Անտեղյակ թաղապետն ու անանցանելի ճանապարհը 

Անտեղյակ թաղապետն ու անանցանելի ճանապարհը 

Հորդառատ անձրեւների պատճառով Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչների համար դժվարանցանելի է դարձել ճանապարհը: Ըստ բնակիչների՝ անձրեւոտ օրերին թաղամասի այդ հատվածով ցեխի ու անձրեւաջրերի միջով չեն կարողանում անցուդարձ կատարել: Խնդրի մասին տեղյակ են նաեւ քաղաքապետարանում, սակայն ո՛չ թաղապետին, ո՛չ էլ քաղաքապետին հարցը չի հուզում: Ավելին՝ Ջրառատի թաղապետ Հենրիկ Կոտանյանը պնդում է, որ թաղամասում անանցանելի ճանապարհ չունեն. 

«Մենք էդպես ճամփա չունենք, որ անանցանելի ըլնի, որովհետեւ մենք շատ ուշադիր ենք, էդ ո՞ր բնակիչներն են բողոքել, հասցեները կասե՞ք»: Թաղապետին բացատրեցինք, թե թաղամասի ո՞ր հատվածի ճանապարհն է անանցանելի, ապա հարցրեցինք՝ այդ հատվածում խնդիր կա՞, թե ո՞չ. «Ըտեղ պտի ջրահեռացման հարց լուծվի, էդտեղ անընդհատ գռեդերով տալիս ենք դզել, անձրեւները գալիս է, էլի լցվում են փոսերը: Ժամանակին ջրահեռացումը եղել ա, ժողովուրդը այդ մասը փակելա»: Ինչպե՞ս են փակել: 

«Գառաժ են սարքած, տուն են սարքած, ամբողջ թաղը գիտի էդ մասին, սաղն էլ կուրսի են, քաղաքպետն էլ ա կուրսի: Պիտի ծրագիր լինի, որ կարողանանք այդ աշխատանքները կատարենք: Էդ փողոցը նաեւ պիտի ասֆալտապատվի»: 

Հարցրինք՝ փողոցը կասֆալտապատեք, նո՞ր ջրահեռացման հարցը կլուծեք. «Չէ ջրահեռացման հարցը պիտի լուծենք, նոր ասֆալտապատենք, բայց դա էս տարվա ծրագրի մեջ չկա»: Հրազդանի քաղաքապետարանից հայտնեցին, որ կփորձեն խնդրին ծանոթանալ եւ հարցին լուծում տալ. «Այս տարի հազիվ կարողանանք անցած տարվա ծրագիրը ավարտին հասցնել: Թաղամասի այդ հատվածում խնդիրը կհասկանանք, կփորձենք լուծել»: 

Նշենք, որ անցած տարի լայն թափով ասֆալտապատման աշխատանքներ իրականացվեցին Հրազդանում: Ասֆալտապատվեցին գլխավոր եւ երկրորդական փողոցները, շենքերի բակերը: Այս տարի, սակայն, բակային ասֆալտապատում չի իրականացվելու, անցած տարվա պես Հրազդանը ինչպես քաղաքապետարանում էին ասում «շինհրապարակի» չի վերածվի: Ներկայումս քաղաքում ոչ մի ասֆալտապատման աշխատանքներ չի իրականացվում, որոշ թաղամասերում կատարել են միայն փոսային լցումներ: