Անուշ Սարգսյան․ Անոն

Անուշ Սարգսյան․ Անոն

Պատմվածք- էսսե (հատված)

Ես հերթով մտաբերում էի այն պահերը, երբ Անոն գլուխը ձեռքերի մեջ առած՝ լալիս էր ու ասում. «Մեռնեմ պրծնե՜մ», ու ափսոսանքս դեռ շարունակում էր ընդվզել: Նոր էի հասկանում, որ այդ խոսքերը պահի լաց չէին, այլ վթարային ազդանշան՝ փակուղուց առաջ:

Թարթող լամպ՝ ճանապարհին, որի անունը Սեր է: Սեր, դու, որ Աստված չես, թեեւ Աստված սեր է. լքիր մարմինն այն պահին, երբ նա արդեն մեռնում է: Բայց սիրելու պահին՝ դու, որ երկնքում ես, կրծքի տակ, աչքերում ու ամենուր, աստված եղիր ու փրկիր նրան: Փրկիր նրան չարից: Եթե դու կաս ու երկնքում ես, ու ծովում, ու հողում եւ ամենուր, առաջին հերթին եղիր մարմնում: Քանզի մարմինն առանց սիրո ոչինչ է: Ու չարից փրկելուց առաջ ու հետո, ու միշտ ու հատկապես հանապազօրյա հացից առավել տուր նրան ամենակարեւորը՝ ԱՊՐԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ: Քանզի սիրելու համար նա պիտի ապրի: Իսկ ապրելու համար պիտի սաստիկ ուզենա մեն-մի բան՝ ՉՄԵՌՆԵԼ:

Տատս գնաց Անոյից հետո ամիսներ անց: Նրա փխրուն սիրտն ու երբեւէ ոչ մեկի վրա չբարձրացած ձայնը մարել էին ննջարանում, քնած ժամանակ: Քեռիս պատմում էր, որ առավոտները տատս սովորականի նման անցնում էր գործերին, իսկ երեկոները, երբ մութն ընկնում էր, քաշվում էր իր սենյակ ու լալի՜ս բարձր հեկեկալով:

Գուգոյին ու Արմանին տեսա տատիս հուղարկավորությանը: Խաղաղված գտա նրանց, մաքուր ու կոկիկ հագնված ու մտքումս ուրախացա, որ ուժ են հավաքել, չեն կորցրել իրենց: Չէի պատկերացնի երբեւէ, թե կարող եմ անշնչացած մարմնի հարեւանությամբ  սեղան գցել: Իմ երեխա ժամանակ, երբ փողոցի մի ծայրում որեւէ մեկը մեռնում էր, մեր տուն սգատիրոջ վշտից մի բուռ լռություն էր գալիս, ու մի շաբաթով հեռուստացույցի ձայնն անգամ անջատվում էր: Տատիս տան վերջին սենյակներից մեկում հոգեհացի նախապատրաստություն էր, ու այդտեղ՝ կտրատվող հացի, պանրի եւ երշիկեղենի բուրգերի մեջ, ես մտածում էի կյանքի փիլիսոփայության մասին, թե որքան անհեթեթ են կյանքն ու մահը կողք կողքի: Մի կողմում տատս՝ սուգը սրտում դեռ չմարած, մյուս կողմում՝ տուրքը որովայնին: Խելոք է եղել ավանդույթի նախաձեռնողը ժամանակին. «հոգու հաց» անունն է տվել սեղանին, դրանով արդարացրել, սրբացրել, ու քիչ մնա՝ հասցրել օրենքի իրավաչափության: Ու ինչպես մնացած դեպքերում, խելոքը գտել է հետեւորդներին, ովքեր գնալով ավելի ու ավելի են գերազանցել իրեն…

Գուգոն կտրատում էր ապխտած երշիկեղենը, ես դասավորում էի ափսեների մեջ: Ու  հարցեր էի տալիս Արմանի հետագայի մասին, իր առողջական վիճակից:

- Ասթմաս որ չլինի, Անուշ ջան, ոչինչ, կամ, էլի: Արմանն էլ, դե, ինձ հետ, քարի ցեխում ա, բզբզում ա,- զուսպ, իրեն հատուկ թեթեւ ժպիտով պատմում էր Գուգոն:

Ուշ երեկոյան, երբ հոգնած բաժանվում էինք տներով, Արմանը բոլորիս համար տաքսի կանչեց ու, վարորդին վճարելով, ճանապարհեց: Ես մտքումս հանգիստ էի, որ Անոյից գոնե այդ մի լուսավոր հիշատակը կա: Ու մտածում էի, որ երեւի Արմանի ամուսնության լուրը շուտով կլսենք, ու վերջապես ուրախ առիթ կլինի իրենց տանը: 

Ավաղ: Երբեմն կյանքն այնպիսի սցենարներ է գրում: Նա կարող է որսալ ամենաթեթեւ թրթռոցն անգամ, երբ իրեն գերազանցող ուժ է տեսնում. խանդոտ կնոջ նման, որը գիտի, թե ոնց դիմավորի ամուսնուն դռան մոտ: Եվ ո՞վ գիտի՝ ինչեր կարող են դուրս գալ վիրավորված ինքնասիրության տակից… 

Շատ չէր անցել այդ օրվանից, երբ մայրս հեռախոսով ասաց, որ Գուգոն… կին է առել:

- Տղա ա, էլի, ինչքա՞ն մնար,- ցածրաձայն արդարացրեց մայրս:

Լուրն ինձ ուրախացրեց անգամ. իսկապես, հո ինքնասպան չի՞ լինելու մարդը, երբ կորցնում է ամուսնուն կամ կնոջը:

- Լավը՝ լավ է արել, բայց եթե իր փոխարեն Անո՜ն լիներ,- չդիմացա:

- Էհ, բալա ջան,- մորս արձագանքը կարճ էր:

Նման իրադարձությունները լույսից էլ արագ են տարածվում. դե լավ է, բախտավորություն նորապսակներին: 

Հայրենադարձ ընտանիքից մի կին էր, ինչպես իմացանք, որը երբեւէ ամուսնացած չէր եղել, շնորհալի, մաքրասեր ու պարկեշտ վարքուբարքով: Մի հանգամանք միայն սառը ցնցուղի պես ցնցեց բոլորիս, այն, որ ամուսնության հավաքույթը նշվել էր Անոյի ծննդյան օրը:

Սա հարված էր մորս: 

- Գոնե էդ օրը չէ: Ումից-ումից՝ Գուգոյից չէի սպասում: Բա էն մուզմուզ Արմանը: Ինչի՞, չէ՞ր կարող օրը փոխել տալ,- լալիս էր մայրս հեռախոսի մեջ, ու ես չգիտեի ոնց հանգստացնել նրան:

Վարագույրի պես մի բան կախվեց այդ օրվանից, որը ծանրորեն ու կամաց ետ  էր շպրտում ջերմությունը, որն ուզում էինք տված լինել Արմանին:

- Գուգոն ի՞նչ, մերը Արմանն ա,- ասում էր մայրս: Ու ես համաձայն էի նրա հետ:

Երբեմն շուկայի մոտ Արմանին հանդիպող քեռուս կինը, ընդհանուր ծանոթներն ասում էին, որ նա ուրախ-ուրախ, մրգերի ու քաղցրավենիքների տոպրակները ձեռքին՝ գնումներ է անում, որ գնա «թազա մոր» տուն:

- Լավ  ա անում, էրեխա ա,- պատասխանում էր մայրս, բայց զգում էի, որ վիրավորվում է, որ Արմանը ո՛չ իրեն, ո՛չ մորաքրոջս տեսնելու չի գնում:

- Թող գնա, նոր հարազատներ ունի, թող գոնե նրանցով ուրախանա,- ասում էր:

Ես էլ, թերեւս, նույնը կասեի, եթե չափազանց զարմացած չլինեի, թե ինչու է հանդիպողներին Արմանը տեղի-անտեղի տեղեկացնում, որ «ատեցը Մարգոյի առաջին տղամարդն ա»:

Ինչո՞ւ նա գիտեր այդ մասին ու ինչո՞ւ էր ասում․ հարցն իմ մեջ իրարամերժ մտքեր էր առաջացնում ու տեղնուտեղն էլ սաստում:

Մի քանի ամիս ոչ մի լուր չունեինք իրենից: Ու հանկարծ ընդհանուր ծանոթ էր հանդիպել քեռուս, որն ասել էր, որ Գուգոն «ետ ա եկել»: Կինը, որի հետ կապել էր կյանքը, պարզվել էր՝ ունի նույն հիվանդությունը, ինչ Անոն, այն էլ՝ արագահաս (բախտի հեգնանք): Լուրը ցնցեց բոլորիս: Սակայն դա էլ վերջը չէր: Հոր ու տղայի միջեւ հաճախացող վեճերն ու կռիվներն այնքան էին թեժացել, որ Գուգոն անգամ սկսել էր գնալ կրտսեր քեռուս մոտ՝ սիրտը դատարկելու: Այն տուն, որտեղից մի օր եկել էր Անոյի ձեռքը խնդրելու: Գուգոյի միակ սփոփումն ու հարազատը մնացել էին մերոնք, ում հետ նա ազատ խոսում ու լացը լալիս էր: Մի անգամ Արմանից այնքան լցված է եղել, որ ասել է, թե «միայն մահն իրեն կփրկի»: Գուգոյի որսորդական հրացանի համար կռված էին եղել, Արմանը վերցրած էր եղել հրացանը, հոր ետեւից ընկած: Գուգոն մի քանի օրով եկել էր տատիս տուն: Ու նույնիսկ խնդրել էր, թե քեռիս չի՞ ասի մորս, որ մի քանի օր Արմանի մոտ մնա, գուցե խելքի բերի: Մայրս սարսափել էր:

- Այ բալա, եթե իրա հերը չի կարում հախից գա, ես ի՞նչ կարամ անեմ,- ասում էր նա հեռախոսով ու ինձնից իր մտահոգության արդարացումն ուզում:

- Դու քո տեղը մնա, քո նյարդերը կդիմանա՞ն,- խրատում էի ես՝ ինքս էլ չիմանալով՝ վերջն ինչ է լինելու:

- Դու գործ չունես, մա՜մ, մա՜մ ջան, հիմա էլ հերթը քե՞զ հասնի,- վախեցած զգուշացնում էի նրան:

Փոքր քաղաք, շուտ հասնող լուրեր: Գուգոյի համար հաճախ կանչվող շտապօգնություն ու այդ մասին մեզ տեղեկացնող ծանոթներ: Մի օր իմացանք, որ նա ասթմայի նոպայից ուշքի չի եկել ու վախճանվել է: Իր նոր կնոջից էլ շուտ: 

Արմանի առջեւ փակվել էին հորական հարազատների, նոր «մոր» ու բոլոր ծանոթների տների դռները: Անսպասելի հայտնվող ուրվական էր դարձել՝ ահ ու վախ առաջացնելով շրջապատում: Ու երբեմն միայն մերոնք էին նրան առնում իրենց գիրկը, կերակրում, խրատ ու խելք սովորեցնում, որ աշխատի, տունն ու վերջին կոպեկը քամուն չտա, բայց՝ ապարդյուն: Նա երկար, սեւեռուն հայացքը մի կետի պահած՝ լսում-լսում էր, ապա լռում՝ առանց մի բառ ասելու: Մի քանի անգամ էլ ասել էր, որ իրենց տան վրա անեծք կա, ու ինքը գտնելու է: Քեռիս տեսել էր պատերի վրա նրա բացած փոսերը, որոնցում Արմանը հին կախարդությունների հետքեր էր փնտրել ու, իբր, գտել էր «666» թիվը՝ պատի ծեփի տակ փորագրված, որը համարում էր սատանայի միջամտություն: Ասել էր, որ հոր հետ են դեռ փնտրել, բայց «ատեցը» հոգնել էր, իսկ ինքը շարունակելու է: Ինքը գտնելու է, գնալու է դեռ Արսենին էլ վերցնի ու հետը տանի արտասահման, որ Արսենը «մի բանի հասնի, որովհետեւ ատեցն ու մաման եթե ուզեին, Արսենը շատ առաջ կգնար, գիտելիքները շատ էին»:

Մի օր էլ մայրս էր իր բնակարանի շքամուտքում կավիճով գրված տեսել չարաբաստիկ թիվը ու համոզված էր, որ գրողն Արմանն է. «Միայն նա կաներ: Միայն նա: Էս երկու օրը եկել էր․ ի՜նքը գրած կլինի»:

- Աստված ջա՜ն: Թե ի՜նչ եղավ էդ էրեխուն,- սոսկում էր մայրս հեռախոսի մեջ,- դուռ չբացելով կլինի՞…
Այդ օրերին Վանաձորում լուր տարածվեց, որ հոգեպես անհավասարակշիռ մեկը քաղաքի կենտրոնում, աշխատասենյակում հրացանով կրակել ու սպանել է երիտասարդ նոտարուհուն: Սա վերջին ազդանշանն էր, որ ես ու քույրս մորս խնդրենք՝ երբեք այլեւս Արմանի առջեւ դուռը չբացի: Մանավանդ երբ նյարդահոգեբանական դիսպանսեր դիմելուց հետո պարզվել էր, որ Արմանը նույնպես հին, բաց թողնված ու զարգացող հոգեկան անհավասարակշռություն ունի: Դիսպանսեր դիմելու համար առիթ էր դարձել փաստը, որ պատահաբար հայտնաբերել էին մերոնք, երբ Անոյի գերեզմանին այցի էին գնացել: Նրանք տեսել էին շիրմաքարը շուռ տված ու բետոնի կտորները մուրճով ջարդած: Կասկած չէր մնացել, որ Արմանի ձեռքի գործն է:

Արմանին դիսպանսերը վերցրել էր հաշվառման, բուժել պահանջված ժամկետում եւ ստորագրությամբ ու հսկողության տակ մնալու պահանջով տուն թողել: Երբեմն հարեւաններից հասնում են տեղեկություններ, թե ինչով է զբաղվում նա: Ասում են՝ հիմնականում հանգիստ է, բայց երբեմն աղմուկ է գալիս տնից, ասես ինչ-որ բան ջարդում-փշրում է: Մի անգամ էլ տեսնող էր եղել, թե «շատ էլ լավ է», «տաքսավատ» անելու պլաններ ունի եւ մեծ ցանկություն՝ ուրիշ երկիր մեկնելու: Բայց շուտով իմացանք, որ մեքենան նույնպես ինչ-որ գրավի դիմաց կորցրել է:

Քայլող ու շնչող մենակություն, որը, միգուցե, իրիկունները հանում է հոգին հագուստից ու մրսում հուշերի մեջ: Ու քանդում մթության խորշերը՝ գոնե մի մոմ գտնելու հույսով: Բայց հանդիպում են միայն ծուռ ժպիտներ ու սիրելի դեմքերը՝ սառած կրակներով: Չգիտես՝ ո՞ր մեղքի համար ու ո՞ր սիրո դիմաց: Որ այդպես էլ չկարողացանք հասկանալ, թե ինչը մենք չնկատեցինք, որ պիտի նկատեինք, ու ինչը բաց թողեցինք ձեռքներիցս, որ չպիտի բաց թողնեինք:

- Էդ նա՜ կերավ բոլորի գլուխը,- երբ հարցնում եմ Արմանի մասին, մայրս սոսկում է: Ու ես լռում եմ՝ փորձելով հանգստացնել նրան, այդպես էլ չհամակերպվելով՝ բայց ինչո՞ւ:

Ցերեկները, երբ Արմանը ամպի նման հավաքվում ու թափվում է  փոքրիկ քաղաքում՝ առանց ծիածանի կապվելով հարազատներից որեւէ մեկի դռանը, խիղճը կռիվ է տալիս մորս մեջ: Եվ ամեն անգամ, երբ համարձակությունը չի հերիքում դուռը նրա առաջ բացելու, մայրս օրերով փակվում է: Ու բացվում է միայն գերեզմանատանը, ուր գնում է մեր ուղեկցությամբ: Նա չոքում է Անոյի մոտ, թաշկինակով սրբում քարի փոշին ու շշնջում անհավատալին. 

- Ինչ լավ ա, որ դու մեռար… Ինչ լա՜վ որ մեռար, Անո՜… 

Հետո փղձկում է բարձրաձայն, ու բառերը ճաքում են հերթով.

- Թե չէ երկրորդ անգա՜մ էիր մեռնելու, Անո՜ ջան…

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ