատերազմ է Ադրբեջանը մեր դեմ իրականացնում: Ինչ վերաբերում է լայնածավալ պատերազմին, այժմ նման վտանգ ես չեմ տեսնում: