Մեր բոլոր գեներալները հարգված են, բայց չի նշանակում՝ միայն գեներալները․ Արայիկ Հարությունյան (Տեսանյութ)

Մեր բոլոր գեներալները հարգված են, բայց չի նշանակում՝ միայն գեներալները․ Արայիկ Հարությունյան (Տեսանյութ)

«Համոզված եմ, որ ընտրություններն անցնելու են օրենքի և ժողովրդավարության կանոններին համապատասխան, և օրինակելի ընտրություն ենք ունենալու Արցախում, ինչպես վերջին բոլոր ընտրությունների ժամանակ մենք արձանագրել ենք։ Միշտ գնահատականները եղել են շատ բարձր դիտորդական խմբերի կողմից, սպասվող ընտրությունները մի քանի քայլ ավելի առաջ են լինելու, քան նախորդները։ Հանգիստ, նորմալ, ամեն ինչ խաղաղ։ Ղարաբաղի ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ թեկնածուներն իրար հետ շատ ջերմ հարաբերությունների մեջ են»,- պատասխանելով «Հրապարակի» հարցին, թե ինչպիսիընտրություններ է կանխատեսում Արցախում, ասաց Արցախի Հանրապետության նախկին վարչապետ, « Ազատ հայրենիք» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանը։

Հարությունյանին հարցրինք, թե ի՞նչ է կարծում այն տեսակետների վերաբերյալ, որ Արցախում բարձր վարկանիշ ունեն բարձր զինվորական կոչում ունեցող և Արցախյան ազատամարտով անցած թեկնածուները։ Հարությունյանն ասաց․

«Մեր բոլոր գեներալները, իհարկե, հարգված են, բայց չի նշանակում, որ միայն գեներալները, ես էլ զինվորական եմ եղել, ես էլ սպա եմ, բայց ոչ գեներալ, որովհետև շուտ եմ զորացրվել և զբաղվել տնտեսությամբ և հետո քաղաքականությամբ։ Մյուսներն էլ, որոնք զինվորական չեն, հարգված են ժողովրդի կողմից։ Եթե արդեն հայտ է ներկայացվել առաջադրվելու, նշանակում է՝ ունեն այդ ռեսուրսը և հարգանքի արժանի են»։

Հարությունյանին հարցրինք նաև, թե ինչ է կարծում՝ ի՞նչ ազդեցություն կունենան ընտրությունների արդյունքների վրա Հայաստանի իշխանությունների հետ հարաբերությունները, օրինակ՝ Վիտալի Բալասանյանի հարաբերությունները Փաշինյանի հետ այնքան էլ հարթ չեն, իսկ իր պարագայում հակառակն են ասում․

«Համոզված եմ, որ Հայաստանի իշխանությունները չեն միջամտելու, իսկ հարաբերությունների առումով՝ դա արգելված չէ և որևէ բանի չի խանգարում։ Ազդեցություն կարող է ունենալ, որ հանրությունը գնահատական տա, բայց դա չէկարևորը լինելու։ Մենք շեշտել ենք և գտնում ենք, որ Ղարաբաղում ձևավորված իշխանությունը պետք է շատ լավ հարաբերություններ ունենա Հայաստանի իշխանությունների հետ, և միասին ու դինամիկ պիտի զարգացնենք մեր երկիրը՝ Հայաստանը»։