«Քաղհասարակությունը» ալեկոծված է. Փաշինյանը ագահություն դրսևորելով` կարող է կործանել ոչ միայն իրեն, այլև իրենց
Ամերիկյան և եվրոպական տարբեր կառույցների կողմից Հայաստանում բուծված և նրանց կողմից կառավարվող չակերտավոր քաղաքացիական հասարակությունը ցնցված և ալեկոծված է. Սահմանադրական փոփոխությունների խորհուրդը, որի մասն էին կազմում նաև այդ «քաղհասարակության» ներկայացուցիչները`Դանիել Իոաննիսյանը, Արթուր Սաքունցը, Տիգրան Եգորյանը, որոշում է կայացրել պահպանել «կայուն մեծամասնության» սահմանադրական նորմը: Նման սահմանադրական կարգավորման գոյությունը և դրա պահպանումն, իհարկե, խայտառակություն է, այն հակասում է ներկայացուցչական ժողովրդավարության մասին պատկերացումներին և խեղթյուրում է ընտրության արդյունքները, բայց հարցն այն է, թե ինչու են Փաշինյանի իշխանության մշտական հաճախորդները հիմա ըմբոստացել նրա դեմ, ինչու են նրան, նրա կառավարությանը, խորհրդարանական խմբակցության անդամներին մեղադրում ժողովրդավարությունը ոտնահարելու մեջ:
Սահմանադրական փոփոխությունների խորհրդի վերը նշված անդամները` Էդմոն Մարուքյանի հետ միասին, դեմ են քվեարկել նման նորմի պահպանմանը, բայց նրանք եղել են փոքրամասնություն, իսկ ահա Փաշինյանի կողմից անմիջապես հրահանգավորվողները` արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ՔՊ-ական պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը, Արուսյակ Ջուլհակյանը, ՔՊ-ական ՄԻՊ Անահիտ Մանասյանը, դատավոր Կարեն Թումանյանը և ՔՊ-ական իշխանության կոալիցիոն գործընկեր «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Գրիգոր Առաքելյանը կողմ են քվեարկել: «Քաղհասարակության» ներկայացուցիչները Փաշինյանին մեղադրում են այս նորմի միջոցով վերարտադրվելու, 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում դրա միջոցով իշխանությունը պահելու ցանկության մեջ: Բայց արդյո՞ք ամեն ինչ այդքան միանշանակ է, արդյո՞ք նրանց մտահոգում է ժողովրդավարությունը, թե՞ իրենց անձնական բարեկեցությունը և ներկա կարգավիճակի պահպանումը:
Թվում է, թե 2018 թվականին Փաշինյանին հակասահմանադրական հեղաշրջում իրականացնելու հարցում համակողմանիորեն աջակցած և դրան ակտիվորեն մասնակցած, այնուհետև Փաշինյանին` Հայաստանի ընդդիմության դեմ պայքարում անմիջական մասնակցություն ունեցած, ընդդիմադիր կուսակցությունների և ընդդիմադիր գործիչների նկատմամբ փաշինյանական տեռորի և քաղաքական հետապնդումների փաստերը չնկատելու տված այդ ՀԿ-ներն ու դրանց ղեկավարները պետք է ողջյունեին նաև այս որոշումը, քանի որ ըստ իրենց հայտարարությունների, այս նորմը պահելով Փաշինյանը ուզում է իր ունեցած 30 տոկոսանոց վարկանիշով ունենալ «կայուն մեծամասնություն»`54 տոկոսանոց ներկայացվածություն խորհրդարանում և շարունակել իր միահեծան կառավարումը: Իրենք էլ իբրև թե դեմ են դրան, ասում են` ինչպե՞ս կարելի է, ինչպիսի~ տիեզերական անարդարություն, եթե ընտրողը որևէ կուսակցության տալիս է 30 տոկոս ձայն, այդ կուսակցությունը հենց այդքան էլ պետք է ունենա, ոչ ավել` ոչ պակաս, թող գնան և մյուսների հետ կոալիցիա ձևավորեն. սա է ներկայացուցչական ժողովրդավարության տրամաբանությունը: Բայց չէ՞ որ փաշինյանական կառավարման երկարաձգումը իրենց համար ապահովում է գործունեության կոմֆորտ պայմաններ, իրենք ներկայացված են լինելու բոլոր խորհուրդներում` լինի դա ոստիկանական բարեփոխումներ, թե սահմանադրության փոփոխություններ, իրենք նույնիսկ պետական դրամաշնորհներ են ստանալու և ունենալու են ամենաբարձր կարգավիճակ` պետական բոլոր պաշտոնյաներն իրենց ընկալելու են որպես վերադասի ներկայացուցիչներ, նկատի ունենք` արեւմտյան վերադասին, սրանից բխող բոլոր հետևանքներով:
Նման իրավիճակում իրենք առաջինը պետք է շահագրգռված լինեին, որ Փաշինյանի իշխանությունը վերարտադրվի: Թե՞ նրանց իրենց բարեկեցությունն ու կարգավիճակը չի հետաքրքրում, իրենց համար ժողովրդավարությունից այն կողմ ոչինչ չկա, իրենք կարող են չուտել, չխմել, ապրել ծայրահեղ աղքատության մեջ, միայն թե երկրում ժողովրդավարություն լինի: Մենք կարող էինք այդպես էլ մտածել, բայց, ինչպես ասում են, այստեղ կա մի բայց. արդյո՞ք «կայուն մեծամասնության» դրույթի պահպանումն ապահովելու է Փաշինյանի իշխանության պահպանումը, թե՞ ընդհակառակը` վտանգում է այդ իշխանության գոյությունը, դրանով նաև «քաղհասարակության» գոյությունը, որպես արտոնյալների և առանձնաշնորհյալների խավ:
«Քաղհասարակության» ներկայացուցիչները իրականում մտավախություն ունեն, որ կայուն մեծամասնության դրույթի պահպանումը կարող է վտանգել փաշինյանական իշխանությունը, և պատճառ դառնալ նրա հեռացմանը, բայց անհարմար են զգում դրա մասին բարձրաձայնել: Մի քիչ անհարմար բան կստացվի, եթե Դանիել Իոաննիսյանը, Արթուր Սաքունցը կամ Լևոն Բարսեղյանն ասեն, թե իրենք դեմ են «կայուն մեծամասնության» դրույթի պահպանմանը, քանի որ դրա արդյունքը կարող է լինել իրենց կողմից սիրված և իրենց աջակցությունը վայելող իշխանության կործանումը: Փաշինյանը` հեչ, ախր իրենք էլ հետն են կործանվելու: Ահա թե ինչպես դա կարող է տեղի ունենալ:
Կայուն մեծամասնության դրույթը ենթադրում է, որ եթե խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում ընտրություններին մասնակցող կուսակցություններից կամ դաշինքներից որևէ մեկը չի ստանում 50 տոկոսից ավելի քվեներ եւ չի կարողանում կոալիցիա ձեւավորել, նշանակվում է ընտրությունների երկրորդ փուլ, որին մասնակցում են առաջին փուլում առավել շատ ձայն ստացած երկու կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները: «Քաղհասարակության» ներկայացուցիչները շատ լավ գիտեն, որ իշխանությունն այլևս չի կարող 50 տոկոսից ավել ձայն ստանալ, նույնիսկ 20 տոկոս հազիվ ստանա, և եթե ընդդիմությունից էլ որևէ կուսակցություն 50 տոկոս չստանա, երկրորդ փուլն անխուսափելի է: Իսկ երկրորդ փուլում հասարակության ընդդիմադիր, այսինքն, իշխանությանը մերժող ընտրազանգվածը կարող է մոբիլիզացվել և քվեարկել ՔՊ-ի մրցակից կուսակցության օգտին, և այդ դեպքում ձայների հարաբերակցությունը կլինի 85-15 հօգուտ ընդդիմության`եւ ՔՊ-ն իշխանությունից կհայտնվի քաղաքական լուսանցքում:
Իրենց տրամաբանությամբ, եթե «կայուն մեծամասնության» դրույթը հանվում է, այդ դեպքում կարելի կլինի ՔՊ-ամերձ ուժերով ձևավորել կոալիցիա, և պահել իշխանությունը, ոչ թե ագահություն դրսևորելով` կորցնել ամեն ինչ: Այս մարդիկ, բանականաբար, Փաշինյանի և ՔՊ-ի մասին չեն մտածում, այլ իրենց: Ի՞նչ են անելու իրենք, եթե ՔՊ-ն չլինի իշխանության, չեն կարող չէ՞ կրկին վերադառնալ իրավապաշտպան գործունեությանը, հայտարարել, որ իրենք ժողովրդավարության, մարդու իրավունքների կամ այլ ազատությունների պաշտպան են: Ասելը, իհարկե, կարող են ասել, բայց դե դրան այլևս ո՞վ կհավատա, նույնիսկ ամերիկյան և եվրոպական գրանտատուները չեն հավատա:
Ավետիս Բաբաջանյան
Կարծիքներ