Իսպանիայից պատմում է մեր հայրենակիցը

Իսպանիայից պատմում է մեր հայրենակիցը

18 օր կարանտինի մեջ ապրած մեր հայրենակիցը Իսպանիայից պատմում է, թե ինչպես են անցկացրել այդ օրերը։ Թերեւս ամենադաժան կարանտինը սահմանված է Իսպանիայում, որտեղ փողոց դուրս գալը տառացիորեն արգելված է։ Եւ եթե քաղաքացիներն իրենց պատուհանից տեսնում են փողոցում քայլող ինչ որ մեկին, անմիջապես ոստիկանություն են զանգում։ Խանութ կարելի է գնալ միայն ամբողջությամբ հանդերձավորված՝ ակնոցով, դիմակով եւ ձեռնոցով։ Մեքենայի մեջ պետք է մեկ անձ լինի, իսկ խանութ մտնում են մեկուկես մետր հեռավորության վրա եւ շատ քիչ մարդիկ, մյուսները՝ սպասում են դրսում։ Սննդի՝ տուն պատվիրելու համակարգերը գրեթե չե գործում, իսկ եթե գործում են, ապա պատվերը տեղ են հասցնում մեկ շաբաթ, 10 օր անց։ Դրա համար նախապես պատվիրում են անհրաժետշ մթերքը, ապա իրենք գնում խանութ՝ պատվերը տուն տանելու։ Եթե նախապես պատվիրել ես սնունդը, ապա այն դուրս են բերում խանութից, հենց փողոցում ձեւակերպում են վաճառքը եւ տեղավորում մեքենայի մեջ։

Սնունդը բերելով տուն՝ մեկ ամբողջ օր թողնում են բաց պատշգամբում կամ բակում, որպեսզի վիրուսները ոչնչանան։ Տուն մտնելուց առաջ ամբողջ հագուստն ու կոշիկները հանում են, այդ բոլորը լվացվում եւ ախտահանվում է։ Մոտ մեկ շաբաթ առաջ հայտարարվել է, որ հացի գործարանները դադարեցնում են աշխատանքը եւ մարդիկ հացն այժմ տներում են թխում։ Հաց գնելու պարագայում մարդիկ ավելի հաճախ էին գնում խանութ, քան մյուս մթերքների դեպքում։ Այժմ աշխատում են հնարավորինս շատ մթերք գնել եւ ուշ-ուշ գնալ սննդի հետեւից։ Խանութում վճարում են բացառապես պլաստիկ քարտերով, թղթե փող չեն վերցնում։ 

Իսպանիայում բոլորը շունչները պահած հետեւում են վարակի վիճակագրությանը։ Այսօր արձանագրել էին, որ նախորդ օրվա համեմատ 1500-ով վարակման դեպքերը նվազել են՝ 9222-ից իջնելով 7719-ի եւ մեծ ուրախություն էին ապրում։ Թեեւ մահերի ստատիստիկան դեռ սահմռկեցուցիչ է՝ նախորդ օրը 849 մահ, այսօր՝ 867։ Մեր հայրենակիցը պատմում էր, որ Իսպանիայում կարծում են, որ Չինաստանը կեղծում է իրական պատկերը։ Կորոնավիրուսի իրական պատկերը երեւում է Իտալիայում եւ Իսպանիայում։ Իսկ չինացիները թաքցնում են եւ հիվանդությունների, եւ մահվան դեպքերը։