Զոնա ենք սարքում՝ լավ ուտելիքով, բայց կդադարեցնենք մեր գոյությունը որպես ազգ  

Զոնա ենք սարքում՝ լավ ուտելիքով, բայց կդադարեցնենք մեր գոյությունը որպես ազգ  

Ադրբեջանական զինուժը փակել է Գորիս-Կապան մայրուղու երկու հատված, իսկ Փաշինյանը, որպես այլընտրանքային ուղի, առաջարկում է Տաթեւ-Աղվանի ճանապարհը՝ խոստանալով, որ շուտով կավարտի դրա հիմնանորոգումը։ Օգոստոսի 25-ից թշնամին Կարմրաքար-Շուռնուխ հատվածում է, իսկ օգոստոսի 26-ին՝ Գորիսից Որոտան տանող մասում։ Արդյունքում փակուղում են հայտնվել մի քանի գյուղեր, այդ թվում՝ Որոտանը, Դավիթ Բեկը։ Դժվարացել է գյուղերի մատակարարումը հացով։ Փաշինյանն ու նրա թիմն արդարացնում են ադրբեջանցիների գործողությունները՝ ասելով, թե այդ տարածքները եղել են Ադրբեջանինը։

«Խոսքը 21 կիլոմետրանոց հատվածի մասին է, որը ԽՍՀՄ քարտեզներով Խորհրդային Հայաստանի տարածքից դուրս է եղել, այդ տեղերում ադրբեջանցիները եկել-փակել են՝ որպես պատճառ բերելով, թե նախորդ գիշեր միջադեպ է տեղի ունեցել, հայկական կողմից մարդիկ են մտել եւ դանակահարել են ադրբեջանցի սահմանապահների»,- ԱԺ-ում ասաց Նիկոլ Փաշինյանը։ Երեկ նա արդեն ադրբեջանական տեղանուններով էր անվանում հայկական բնակավայրերը` Էյվազլի, Չայզամ, հանրությանը նախապատրաստելով հողատվության նոր անակնկալների։ «Էսօր Էյվազլի եւ Չայզամ, վաղը՝ Էրիվան․․․ Ապագա կա․․․ վայելե՛ք»,- «թարգմանեց» ֆեյսբուքահայությունը: 

Համացանցում տարածվեցին տեղեկություններ, որ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը 2020 թ․ դեկտեմբերին, ԱԳՆ-ից եւ ԱԱԾ-ից թաքուն, ստորագրել է Կուբաթլիի եւ Զանգելանի հետ Հայաստանի սահմանի երկայնքով ձգվող 350 կիլոմետրանոց ճանապարհն Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ փաստաթուղթ, որը չի բխում նոյեմբերի 9-ի հայտարարությունից։ Երեկ մենք փորձեցինք կապ հաստատել քարտեզագետների հետ, որոնք չցանկանալով հրապարակայնորեն մեկնաբանել Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Կապան-Գորիս մայրուղու հատվածները նրանց հողն է, «օֆ դը ռեկորդս» միաբերան պնդեցին, որ այդ ճանապարհը երբեք չի եղել ադրբեջանցիներինը՝ որեւէ քարտեզով․ խոսք կարող է գնալ ճանապարհին հարող մի քանի մետր գոտու մասին։ «Իրեն է պետք հարցնել, թե ինչ քարտեզների մասին է խոսքը։ Ճանապարհն անցել է սահմանի բերանով»,- ասաց նրանից մեկը։

Էներգետիկ եւ տրանսպորտային-լոգիստիկ անվտանգության մասնագետ Վահե Դավթյանն ասում է, որ 1985 թ. ԽՍՀՄ ճանապարհների ատլասում Գորիս-Կապանը ՀԽՍՀ տարածքում էր: «Բայց այսօր որպես հիմք են ընդունվում 1960-ականների վերջի, 70-ականների սկզբի քարտեզները, որոնցով նշված տարածքներն իսկապես Ադրբեջանական ԽՍՀ կազմում են: Բայց պարադոքսը նրանում է, որ Ադրբեջանն իրեն չի ճանաչում Ադրբեջանական ԽՍՀ իրավահաջորդ, ուստի պետք է վերադառնալ 1920 թ. քարտեզին, որում, ըստ քարտեզագետների, այդ տարածքները հայկական են: 1926 թ. Խորհրդային հանրագիտարանում ներառված է հենց այդ քարտեզը: 60-70-ականների քարտեզները հիմք ընդունելը մեր պարտվողականության, դիվանագիտական ձախողման արդյունք է»,- նշեց նա։

Կարծիք կա, որ այս միջադեպերի նպատակն Ադրբեջանին Սյունիքով միջանցք տրամադրելն է։ Ըստ Դավթյանի, միջանցքն Անկարային ու Բաքվին զուտ կոմերցիոն փոխադրումներ իրականացնելու համար չէ անհրաժեշտ, քանի որ նրանք առեւտրաշրջանառությունն իրականացնում են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով, այլ անհրաժեշտ է «մի կողմից՝ ռազմական փոխադրումների, Նախիջեւանի միլիտարիզացման, այնտեղ թուրքական բազա ստեղծելու համար, մյուս կողմից՝ գլոբալ առումով՝ Հյուսիս-հարավ միջազգային նախագիծը ձախողելու, ուստի մենք կարող ենք խոսել տրանսպորտային պատերազմի մասին, որին մասնակցում են մի կողմից Թուրքիան ու որոշ արեւմտյան դերակատարներ, մյուս կողմից՝ Իրանը, Հնդկաստանն ու Չինաստանը, որոնք Հյուսիս-հարավի առանցքային շահառուներն են»:

Մշակութաբան, «Ազգային պետություն» կուսակցության նախագահ Սամվել Շահինյանը կարծում է, որ խորհրդային Հայաստանի իրավանորմերը կապ չունեն այսօրվա հետ։ «Նիկոլն ընդհանրապես խաբա՞ր ա, որ 1928 թվին է «Ադրբեջան» անունը տրվել, Նիկոլը խաբա՞ր է, որ 38 գյուղ ու այդ թվում Զանգելանը, կայարանները մինչեւ Ղափան տվել են եղբայրական Ադրբեջանին։ Կամ ասում է՝ Սեւ լճի մեջտեղով անցնում է գիծ։ Տենց բան չի եղել։ Այն քարտեզները, որոնք Սովետական Միության տարիներին են արվել, եղել են ընդհանուր իմպերիայի գաղափարաբանության մեջ։ Խորհրդային Միությունն իմպերիա էր, ինչպես Բյուզանդիան, ինչ ուզում, անում էին, դա ի՞նչ կապ ունի մեր կենսակերպի հետ։ Եթե Նիկոլը չի ուզում հայ ժողովրդի գոյությունը, պիտի հայտարարի՝ ընկերներ, եկեք, մի հատ զոնա եմ սարքում, ինչպես ուզում եք՝ անվանենք, այնտեղ լավ սրճարան, լավ ուտելիք եւ լիքը լավ պայմաններ․․․ բայց դադարեք ձեր գոյությունը որպես պետություն եւ որպես ազգ»։