Թողե՛ք, թող աշխատեն

Թողե՛ք, թող աշխատեն

ՀՀ կառավարության վերջին նիստում Նիկոլը հայտարարել է, որ իրենց ծրագիրը հենվելու է մինչև 2050 թվականը Հայաստանի վերափոխման ռազմավարության և անցած ընտրության քարոզարշավում հնչած նախընտրական խոստումների վրա: Սկսեմ վերջից՝ «եռագույն բանծիկով չաքուջի հայտնությունից» հետո Նիկոլի նախընտրական խոստումներին անդրադառնալու հարկ չկա: Եթե դրանք քննարկման թեմա են, ապա ոչ թե սովորական, նորմալ լսարանում, այլ նեղ մասնագիտության փորձագետների շրջանակում: Եվ նշանակություն չունի՝ «չաքուջային» գաղափարը սեփական մտահղացում էր, թե փոխառնված: Կարևորը, որ հավանության էր արժանացել և կյանքի կոչվել: 

Անցնենք մինչև 2050 թվականը Հայաստանի վերափոխման ռազմավարությանը: Վերջերս սարկաստիկ անդրադարձ էի կատարել այդ «փաստաթղթի» մի շարք ցուցանիշներին: Վստահ չեմ, թե նիկոլական հայտարարության առումով անդրադարձս որևէ դեր կատարել է, թե ոչ: Ավելի շատ ենթադրում եմ, որ պատահական համընկնում է եղել: Բայց ինչ էլ եղած լինի՝ վարաչապետի աթոռին կրկին տիրացած անձը չի ընկալում, որ կորցրել ենք Արցախ, որ Հայաստանի սահմաններին ադրբեջանցին ցանկացածն է անում: Որ բարոյա-հոգեբանական խնդիրների հետ մեկտեղ ունենք ռազմական, տնտեսական, քաղաքական մարտահրավերներ: Դա նշանակում է, որ կառավարության ղեկավարը պետք է ոչ թե հղում աներ նախքան պատերազմը կազմված ռազմավարության վրա, այլ վաղուց փորձեր դրա բովանդակությունը համապատասխանեցնել նոր ձևավորված իրողություններին:  

Որքան հասկանում եմ՝ նման բան չի արվել, չկա նաև ցանկություն նման բան անելու: Եվ ինչն ավելի էական է՝ չկա նույնիսկ նման բան անելու անհրաժեշտության գիտակցումը: Ինչը նշանակում է, որ երեք տարին ու պատերազմն էլ հետը դաս չեղան, որպեսզի Նիկոլն ու իր շրջապատը ձեռք բերեն մեր երկրում գործող կառավարման ակադեմիայի ուսանողի մակարդակ: Ինչպես ասում են՝ սովորելն ամոթ չէ՝ որ տարիքում էլ այն կյանքի կոչվի: Ես կավելացնեի՝ ամոթ չէ սովորելը որ պաշտոնում էլ լինես՝ թեկուզ վարչապետի պաշտոնում: Բայց սրանք աչքիս ամենա, ամենագիտուն մասնագետներն են՝ իրենք սովորելու կարիք չունեն: Ոչինչ, որ անհեթեթություններ են ասում և անում՝ կարևորը գոհ է իրենց ընտրած ժողովուրդը:

Վերջին նախադասությունը գրեցի ու հիշեցի 2018-ի գարնանից մինչև 2020 թվականի աշնանը սոցիալական ցանցերում և հատկապես ֆեյսբուքում անընդհատ գրառվող «թողե՛ք, թող աշխատեն» արտահայտությունը: Իհարկե, թողեցինք՝ ուրիշ ի՞նչ կարող էինք անել: Չէ, որ նաև մենք էինք նրանց տվել այդ իրավասությունը: Տվել էինք որպես վարչապետ, որպես նախարարաներ ու փոխնախարարներ, ինչպես նաև որպես ազգընտիրներ աշխատելու իրավասությունը: Տվել էինք նաև ողջամիտ ժամանակ՝ սխալվելու դեպքում դրանք ուղղելու: Սակայն կյանքը ցույց տվեց, որ սխալվողը մենք էինք և ոչ թե դրանք: Եթե մենք չսխալվեինք, ապա չէին լինի նաև դրանց սխալները և այդ թվում՝ «թողե՛ք, թող աշխատեն»-ը: Մնում է, որ մենք կարողանանք ուղղել մեր միակ սխալը՝ ճակատագրական սխալը: