Կրթական համակարգում կարմիր թելով անցնում են սորոսական անցյալ ունեցող անձանց նշանակումները

Կրթական համակարգում կարմիր թելով անցնում են սորոսական անցյալ ունեցող անձանց նշանակումները

Հարցազրույց կրթական համակարգի փորձագետ Արեգ Բարսեղյանի հետ

- Պարոն Բարսեղյան, ԿԳՄՍ նախարարի պաշտոնում Ժաննա Անդրեասյանի նշանակումն ի՞նչ կարող է նշանակել կրթական համակարգի համար, հատկապես որ նորանշանակ նախարարի առաջին հրահանգը եղավ՝  խուսափել դպրոցների ռազմականացումից: Փաստորեն, դպրոցներում, բացի «Նախնական զինվորական պատրաստվածություն» (ՆԶՊ) առարկայից, դպրոցականները ռազմահայրենասիրական այլ ծրագրերի ու դասընթացների այլեւս չեն կարող մասնակցել: Ինչը ԿԳՄՍՆ-ից բացատրեցին նրանով, որ նպատակն է՝ դպրոցներն անվտանգ պահել, քանի որ հնարավոր ռազմական գործողությունների պարագայում դպրոցները կարող են դառնալ առաջնահերթ խոցման թիրախ։ Դուք ինչպե՞ս եք մեկնաբանում այս շրջաբերականը, մանավանդ, որ մեր հարեւան Ադրբեջանն իր ողջ կրթական համակարգն է ռազմականացրել։

- Ես վաղուց դադարել եմ որեւէ կերպ մեկնաբանել նշանակումները, առավել եւս՝ կրթական համակարգում, որովհետեւ որեւէ տրամաբանության չի ենթարկվում այն, թե ինչ տրամաբանությամբ են ընտրում՝ ում նշանակել այս կամ այն պաշտոնում։ Հատկապես որ վերջին շրջանում կրթական համակարգում կարմիր թելով անցնում են սորոսական անցյալ ունեցող անձանց նշանակումները, լինի նախարար, փոխնախարար, թե այլ կարեւոր դիրքեր՝ կրթության, գիտության, մշակույթի ոլորտում։ Այնպես որ, պոլիտկոռեկտ մնալու մղումից ելնելով՝ զերծ մնամ մեկնաբանություններից։ Ինչ վերաբերում է Ժաննա Անդրեասյանի առաջին շրջաբերականին, ապա սա առանձնապես նոր բան չէ։ Այս մարդիկ, ովքեր այսօր իշխանություն են կազմում, իրենք 20 տարի շարունակ պայքարել են այն արժեքների համար, որոնց համաձայն՝ Հայաստանի հասարակությունը չպետք է լինի միլիտարիզացված, եւ փորձել են արտաքին աշխարհին հայ հասարակությանը, հայ ազգին ներկայացնել որպես ագրեսիվ միլիտարիզացված մի հասարակարգ, որը չունի ընտանեկան արժեքներ եւ, հակառակը՝ ունի ընտանեկան բռնության սովորություններ, սեռով պայմանավորված աբորտներ եւ այլն…։ Մենք շատ լավ հիշում ենք, թե ինչի համար էին պայքարում այս մարդիկ 20 տարի շարունակ՝ մինչեւ իշխանության գալը։ Թե ինչու իրենց կեղծ գաղափարախոսությունները, հային ոչ հարմար այդ քարոզչությունը տեղ գտան մեր հասարակության մեջ, կրկին գալիս է նրանից, որ նորանկախ Հայաստանի այս 30 տարիների ընթացքում մեր պետությունը երբեւէ պատշաճ ուշադրություն չի դարձրել կրթության որակի ու բովանդակության վրա։ Եթե պետությունը բավարար ուշադրություն դարձրած լիներ եւ բավարար չափով կրթեր իր հասարակությանը, այսօր այդ հասարակությունն այսքան անտարբեր չէր լինի հայրենիքի կորստի ու մնացած այլ իրողությունների նկատմամբ, իսկ այսօրվա քաղաքական վերնախավը չէր լինի այդքան հակահայ, որքան հիմա է։ Այնպես որ, ինձ համար որեւէ զարմանք չի առաջացնում այս որոշումը, որը բխում է իրենց վարած քաղաքականությունից։ Եվ երբ մենք դա հակադրում ենք Ադրբեջանի հասարակության հետ, որն ընդգծված միլիտարիզացված հասարակություն ունի, տեսնում ենք, թե ինչ ընդգծված հակահայկական քարոզչություն ու կրթական դաստիարակություն է վարում։ Բայց այս մարդիկ երբեւէ չեն խոսում Ադրբեջանի հասարակության հայատյացության ու ռազմականացվածության մասին, այլ, հակառակը՝ խոսում են, որ մենք պետք է հրաժարվենք մեր ազգային գաղափարախոսությունից, մեր ազգային սկզբունքներից, միլիտարիզացվածությունից ու գնանք բարեկամության ադրբեջանցիների հետ։ Մինչդեռ Ադրբեջանի պետական ապարատը՝ իր բոլոր քարոզչական միջոցներով, լրատվությունից մինչեւ կրթական համակարգ, տանում է հայատյաց քաղաքականություն։ Այս մասին նրանք ոչ միայն չեն խոսել, այլեւ միշտ պնդել են, որ մեզ մոտ կա ինչ-որ ատելության մթնոլորտ, մենք առանց պատճառի ատելություն ենք տածում ադրբեջանցիների ու Ադրբեջանի նկատմամբ, առանց պատճառի միլիտարիզացված ենք, եւ այս ողջ պատերազմական իրավիճակի պատճառը մեր խիստ միլիտարիզացված հասարակությունն է։ 

- Այսինքն՝ «խաղաղության օրակարգը» վաղո՞ւց է ներդրվել մեր կրթական համակարգում եւ իր արտահայտությունն է գտնում բոլոր հնարավոր ծրագրերում ու շրջաբերականներում, ինչքան էլ որ դպրոցներում նոր առարկաներ են ներմուծում, ինչպես, օրինակ, «Ես եւ իմ հայրենիքը»։ 

- Դպրոցում ծրագիր կամ հավելյալ առարկա մտցնելով հասարակությանդ չես դարձնի հայրենասեր, մի քիչ կոպիտ ասեմ․եթե կրթական համակարգը զոմբի է պատրաստում, չի կարող այդ կրթական համակարգում մեկ կամ նույնիսկ հինգ առարկայի ներմուծումը բերել հասարակության հայրենասիրության մակարդակի աճին։ Չես կարող, մի կողմից, մանկապարտեզից սկսած՝ երեխային սովորեցնել անգիր անել՝ չհասկանալով իր լսածն ու կարդացածը, մյուս կողմից՝ 1-2 առարկա ավելացնելով, իրեն սովորեցնել, որ պետք է հայրենիք սիրել, պետք է ազգային գաղափարախոսություն սիրել եւ հարգել, ազգն ու հայրենիքը չուրանալ։ Պետք է նախ կրթական համակարգդ փոխես եւ դարձնես մտածող մարդ պատրաստող, հետո նոր այդ մտածող մարդուն՝ մտածելու ունակությանը համապատասխան, սովորեցնել, որ պետք է սիրել հայրենիքը։ Կրթական համակարգում չպետք է արվեն հախուռն նորամուծություններ՝ առանց կրթական համակարգի որակը, բովանդակության մակարդակը բարձրացնելու։

- Ըստ կրթության պատասխանատուների, այդ կրթության որակի բարձրացմանն է միտված մինչեւ 2030թ․ կրթության ռազմավարությունը, որի շրջանակներում առաջ քաշվեց բուհերի միավորման նախագիծը, որն այս փուլում առկախված է։ Բացի այդ, բուհերի ռեկտորներին հանձնարարվել է մշակել ճանապարհային քարտեզ՝ իրենց բուհերը միջազգային վարկանիշավորման ցանկերում ընդգրկելու համար։ Սրանք իրագործելի՞ պահանջներ են։

- Անկեղծ ասած, երբ խոսքը գնում է ժաննաանդրեասյանների ու նմանատիպ մարդկանց ներգրավվածությանը՝ կրթական համակարգի ռազմավարությունը մշակելու հարցում, մի քիչ սկեպտիկ ես դառնում։ Ինչ վերաբերում է բուհերի միավորմանը, ռեյտինգավորմանը, որ մեր բուհերն աշխարհի 500 լավագույն բուհերի ցանկում պետք է հայտնվեն, դա շատ լավ բաժակաճառ է ու նման է «2050թ․ մենք լինելու ենք ֆուտբոլի աշխարհի չեմպիոն» բաժակաճառին, որովհետեւ 27 տարվա ընթացքում շատ մեծ ներդրումներ, բովանդակության, որակի, մասնագետների կտրուկ փոփոխություններ են անհրաժեշտ նման մակարդակին մոտենալու համար։ Այն համակարգը, որ մենք ունենք այսօր բարձրագույն կրթության տեսանկյունից, չի կարող ձգտել ու հասնել աշխարհի լավագույն բուհերի մակարդակին, որովհետեւ մենք ունենք մաշված, հնացած մոդել, որ խորհրդային համակարգից է գալիս, ինչքան էլ որ խորհրդային կրթությունը որակապես եւ բովանդակապես բարձր մակարդակի վրա էր, բայց դա նախատեսված էր փակ տնտեսություն ունեցող պետության ու հասարակարգի համար։ Մենք բաց տնտեսությունում ենք ապրում, եւ այսօրվա պայմաններում պետության ֆինանսավորմամբ գործող բուհական համակարգը չի կարող դինամիկ աճ ունենալ եւ դառնալ ինչ-որ համաշխարհային ստանդարտներին համապատասխանող բուհական համակարգ։ Հետո՝ մեր հասարակության պահանջներն էլ՝ բարձրագույն կրթության համակարգից, բոլորովին չեն համապատասխանում այն տեսլականին, որի համաձայն այդ բուհական, կրթական համակարգը կաճի, ու կդառնան միջազգային ստանդարտներին համապատասխան։ Մեր հասարակության վերաբերմունքը բուհական, բարձրագույն կրթությանը խիստ սահմանափակվում է օժիտային ցանկություններով՝ զուտ բարձրագույն կրթություն հավաստող փաստաթուղթ ունենալու խնդիր է իրենից ներկայացնում բուհ ընդունվել-ավարտելը։ Սա մեր կրթական համակարգի ամենամեծ խնդիրն է, մեր կրթական համակարգը ոչ թե գիտելիքահեն կրթական համակարգ է, այլ՝ գնահատականահենք։ Ու որեւէ կերպ այս իրավիճակը փոխելու քայլ որեւէ իշխանություն ՀՀ պատմության ընթացքում չի նախաձեռնել։ Գալիս ենք նրան, որ մեր բուհական համակարգը ֆիկտիվ փաստաթուղթ տպող համակարգ է։ Սա բազմավեկտոր հարց է, այստեղ ե՛ւ հասարակության ընկալումն է, ե՛ւ աշխատաշուկայի հարցը, ե՛ւ բուհերի քաղաքականությունը, որով աշխատում են։ Ցավոք, դեռեւս ճահճային վիճակում է այս ամենը։ Ի դեպ, 2017-ին Եվրոպական Միությունը պատրաստվում էր 30 մլն եվրոյի գրանտ տրամադրել Հայաստանին՝ կրթական համակարգի բարեփոխումների իրականացման համար, եւ ես՝ որպես կրթության ոլորտի փորձագետ ու կառավարության հետ հարաբերությունների մասնագետ, հրավիրվել էի՝ այդ գրանտը ՀՀ շահերին ծառայեցնելու եւ ռազմավարությունը մշակելու համար։ Եվ որոշում կայացվեց՝ այդ գրանտի որպես հիմնական շահառու ընդգրկել Կրթության ազգային ինստիտուտը։ Շատ մեծ ծրագիր էր, որի ռազմավարությունը մշակվեց մինչեւ 2017-ի ավարտը, բայց հետո եղան 2018-ի իրադարձությունները, եկավ նոր կառավարություն, նոր իշխանություններ, նոր կրթության նախարար՝ Արայիկ Հարությունյան, եւ այդ հարցը երեւի թե դրվեց այն նույն դարակում, որտեղ, ըստ Արայիկ Հարությունյանի, պահվում էին դաշնակցական գործիչների նկատմամբ քրեական գործերը։ Արդյունքում եղավ այն, ինչ եղավ…

- Ու այդ ընթացքում փակվեց նաեւ Կրթության ազգային ինստիտուտը…

- Այո, եւ ինչպե՞ս կարող է կրթության որակը բարելավվել, եթե առաջին հերթին փակում են Կրթության ազգային ինստիտուտը՝ կրթական համակարգում շատ կարեւոր մի հիմնարկ։ Այդ կառույցի կարիքը միշտ կա ու լինելու է, բայց այդ կառույցի գործառույթները, չգիտես ինչու, որոշել են տալ առանձին-առանձին կրթահամալիրների, դպրոցների։ Թե ինչ տվեց ԿԱԻ-ի փակվելը, դա 2-3 տարվա պրոյեկցիայում այդպես ցցուն չի երեւում, եւ 2-3 տարին շատ կարճ ժամանակ է, որպեսզի կարողանանք գնահատել ընդհանուր առմամբ կրթության որակի նվազումը կամ աճը։ Դա պետք է համադրել 5-10 տարիների դինամիկայի մեջ՝ սկսած տարրական դպրոցից մինչեւ ավագ դպրոցի ցուցանիշներ, բուհերի ընդունելության քննությունների դինամիկա, բայց միանշանակ է, որ երկարաժամկետ պրոյեկցիայով դա միայն վնաս կարող է տալ։