Մեղավոր է Փաշինյանը, «պատժվում» են նախարարները

Մեղավոր է Փաշինյանը, «պատժվում» են նախարարները

Նիկոլ Փաշինյանը որոշել է առաջնորդվել Սերժ Սարգսյանի օրինակով՝ իր մեղքերը բարդել այլ պաշտոնյաների վրա եւ իր սխալները «կոմպենսացնել» նրանց պաշտոնից ազատելով։ Արցախի կապիտուլյացիայի խայտառակ փաստաթուղթը ստորագրելուց հետո փողոց դուրս եկած ժողովուրդը պահանջում է Փաշինյանի անհապաղ հեռացումը, իսկ վերջինս ազատում է կառավարության անդամներին, որ մեղմի ժողովրդի ցասումն ու կոտրի իր դեմ բողոքի ալիքը։ Ստացվում է՝ բոլորը մեղավոր են, բացի իրենից։

Բայց նրա հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերը մտադիր չեն «ուտել» այս «կտերը»։ Նրանք շարունակելու են պահանջել «հողերը հանձնած» վարչապետի հրաժարականը։

ԲՀԿ-ից Արման Աբովյանը հաստատեց, որ իրենց պահանջը նույնն է՝ Նիկոլ Փաշինյանը պետք է անհապաղ հեռանա, ԼՀԿ-ից Անի Սամսոնյանն էլ հիշեցրեց 2017 թվականը, երբ Սերժ Սարգսյանը փորձեց Կարեն Կարապետյանով հասարակությանը խաբել։ «Եթե այդ նախարարներին հեռացնում են վատ աշխատելու համար, ապա թող մինչեւ պատերազմը հեռացնեին։ Բազմաթիվ նախարարների հեռացման հարցն էինք դրել, ինչո՞ւ է հիմա որոշել, քավության նոխա՞զ են նրա համար այդ նախարարները»,- ասաց նա։

Հայտնի փաստաթուղթը ստորագրելուց հետո Նիկոլ Փաշինյանն արդեն 4 նախարար է փոխել։ Առաջինը ազատվեց արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, ով վերջին պահին հայտարարեց, որ Շուշիի հարցը չի եղել բանակցային սեղանին՝ հակադրվելով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ Մնացականյանին փոխարինեց ընդամենը մեկ ամիս առաջ ԱԳ փոխնախարար նշանակված Արա Այվազյանը, ով ժամանակին Արգենտինայում եւ Ուրուգվայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանն է եղել։ Նրա մասին երեկ բացասական տեղեկատվություն հրապարակվեց, որ թույլ կադր է՝ տարբեր սկանդալային պատմություններով հայտնի։ Նոյեմբերի 17-ին պաշտոնից ազատման դիմում գրեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Նա հին հանրապետական էր, սակայն հեղափոխությունից հետո լքել էր ՀՀԿ շարքերը, անցել Նիկոլ Փաշինյանի կողմը, հիմա էլ, փաստորեն, արագ կողմնորոշվեց եւ լքեց Փաշինյանի թիմը։ Նրա փոխարեն նշանակվեց Անդրանիկ Փիլոյանը՝ 5-րդ բանակային կորպուսի հրամանատարը։

Երեկ եւս 2 նախարար ազատվեցին, առաջինը՝ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, որի աթոռի վրա աչք ուներ «Իմ քայլի» պատգամավոր Քոչարյան Անդրանիկը, ով ակտիվորեն զբաղված էր Տոնոյանին վարկաբեկելով, սակայն նրա սպասումները, ինչպես եւ գրել էինք, չարդարացան՝ նախարար նշանակվեց վարչապետի գլխավոր խորհրդական, 1999-2000 թթ․ պաշտպանության նախարար աշխատած Վաղարշակ Հարությունյանը։

Հետո հայտարարվեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի ազատման մասին, որ Փաշինյանի կառավարության սորոսական ու ամենաչստացված կադրերից էր։ Նրա փոխարեն նշանակվեց «Իմ քայլը» դաշինքի մաս կազմող «Առաքելություն» կուսակցության անդամ, տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը։
Հրաժարականների շքերթը, մեր տեղեկություններով, այսքանով չի ավարտվելու։ Արդեն տեղեկություն կա, որ արդարադատության նախարարին փոխարինող են փնտրում՝ չեն գտնում, Ռուստամ Բադասյանին էլ են որոշել փոխել, չնայած նա այս ընթացքում հլու-հնազանդ կատարել է Նիկոլ Փաշինյանի բոլոր քմահաճույքները՝ անցկացնելով տարատեսակ խնդրահարույց օրենքներ ու կոնվենցիաներ։ Մեզ ասացին՝ նրան փոխարինող էլ չեն գտնում, անգամ նախկին տարբեր պաշտոնյաների են առաջարկել, սակայն մերժում են ստացել։
Ազատման ենթակա են նաեւ Փաշինյանի մերձավոր զինակիցները, օրինակ՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ում ամենաշատն են քննադատել այս տարիներին, իր պաշտոնում ոչնչով աչքի չընկած բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ում անձնական տվյալներն էին գողացել ադրբեջանցիները։ Ազատման շեմին է նաեւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Երեկ լուր տարածվեց, որ նրան կփոխարինի Բժշկականի դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանը, ում նկատմամբ եւս համակարգում այնքան էլ դրական չեն տրամադրված։

Գործող կառավարության անսասան նախարարները նախկիններից մնացած կադրերն են, որ ղեկավարում են տնտեսական բլոկը՝ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, որոնց փոխարինող գտնելն առավել բարդ է։ Փաշինյանի թիմակից նախարարներից հավանական է, որ կմնա տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ «Քաղպայմանագրի» վարչության նախագահը, ում ձայնը վերջին շրջանում առհասարակ չի լսվում, գուցե նաեւ՝ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։ Նրան համեմատաբար քիչ են քննադատել նշանակումից հետո, եւ դա պաշտպանված է դարձնում նրան։ Հիշեցնենք․ լուրեր կան, որ կառավարության 80 տոկոսը փոխվելու է։