Դիմադրության շարժումը պետք է հստակ երաշխիքներ տա, որ…

Դիմադրության շարժումը պետք է հստակ երաշխիքներ տա, որ…

Դիմադրության շարժումը շարունակվում է` նորանոր մարդկանց ներգրավելով եւ նոր դրսեւորումներ ստանալով: Փաշինյանի հեռացման պահանջը գնալով ավելի շատ մարդկանց է համակում եւ ավելի օրակարգային է դառնում: Այնուամենայնիվ, կա մարդկանց մի ստվար հատված, որը թեեւ դժգոհ է Փաշինյանի իշխանությունից, զգում է նրա բերած աղետները երկրի ու մեր քաղաքացիների գլխին, սակայն դուրս չի գալիս փողոց, չի մասնակցում բողոքի ակցիաներին, քանի որ անվստահություն ունի հրապարակում կանգնած կամ քայլերթի մասնակիցներից ոմանց եւ առավել եւս՝ ՀՀ երկու նախագահների նկատմամբ:

Իսկ որ այս շարժման հիմնական «անդրկուլիսյան» ղեկավարները ՀՀ նախագահներ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են, գաղտնիք չէ: Դա ունի իր ե՛ւ դրական, ե՛ւ բացասական կողմերը: Պարզ է, որ երկնքից նոր մարդ չի գալու՝  ամպոտ ձեռքերով ու ոտքերով, ոչ էլ երկիրը փորձադաշտ է, որ նորից անփորձ, անհայտ ու անհասկանալի խմբավորումների ձեռքում հայտնվի, ինչպես եղավ փաշինյանական իշխանության դեպքում: ՀՀ նախկին նախագահներն ունեն փորձառություն, հմտություն եւ կարող են հաջորդ կառավարությանը, գոնե՝ ժամանակավոր կառավարությանը, օգնել երկիրն անդունդի եզրից ետ բերելու գործում:

Բայց կա հարցի մյուս կողմը. թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի օրոք կառավարման այնպիսի սխալներ են եղել, այնպիսի կոռուպցիա եւ ապօրինություններ, որոնք անմիջական ազդեցություն են ունեցել ՀՀ շարքային քաղաքացու, գործարարի, ձեռներեցի վրա: Մարդիկ հենց այդ ամենը հիշելով՝ չեն ուզում դուրս գալ հրապարակ եւ կանգնել այդ «վարքուբարքի» կողքին, չեն ուզում նրանց վերադարձը: Այդ սխալները տարբեր նախագահների օրոք տարբեր դրսեւորումներ են ունեցել, տարբեր աստիճանի եւ տարբեր բնույթի են եղել: Նրանց պետք են հստակ երաշխիքներ, որ այդ բարքերը չեն կրկնվելու։

Բռնաճնշված լրատվամիջոցներ չեն լինի

Ռոբերտ Քոչարյանի օրոք մամուլի ազատության հարցում դիկտատուրային մոտ համակարգ էր` լրատվամիջոցներ էին փակվում, հայտնվում դատական քաշքշուկների մեջ, ճնշումներ էին գործադրվում, լռեցվում էր ազատ խոսքը: Սերժ Սարգսյանի օրոք այս խնդիրը մի փոքր մեղմվեց: Բայց Բաղրամյան 26-ից, ավելի կոնկրետ՝ Միքայել Մինասյանի կողմից հիմնականում վերահսկվում էին հեռուստաընկերությունների աշխատանքները, լուսաբանումները: Դրանք պետք է լինեին պրոիշխանական: 

Հարկային ու մաքսային տեռոր չի լինի

Թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի օրոք մաքսային ու հարկային համակարգերը շարքային գործարարի, փոքր ու միջին ձեռնարկատերերի համար մահակ էին դարձել. հարկային տեսուչները կարող էին ցանկացած պահի «քյոխվայի» նման մտնել ցանկացած խանութ, արտադրամաս, անհիմն տուգանքներով սպառնալ, փող պահանջել, կաշառք վերցնել եւ «ավարը» ձեռքին՝ դուրս գալ այնտեղից: Մաքսակետերով անցնելը պարզապես դժոխք էր հիշեցնում, անգամ եթե մարդիկ իրենց անձնական կարիքների համար էին ապրանք ներկրում: Արտերկրից եկող ծանրոցները մանրակրկիտ զննում էին, եւ եթե դրանց մեջ մի տեխնիկա էր լինում, ասենք՝ արդուկ, վարսահարդարիչ եւ այլն, մաքսավորները կա՛մ դրանք յուրացնում էին, կա՛մ կլորիկ գումար պահանջում դրա համար: Էլ չենք խոսում այն մասին, որ եթե ծանրոցի մեջ լիներ բջջային հեռախոս … հեռախոսի ներկրման մենաշնորհը «սեփականաշնորհված» էր ամենաբարձր մակարդակով… Շատերն այդ տարիներին գերադասում էին փակել իրենց ընկերությունը, փոքր խանութները, տաղավարները: Արդարության համար պետք է ասել, որ այսօր նման խնդիրներ չկան: 

Ընտրությունները «դաբրոյով» չեն լինելու

Հայաստանում երկար տարիներ ոտնահարված էին ոչ միայն ընտրողի, այլեւ ընտրվողի սահմանադրական իրավունքները: Դրա սկիզբը դրվել է դեռեւս Վազգեն Սարգսյանի ժամանակներից… ՀՀ-ում ընտրությունները եղել են կեղծիքների ու բռնությունների թատերաբեմ: Այլ հարց է, թե որքանով է ճիշտ, որ երկրի, ազգի ապագայի հարցերը որոշելիս հաշվի են առնում նաեւ տգիտության մեջ խարխափող եւ մանիպուլյացիաների հեշտությամբ ենթարկվող մարդկանց, ասենք՝  հոռոմցի բնորդուհի Անոյի կամ Շուշին ադրբեջանական համարող «հայերի» կարծիքները… Ընտրությունները Սերժ Սարգսյանի ղեկավարության տարիներին դարձան «դաբրոյով» տրվող պարգեւներ՝ շարքային գյուղապետից մինչեւ ԱԺ պատգամավոր: Այդ չարաբաստիկ «դաբրոն» ունենայիր, «կընտրվեիր», քանի որ իշխանությունն «ինչքան ուզեր, այնքան կխփեր»… Իսկ «դաբրոն», որպես կանոն, հենց այնպես չէր տրվում։ Ըստ օդում կախված լուրերի՝ այն թանկ արժեր, շատ թանկ: Ու ազգընտիրները դարձան տգետ եւ քրեական կենսագրություն ունեցող փողատերեր, ԱԺ-ում հայտնվեցին լֆիկները, թոխմախները, շմայսները եւ այլ մականունավորներ, որոնք մեզ համար «օրենքներ էին գրում»…

Այսպես ասած՝ նախկինների սխալների մասին կարելի է երկար խոսել, բայց նրանք Փաշինյանի նկատմամբ ունեն մի առավելություն. նրանց օրոք երկրակործան պատերազմ չեղավ, Արցախը մերն էր, անգամ կասկած չկար, որ մերն է մնալու: Թշնամին մեր սուվերեն տարածք չէր մտնում, դիրքեր չէր դնում, մեզ իր նախապայմանները չէր թելադրում, մեր նկատմամբ ծաղրական վերաբերմունք չուներ, բանակ ունեինք, պետական կառույցները ժամացույցի նման աշխատում էին: Հենց սրանում է նախկին նախագահների առավելությունն այսօրվա ապազգային ու ապաշնորհ իշխանությունների նկատմամբ: Ուստի, վերոնշյալ եւ այլ սխալների մասին հասարակության հետ պետք է խոսել բաց, անկեղծ, պետք է երաշխիքներ տրվեն, որ այդ բարքերը չեն կրկնվի, որ նման բարքերը պատժելի կլինեն: Այդ դեպքում կճեղքվի անվստահության պատը, Ֆրանսիայի հրապարակն ավելի շատ մարդկանցով կհեղեղվի: Թեեւ մարդիկ արդեն տեսել են կեղծ խոստումների համը. դրանց վրա Փաշինյանը եկավ իշխանության, ցավոք արեց ճիշտ հակառակը: Բայց պետք է քաղաքացուն եւս մեկ անգամ վստահելու հնարավորություն տալ՝ չհիասթափեցնելու հեռանկարով: