Պետք չէ շտապել՝ մեր ցավը, վիշտը դարձնել ներկայացում

Պետք չէ շտապել՝ մեր ցավը, վիշտը դարձնել ներկայացում

Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնն այս օրերին զբաղված է ամանորյա մանկական ներկայացումների ժամանակացույցը ճշգրտելով: Թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը մեզ հետ զրույցում նշում է` դեկտեմբերի 25, 26, 27-ին, ինչպես նաեւ հունվարին, նախատեսում են խաղալ մանկական հեքիաթ-ներկայացում` Անդերսենի «Ձյունե թագուհին»: Այդ ներկայացումները կկրեն նաեւ բարեգործական բնույթ, որոնց՝ անվճար հիմունքներով եւ պատվավոր հյուրի կարգավիճակում, ներկա կլինեն արցախցի փոքրիկները, մանկատների, անապահով խավի եւ զոհված ազատամարտիկների երեխաները: 

Տնօրենը նկատում է` պատերազմի այս ողջ ընթացքում բեմադրություններ են ներկայացրել Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված երեխաների համար, որոնց փորձում էին դուրս բերել սթրեսային վիճակից։ «Հիմա բոլորս սթրեսային վիճակի մեջ ենք, իսկ երեխաները` հատկապես, որոնց անհրաժեշտ է մի փոքր հեքիաթ նվիրել»,-ասում է Մխիթարյանն ու ընդգծում, որ պետք է այդ փոքրիկ տոնն ապահովել երեխաների համար՝ լինի դա տոնածառի, թե ամանորյա ներկայացումների միջոցով։ 

«Մեր երեխաները ոչ մի մեղք չունեն, իսկ տոնածառը խորհուրդ է` Սուրբ ծննդյան տոների անբաժանելի խորհուրդը: Եվ կարծում եմ՝ թե՛ երեխաները, թե՛ նրանց ծնողները կարիք ունեն դուրս գալու այս հոգեվիճակից: Չեմ ասում` զուռնա-դհոլով, երգ ու պարով, խինդ ու ծիծաղով անենք դա, բայց, բոլոր դեպքերում, պետք է հիշենք, որ կյանքը շարունակվում է, ծանր, բայց շարունակվում է: Եվ չպետք է ուրախացնենք մեր թշնամուն այն բանով, որ մենք առաջ չենք նայում, մենք չպետք է ուրախացնենք մեր թշնամուն նրանով, որ մեր երեխաների, նրանց ապագայի համար չենք մտածում։ Այո, շատ ծանր է այս վիճակը, ողբերգություն է կատարվել, բայց կյանքը շարունակվում է»,-ասում է տնօրենն ու նկատում, որ թեեւ դժվարությամբ, բայց դերասաններն էլ իրենց մեջ ուժ են գտնում խաղալու, փորձեր անելու. «Քիչ առաջ Դիլիջանից զանգեցին եւ ասացին, որ մոտ 60 արցախցի երեխաներ անհամբեր սպասում են այդ օրվան եւ շատ են ուզում գալ ամանորյա ներկայացում դիտելու, որը եթե չլինի, ավելի լուրջ սթրես կարող է դառնալ»:

Հնարավո՞ր է առաջիկայում պատերազմի օրերի մասին պատմող որեւէ նոր գործ բեմադրվի։ Սակայն Մխիթարյանը վստահ չէ, քանի որ սա շատ նուրբ թեմա է, եւ պատերազմի մասին ներկայացումներն այսօր այնքան էլ տեղին չեն լինի. «Հիմա մեր ցավը, վիշտն այնքան խորն են, որ այսօր դրա ժամանակը չէ: Մենք պետք է մի փոքր անալիզ անենք, պետք է ծնվեն այդ տեսակ գործեր, որովհետեւ այն կադրերը, որ այս օրերին տեսնում ենք համացանցով, հեռուստաեթերով` մեր զինվորների հետ կապված, դրանք այնքան ազդեցիկ են, բարձր եւ խորը, որ ես հիմա չեմ պատկերացնում որեւիցե մի պիես, որը համազոր կլինի այդ ամենին: Իսկ ուղղակի մեր վիշտը, ցավը դարձնել ներկայացում, ես դրան դեմ եմ` պետք չէ շտապել: Մենք հիմա առաջնային կարիք ունենք դուրս գալու այս հոգեվիճակից, իսկ անընդհատ աղ լցնել այդ վերքի վրա` ճիշտ չէ, եւ դրա ժամանակը չէ, վերքը պետք է սպիանա, իսկ այդ սպին հավերժ կմնա մեր սրտերում: Մենք հիմա տաք ենք եւ ամբողջությամբ չենք ընկալում, թե ինչ կատարվեց, բայց, միեւնույն է՝ կյանքը շարունակվում է, եւ մեր ազգը պետք է էլ ավելի պինդ եւ ուժեղ լինի, նայի առաջ, որպեսզի ծնվեն նոր տղաներ, աղջիկներ, որոնք պետք է կերտեն նոր ու երջանիկ երկիր»: 

Թատրոնի տնօրենը նշում է, որ տարվա ընթացքում թե՛ կորոնավիրուսը, թե՛ պատերազմը մեծապես ազդեցին մշակութային կյանքի վրա, բայց չի սիրում դժգոհել, համավարակի օրերին 3 առաջնախաղ են ունեցել, հիմա էլ թատրոնում փորձեր են ընթանում, թատրոնի գեղարվեստական ղեկավարը` Կարեն Ներսիսյանը, բեմադրում է ամերիկյան գործ` «Մարդիկ, կենդանիներ, հանգամանքներ»: «Մենք, բոլոր դեպքերում, նախատեսում ենք ամսի 19-20-ին, որպես ավարտական աշխատանք, այն ներկայացնել հանդիսատեսին»: 

Ինչ վերաբերում է ֆինանսական հարցերին, ապա չի ուզում խոսել դրա մասին, քանի որ չի սիրում լաց լինել եւ բողոքել, բայց, բնականաբար, եթե թատրոնը շուրջ 9 ամիս չի աշխատում, դա լուրջ է, չնայած որ ստացել են աշխատավարձ․ «Լիահույս եմ, որ Նոր տարին կբերի նոր հույսեր: Ամեն դեպքում` հուսանք»: