ԱԺ քննիչ հանձնաժողովը կպարզի՞ Շուշիի անկման պատասխանատուին

ԱԺ քննիչ հանձնաժողովը կպարզի՞ Շուշիի անկման պատասխանատուին

«Շուշին ազատագրող գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանն այս օրերին դարձել է Շուշին պաշտպանող լեգենդար հրամանատար». կապիտուլյացիայի կնքումից ուղիղ 24 ժամ առաջ՝ նոյեմբերի 8-ի երեկոյան, Հանրայինի եթերով ասում էր ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Հետո արդեն պիտի պարզվեր, որ քաղաքն առնվազն նոյեմբերի 6-ից հայկական վերահսկողության տակ չէ, իսկ այն վերանվաճելու հայկական զորքերի հուսահատ ու տարերային փորձերի մասին Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ի երեկոյան գրում էր․ «Շուշիի համար մարտերը շարունակվում են»։ Փաստն այն է, որ այդ պահին եռակողմ փաստաթուղթն արդեն վաղուց պատրաստ էր։

Պատերազմի վերջին օրերի ժամանակագրությունը վերաթերթելն ու դրան նոր հայացք գցելը շատ ուշագրավ հանգամանքների վրա կարող է լույս սփռել։ Նոյեմբերի սկզբին Արցախի նախագահը, այցելելով Շուշի, առանձնահատուկ շնորհակալություն էր հայտնել գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին՝ Շուշիի ինքնապաշտպանությունը ղեկավարելու համար։ Հետո պիտի պարզվեր, որ Օհանյանը չի ղեկավարել քաղաքի ինքնապաշտպանությունը, իսկ իրական պատասխանատուի անունն առ այս պահը չի հրապարակվել։

Պատերազմի վերջին օրը՝ նոյեմբերի 9-ի առավոտյան, Արցախի նախագահը Ստեփանակերտի պաշտպանական մատույցներում էր (որքան սարսափելի է հնչում՝ Ստեփանակերտի պաշտպանական մատույցներ) եւ շնորհակալություն էր հայտնել ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանին՝ ինքնապաշտպանությունը ղեկավարելու համար, անգամ նշել էր, որ պատմությունը հետագայում նրա արժանիքների մասին դեռեւս կխոսի։ Ինչպես Օհանյանը, այնպես էլ Մնացականյանը պահեստազորի գեներալներ էին, ու շատ տարակուսելի էր անկման վտանգի տակ գտնվող քաղաքների պաշտպանությունը նրանց վերապահելն այն դեպքում, երբ շաբաթներ առաջ այդ անձանց չէին թույլատրում նույնիսկ ՊԲ բունկեր մտնել եւ օպերացիաներ կազմել։

Պատերազմի ավարտից ուղիղ մեկուկես տարի առաջ՝ 2019-ի հունիսին, երբ խորհրդարանում ձեւավորվում էր ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, Սեյրան Օհանյանը համարձակություն էր ունեցել պնդելու, թե այդ հանձնաժողովում կան չծառայած պատգամավորներ, որոնք չեն կարող ամբողջական պատկերացում ունենալ ապրիլյան պատերազմի, բանակի, Արցախի եւ առաջնագծի մասին։

Դրան հակադարձել էր ԱԺ վերընտրված պատգամավորներից Քրիստինե Պողոսյանը՝ ասելով բառացիորեն հետեւյալը․ «Սեյրան Օհանյանը սարսափի մեջ է, թող մի քիչ հանգստացնող դեղեր խմի, հանգիստ նստի տեղը, հերթը կհասնի իրեն, ինքը կպատասխանի բոլոր հարցերին, որն իրեն կուղղի ԱԺ-ն»։ Իհարկե, չակերտյալ քաղհասարակությունից որեւէ մեկը չդատապարտեց կին իշխանավորի խոսքը, ոչ էլ էթիկայի հանձնաժողովի ձեւավորման առաջարկ արեց, չհուշեց, որ այդկերպ մարտական գեներալի, Արցախի հերոսի, պաշտպանության նախկին նախարարի մասին չի կարելի խոսել, այդպես Սեյրան Օհանյանի մասին խոսում է բացառապես Ադրբեջանը։

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով մի հերթական նիստում, երբ Օհանյանը բուժման նպատակով արտերկիր գնալու թույլտվություն էր հայցում դատարանից, դատախազն ասաց՝ մեզ երաշխիքներ են պետք, որ Դուք հետ կվերադառնաք, մեզ երաշխավորագիր բերեք։
Իշխանության կողմից ներքին թշնամի հայտարարված այս գեներալը, ահա, պարզվում է՝ Շուշիի ինքնապաշտպանության օրերին մեր միակ հույսն ու հենարանն էր, որին շարունակ շնորհակալություն էին հայտնում, հետը լուսանկարվում, իսկ քաղաքի անկումից հետո դարձավ քավության նոխազ՝ Շուշիի կորստի հիմնական պատասխանատուն։

Այսօր ԱԺ նախագահացուն հայտարարեց, որ ստեղծվելու է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։ Հետաքրքրական է՝ դրանում իշխանությունն ի՞նչ դեր է վերապահել ընդդիմությանը, ի՞նչ կարգավիճակ է ունենալու Սեյրան Օհանյանն այդ հանձնաժողովում, եւ նրա խոստացած բացահայտումներն ի՞նչ ազդեցություն են թողնելու ներքաղաքական կյանքի վրա։

Դավիթ Սարգսյան