Օկուպացված Շուշիից մինչև ԱՄՆ. Էրդողանի առաջիկա այցերը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տոներից հետո կսկսի ակտիվ արտասահմանյան շրջագայությունը, նշել են թուրք լրագրողները։ Նախ՝ հուլիսի 3-4-ը Էրդողանը կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, որը տեղի կունենա Աստանայում։
Սպասվում է, որ Էրդողանը նախ կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ղեկավարները կքննարկեն երկկողմ և տարածաշրջանային հարցեր։ Բացի այդ, օրակարգում կլինի իրավիճակը Գազայում և պատերազմն Ուկրաինայում։
Այնուհետև հուլիսի 5-6-ը նախագահ Էրդողանը կմեկնի Ադրբեջան և կհանդիպի իր գործընկեր Իլհամ Ալիևի հետ։ Թուրքիայի առաջնորդը կմասնակցի Թյուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների գագաթնաժողովին, որը տեղի կունենա օկուպացված հայկական Շուշիում։
ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովը, որը տեղի կունենա հուլիսի 9-11-ը, նույնպես կլինի կարևոր հանդիպումների վայր։ Այստեղ նախագահ Էրդողանը հանդիպումներ կունենա առաջնորդների, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Գագաթնաժողովում կքննարկվեն Ուկրաինայի պատերազմը և Գազայում տեղի ունեցող իրադարձությունները։
ԱՄՆ-ից վերադառնալուց հետո Էրդողանը կմեկնի Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն՝ մասնակցելու Կիպրոսի խաղաղության գործողության 50-ամյակին։ Թուրքիայի նախագահը նաև հրավիրել է Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) նախագահ Օզգյուր Օզելին՝ մասնակցելու միջոցառումների ծրագրին։
Կարծիքներ