Առանց «կադաստրի թղթի» ո՞նց ես պետական հարկ հավաքում․․․

Առանց «կադաստրի թղթի» ո՞նց ես պետական հարկ հավաքում․․․

Մի ժամանակ դրոշի համար էր «իրեն կոտորում», թե դրոշը պետության սիմվոլն է, իր բառերով ասած ատրիբուտը, բայց մեր դրոշները որպես մեր պետության սիմվոլ հանձնեց թշնամուն։ Ինչը մեր պետության ատրիբուտն էր համարում ու բարձրաձայն խոսում այդ մասին, դրանք խոնարհվեցին թշնամու առաջ։ Չթվարկեմ հատ- հատ։
Հիմա պետության, պետության  ատրիբուտի նշաձողն այնքան է իջեցվել, որ մեր պետության ատրիբուտը մնացել է վրացական համարանիշերը։ Երբեմն զարմանում ես՝ փող հավաքելու, հարկ հավաքելու համար երկրի ղեկավարը ի՜նչ կարգի ինքնամոռացության մեջ կարող է ընկնել, որ վրացական համարանիշերը համարի պետության ատրիբուտ։ Եղբա՜յր հավաքիր, հարկ հավաքիր,  որ թիմով ավելի լավ կերակրվեք, ավելի շատ պարգևատրվեք, ավելի մեծ շռայլություններ թույլ տաք, ավելի ճոխ տներ ու բիզնեսներ գնեք, ընտանյոք ավելի մեծ ուղևորություններ կազմակերպեք։ Քաղցա՜ծ եք եկել, ծակ ու դատարկ գրպանով, բայց անհագ ախորժակով,  կշտացե՜ք, հագեցե՜ք,  բայց դրանք պետություն բառի մեջ մի ամփոփեք։ Եթե պետություն ես, առաջին ատրիբուտդ պիտի լինի պետության տարածքը, որի վրա կարողանաս վերահսկողություն, անվտանգություն  հաստատել և կարգավորել այլ պետությունների հետ միջազգային հարաբերությունները: Դու կասկածի տակ ես դրել պետության տարածքը, ասում ես՝  պետության գոյության  «կադաստրի թուղթ չունես» և  սպասում ես, որ այդ թուղթը Ալիևը տա, դու կասկածի տակ ես դրել մեր պետության տարածքային ամբողջականությունը, թշնամին նստած է մեր սուվերեն տարածքում, վտանգված է մեր ժողովրդի անվտանգությունը, ի՞նչ պետական հարկերի մասին ես խոսում։ Ժողովուրդը հարկ է վճարում, որ իր բարեկեցությունը, անվտանգությունը ապահովվի, դու՞ ինչի՞ համար ես հարկ հավաքում։  

Առանց «կադաստրի թղթի» ո՞նց ես պետական հարկ հավաքում․․․ Կառավարության նիստում ասում ես․ «ՀՀ քաղաքացիներն ավտոմեքենա ձեռք բերելիս ձևակերպում են շատ դեպքերում ժամանակավոր ներմուծում ու վրացական համարներով երթևեկում են Հայաստանում ու դա անում են, որ Հայաստանում մեքենաները չմաքսազերծեն։ Այս դեպքում խնդիր կա, քանի որ մեքենայի համարանիշը պետականության ատրիբուտ է։Մենք կարծում ենք, որ այս իրավիճակն այսպես շարունակել չի կարելի»։ Կարմիր գծե՞րն էլ են պետական ատրիբուտ,  մեր գու՞յքն էլ է պետական ատրիբուտ․․․ Հայաստանի պետական ատրիբուտները հարկահավաքությու՞նդ է մնացել։ Ապահովիր «կադաստրի թուղթը» , որ պետություն կա, ապահովիր մեր անվտանգությունը, որ իմանանք՝ պետություն կա, ապահովիր մարդկանց համար տանելի ապրելակերպ, որ ժողովուրդը հասկանա՝ ինչի ՞ համար ես հարկ հավաքում։