Մահը՝ ծաղրի առարկա

Մահը՝ ծաղրի առարկա

Մահը փորձություն է նախ նրանց համար, ովքեր կենդանի են։ Մեր ժողովրդի պատկերացումներում մահը մի երեւույթ է, որ յուրօրինակ կերպով սրբագրում է կյանքը, իր անմեկնելի առեղծվածի հանդեպ հարգանք պահանջում։ Եվ մահից հետո սովորաբար իջնում է պապանձման մի լռություն, որն անպարկեշտ խոսքով ու նսեմ բառով վիրավորել՝ թույլ տրված չէ ոչ ոքի եւ ներելի չէ ոչ ոքի։
Ընդդիմադիր քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանի մահը հրապարակ բերեց մեր հասարակության այն տականքին, որը չխորշեց գոնե այս անգամ չներկայանալ սեփական բարոյազրկությամբ, ներքին անչափելի չարությամբ։ Մարդու մահը հեգնվեց, դարձավ ծաղրի առարկա․ այդ մահով հրճվեցին, նրանով գոհացան հարյուրավոր նսեմ արարածներ։ Ֆեյսբուքը՝ վկա։ Անբարո այդ արարածներին չսաստեց անգամ այն իրողությունը, որ մարդը վախճանվել էր աշխարհը բռնած մեծագույն չարիքից՝ կորոնավիրուսից, հետեւաբար՝ նրա մահը գուժում էր իր նման միլիոնավորների անզորությունն այդ չարիքի դիմաց, գուցե նաեւ հուշում իբր ապրողներիս ոչ հեռու գալիքը։ 

Այո, մահվան խավար մեկնած Գուրգեն Եղիազարյանը պարտ է, որ ընկալվեր որպես մեկը մեզանից, ճակատագրի դատապարտվածությամբ՝ որպես մեր բախտակիցը, մահկանացո՛ւ եղբայրը՝ անկախ իր ապրած կյանքից, անկախ քաղաքական հայացքներից ու հակաիշխանական կեցվածքից, անկախ մարդկային թուլություններից ու թերություններից։

Բայց տականքը չներեց այդ մարդուն նույնիսկ սեփական մահը։

Ավելին՝ Ֆեյսբուքը վկայեց մեկ այլ՝ առավել անհանդուրժելի երեւույթի մասին։ Ինչպե՞ս կարող էր մարդը՝ երիտասարդ կին ու լրագրող, այդ մահվան «անմեղ» ծանուցմամբ զարդարել իր էջը, ժամեր շարունակ հանդուրժել մի խումբ քստմնելի արարածների մեկնաբանական ցինիկ հրճվանքը․․․ Եվ համառորեն գրառումը չջնջել իր էջից։

Ապշելու բան է։

Ի լուր բոլոր այդ չարախնդացողների՝ ասեմ․ Գուրգեն Եղիազարյանը հիմա այլեւս  ներողամտորեն ու ցավով է նայում ձեզ վրա, ցավով՝ որ այդպիսին եք, ցավով՝ որ վերջացած եք։ 
Իսկ ինքը գոնե այս կյանքում իր հետքն ու վկայությունը թողել է՝ մի քանի ամենեւին էլ ոչ անարժեք գիրք, եւ քմծիծաղով է նայում բոլորիդ վրա իր երկրային կյանքի  հակառակ կողմից։