Թուրքը պատարագի ընթացքում

Թուրքը պատարագի ընթացքում

16-րդ դարում, երբ Եվրոպական աշխարհամասն ալեկոծվում էր Հաբսբուրգների և Օսմանյան կայսրության ահեղ դիմակայության արդյունքում, Եվրոպայի քաղաքներն ու գյուղերը ողողված էին սուլթանի գործակալներով, որոնք ընդհանուր իրավիճակի մասին տեղեկատվություն էին ուղարկում Կ. Պոլիս:

Ինչպես թուրք պաշտոնյաները, այնպես էլ այդ գործակալները որպես կանոն տեղյակ չէին Եվրոպայի պատմությունից, մշակույթից և սովորույթներից: Արդյունքում գրիչները մի շարք զավեշտալի իրավիճակներ են արձանագրել: Օրինակ թուրքական գործակալներից մեկը, ներկա գտնվելով Կաթոլիկ եկեղեցու պատարագին (մեսսա), գրում է. «Նրանք սպանեցին փոքրիկ գառանը և խմեցին նրա արյունը»:

Բայց դե հասկանալի է, որ գառը խորհրդանշական կամ էլ հենց քրիստոնեական իմաստով Հիսուս Նազովրեցին է, որը «մորթվել է հանուն մարդկության փրկության»: Եկեղեցու հայրերը, երբ ստեղծում էին քրիստոնեական վարդապետությունը, իրենց առջև խնդիր էին դրել խորհրդանշական և փիլիսոփայական տեսանկյունից կամրջել, միավորել և մեկ ընդհանուր տրամաբանության մեջ մտցնել Հին և Նոր կտակարանները: Այդ տեսանկյունից առաջնային հիմնարար կամուրջն հանդիսացավ Մովսեսի գլխավորությամբ Եգիպտական գերությունից ազատման, Հիսուսի խաչելության և հարության էպիզոդների տրամաբանական միավորումը: Եթե հիշում եք, էպիզոդներից մեկում հրեաները պետք է գառներ մորթեին և իրենց տների դռների վրա արյունով նշաններ անեին, որպեսզի աստված ճանաչեր իր հետևորդներին ու չսպաներ նրանց որդիներին:

Մորթվող և փրկագործող գառի խորհրդանշական գաղափարն արդեն Նոր կտարակարանում դառնում է Հիսուսի հռետորաբանության անբաժանելի մասնիկը: Ինքն իրեն անվանում է «գառն աստծոյ» և մորթվելու իսկ հետո նաև փրկելու մասին անուղղակի կերպով ակնարկում վերջին ընթրիքի ժամանակ:

Եվ ահա, Քրիստոնեական եկեղեցիները, որոնց թվում նաև Կաթոլիկ եկեղեցին ամեն անգամ պատարագի ժամանակ վերապրում են վերջին ընթրիքը՝ սիմվոլիկ պատկերելով մորթվող և փրկագործող գառան աստվածաշնչյան էպիզոդները:

Բայց թուրք գործակալները տեղյակ չէին այս ամենից: Կ. Պոլսում ծագումով բելգիացի դեսպան Բուսբեկը գրում է. «թուրք պաշտոնյաները պատկերացում չունեն ժամանակագրության և տարեթվերի մասին, նրանք բոլոր ժամանակաշրջանների քաոսային խառնուրդ են ստեղծում»: