Գագիկ Խաչատրյանն ունի ողնուղեղի հետ կապված լուրջ առողջական խնդիր․ առաջարկում են 230 մլն գրավով ազատ արձակել

Գագիկ Խաչատրյանն ունի ողնուղեղի հետ կապված լուրջ առողջական խնդիր․ առաջարկում են 230 մլն գրավով ազատ արձակել

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանքը երկու ամսով կերակարաձգվի՞, թե՞ ոչ, հայտնի կլինի վաղը, երբ դատարանը կհրապարակի որոշումը։ ԱԱԾ միջնորդությունը քննելու նիստին Գագիկ Խաչատրյանը ներկա չի գտնվել, ինչպես իր պաշտպան Երեմ Սարգսյանին նիստը ավարտից հետո նշեց՝ առողջական խնդրի պատճառով։

«Երբ միջնորդություն ներկայացրինք վարույթն իրականացնող մարմնին, որպեսզի Գագիկ Խաչատրյանին թույլատրեն մոտ 10 օրով մեկնել Գերմանիա և այնտեղ բուժումը շարունակել, քննիչը հետաձգեց միջնորդության քննությունը, մինչև էական հանգամանքների պարզումը, և մինչև օրս միջնորդության վերաբերյալ պատասխան չեն հայտնել»,-նշում է Երեմ Սարգսյանը։

Նրա խոսքով՝  քննիչի կողմից մատնանշված էական հանգամանքները պարզելու համար նշանակվել էր բժշկական կոնսիլիում, որի եզրակացության տրամադրումը ևս ձգձգվել է։ Իսկ բժշկական կոնսիլիումը հետազոտության եզրակացությունը տրամադրել է Գագիկ Խաչատրյանին կալանավորելու որոշումից հետո․ «Առողջապահության նախարարի հրամանով Հայաստանի առաջատար մասնագետների մասնակցությամբ հրավիրվեց կոնսիլիում։ Հետազոտություններն ավարտվեցին, սակայն եզրակացությունը մեկ ամիս չտրվեց. հանկարծ պարզվեց, որ մեկ ամիս անց կոնսիլիումի անդամները չէին կարողացել որոշել, թե ինչ առողջակա խնդիրներ ունի Խաչատրյանը և նոր՝ ավելի ընդլայնված կազմով կոնսիլիում հրավիրվեց։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ կոնսիլիումի պատասխանը դեռևս հուլիսի 4–ին էր պատրաստ, սակայն եզրակացությունը չէր տրամադրվում ոչ դատախազներին և ոչ էլ պաշտպանական կողմին»
Երեմ Սարգսյանի խոսքով՝ Գագիկ Խաչատրյանն ունի ողնուղեղի հետ կապված լուրջ առողջական խնդիր։
Նիստին մեղադրանքի կողմը հիմնավորել է, թե ինչու պետք է Խաչատրյանը մնա կալանքի տակ․ «Մենք հակափաստարկներն էինք ներկայացնում։ Իրենց հիմնավորումը նույնն է. այն, որ անձը մնալով ազատության մեջ կարող է խոչընդոտել գործի քննությանը։ Նրանք համարում են, որ որևէ այլընտրանքային խափանման միջոց, այդ թվում՝ գրավը, չի կարող ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը»։
Նիստին Երեմ Սարգսյանը նաեւ ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանին, մասնավորապես, նա նշել է այն փաստարկը, որ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ բոլոր միջնորդությունները քննում է նույն դատավորը։ Խոսքը վերաբերվում է Խաչատրյանին պատկանող առանձնատանը և այլ տարածքներում  խուզարկություններ իրականացնելու թույլատրություն տալուն, նրան կալանավորելու, ինչպես նաև կալանքը երկարաձգելու միջնորդություններին։
«Ինչպե՞ս է ստացվում, որ նույն դատավորին է մակագրվում գործը։ Դատարանի այն պատճառաբանությունը, թե նա է հերթապահ դատավորը, հիմնավոր չէ,  քանի որ այս նստավայրում հերթապահ դատավորները 5-ն են և այլ դատավորի կարող էր մակագրվել»,-հարցադրում է կատարում պաշտպանը։

Սակայն դատարանը մերժել է պաշտպանի ինքնաբացարկի միջնորդությունը։
Հարցին, թե գրավի միջնորդություն ներկայացրե՞լ են, Երեմ Սարգսյանը տվեց դրական պատասխան՝ նշելով, որ գրավի չափ առաջարկել են 230 մլն դրամը։
 Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելը) նախատեսված հանցագործությունների կատարման՝ պաշտոնեական դիրքի չարաշահման եւ առանձնապես խոշոր չափերի վատնման համար։