Պահանջում էին ապացուցել, որ վարչապետի մերձավորները որեւէ կապ ունեն մաքսանենգության հետ․Արթուր Դանիելյան 

Պահանջում էին ապացուցել, որ վարչապետի մերձավորները որեւէ կապ ունեն մաքսանենգության հետ․Արթուր Դանիելյան 

«Ադեկվադ» միաբանության անդամներից մոտավորապես 20 հոգի բերման է ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից։ Միաբանության նախագահ Արթուր Դանիելյանը հրավիրվել էր  ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ՀԱՄԱԴՊՎ ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարի բաժին, որպեսզի ապացուցեր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մերձավորները որեւէ կապ ունեն այդ մաքսանենգության հետ։

Լրագրողներին վարչության շենքից դուրս գալով այսպիսի մեկնաբանություն տվեց Դանիելյանը։

«Իշխանությունների կողմից կազմակերպված հերթական կրկեսային ներկայացումն էր։ Տվյալ դեպքում, այս աճպարարության հիմնական նպատակն էր հանրության վրա դնել վարչապետի ուղտ լինելու ապացուցելու բեռը։ Այսինքն՝ մենք ունենք փաստեր՝ կա կենդանի, որը շաբաթներ շարունակ կարող է քայլել անապատում, ունի կենդանուն բնորոշ բոլոր հատկությունները, բայց մեր իրավապահ մարմիններն այդ կենդանուն չեն տեսնում եւ պահանջում են՝ մարդիկ ապացուցեն, որ սենյակում կա ուղտ։ Խոսքը ծխախոտի եւ ադամանդի ապօրինի ներմուծման մասին էր։ Փաստացի մենք ունենք ինքնաթիռներ մի քանի երկրում, ունենք մաքսանենգ բեռ, ունենք բազմաթիվ հաղորդումներ դրա մասին, չգիտես՝ ինչու իրավապահ մարմինները ոչ թե հարցաքննում են կարգով տերմինալի աշխատակիցներին, օդաչուներին, մաքսավորներին, որոնք թույլ են տվել առանց ակցիզի այդ ծխախոտը դուրս գա Հայաստանից, այլ կանչել են հարցաքննության ֆեյսբուքյան այն օգտատերերին, որոնք ֆիքսել են, որ դա տեղի է ունեցել։ Ես կակնկալեի, որ երկրից կարանտինի շրջանում տասնյակ տոննաներով մաքսանենգ ծխախոտ է արտահանվել, առնվազն պետք է կասեցվեր լիազորությունները մաքսայինի պետի, Քաղավիացիայի ղեկավար Տաթիկ Ռեւազյանի»,- ասաց Դանիելյանը։

Նա ասաց, որ բաժնում  բացատրություն չի տվել։

«Երեկ Նիկոլ Փաշինյանը քիչ էր մնում քֆուր դներ, ասում էր՝ ինչ ուզում եք արեք, ուզում եք՝ հավատացեք, ուզում եք՝ մի հավատացեք. արել եմ, անելու եմ ինչ ուզում եմ։ Իշխանությունները պետք է հասկանան, որ այս՝ տանել-բերելով, ոչ էլ ազատազրկելով՝ ազատ խոսքի հարցը չեն կարողանալու լուծել։ Եթե ուզում են մեդիահարձակումների թիրախ չլինել, ապա պետք է դադարեն օրինազանց գործունեություն իրականացնել»։

Պատասխանելով հարցին, թե  իրեն չհամոզե՞ց Փաշինյանի երեկվա լայվը, որում նա հայտնում էր, որ որ ոչ մի անօրինականություններ չի անում իշխանությունը, մաքսանենգությամբ չի զբաղվում, չի թալանում, Արթուր Դանիելյանն ասաց. «Ես իր խոսքերին արդեն 4 տարի է, որ չեմ հավատում, որովհետեւ այդ մարդուն անձամբ ծանոթ եմ։ Նա որեւէ հակափաստարկներ չի բերել։ Նա չի ասել՝ այո, ինքնաթիռներ եղել են, կամ՝ ոչ, ինքնաթիռներ չեն եղել։ Ես որեւէ հակափաստարկ չեմ լսել։ Հերթական էմոցիոնալ, շանտաժային բնույթի ելույթ եմ տեսել»։