Չափանիշներ չենք սահմանել

Նայեք ձեր շուրջը։ Մեր շրջապատում որքա՜ն քիչ են ուրիշի հաջողությամբ ուրախացողները, եւ որքա՜ն շատ են ուրիշի հաջողությանը նախանձողներն ու նրանց ձախողումը երազողները։ Խոսքը, իհարկե, բախտի բերմամբ, թե պատահմամբ բարձր պաշտոնի հայտնված, պետական բյուջեն լափողների մասին չէ, ոչ էլ ապօրինի արտոնությունների հաշվին հարստացածների կամ անաշխատ եկամուտներով դղյակներ ստեղծածների մասին, որոնց նույնպես նախանձում է շրջապատը։ Խոսքն իրենց ուժերով եւ իրենց չարչարանքով ինչ-որ բանի հասած մարդկանց մասին է, որոնք խաբելով ու գողանալով չեն հասել այդ հաջողությանը, ուրիշի ուսերի վրա նստած չեն հասել, ուրիշներին շահագործելով ու կործանելով չեն հասել, այլ արդար ու ազնիվ քրտինքով, աշխատասիրությամբ՝ առանց հովանավորչության եւ կեղծիքի, առանց դավաճանության ու ստորաքարշության։
Ցավոք սրտի, մեր հասարակությունը նման մարդկանց չի գնահատում, չի առանձնացնում, չի մեծարում։ Մի հմուտ բժիշկը, սիրված դասախոսը, համեստ գիտնականն ու ինչ-որ պնակալեզ պաշտոնյա, որն իր կյանքում ոչինչ չի ստեղծել, այլ ամեն ինչի հասել է վերադասի առաջ մեջք ծռելու, ամեն էշին փալան աշխատելու եւ հարմար պահի բյուջեից ու արեւմտյան վարկերից մի քանի դրամ փախցնելու շնորհիվ, մեզանում հաճախ նույն հարթության մեջ են։ Մեր հասարակությունը դեռ չի կարողացել գնահատման այնպիսի չափանիշներ սահմանել, որ հոր շնորհիվ բիզնեսի տեր դարձածին եւ տքնաջան աշխատանքով բիզնես ստեղծածին իրարից տարբերի։ Որ ճիշտ պահին իշխանական կուսակցություն ներխուժածին զատի սեփական կուսակցություն ստեղծողից։ Որ իր սկզբունքներից չհրաժարված ընդդիմադիր գործչին տարբերի շեֆի sms-ները տարածողից եւ նրա իշմարով ընդդիմության վրա հարձակվողից։ Որ պետական գործչին զանազանի պետություն քանդողից։
Կարծիքներ