Քաոս ու ճգնաժամ

Քաոս ու ճգնաժամ

Մարդը պետք է համակողմանի տեղեկատվության տիրապետի եւ վերլուծական միտք ունենա, որ կարողանա Հայաստանում ստեղծված վիճակը եւ բոլոր համակարգերում տեղի ունեցող գործընթացները տեսնել մեկ ամբողջության մեջ: Որպեսզի պետական կառավարման, տնտեսության, մշակույթի, արտաքին քաղաքականության, կրթության, սպորտի, դատաիրավական, տեղական ինքնակառավարման եւ մյուս համակարգերում ստեղծված ճգնաժամը համապարփակ գիտակցի:

Եկեք ընդամենը թվարկենք որոշ փաստեր. սպառողական գներն աճում են, մարդկանց եկամուտները չեն ավելանում, իսկ դրսից եկող տրանսֆերտների արժեքն անշեղորեն նվազում է` դոլարի կուրսի անկմամբ պայմանավորված: Օրենքի պարտադրանքով անկանխիկ գործարքների ենք անցել, որն իրականում նոր «բանկային հարկ» է: Տաքսիստների եւ ավտովարողների եկամուտները դրամով չեն ավելանում, բայց ծախսերն աճում են` գազաբալոնների պարտադիր ստուգում է նախատեսվել: Արցախ մեկնելու հնարավորությունները նվազել են` զուտ հոգեբանորեն մարդիկ խուսափում են Ղարաբաղ մեկնելուց:

Մինչեւ վերջերս զոհ ունեինք բանակում` թշնամու հրազենային կրակոցից, երեկ էլ տեղեկացանք, որ Խաչիկ գյուղից մի գյուղացու են ադրբեջանցիներն առեւանգել, տարել-պահել, հետո բաց թողել: Սահմանները չեն կահավորվում, առաջ եկած ադրբեջանական զինուժը չի նահանջել, մեր գերիները դեռ Ադրբեջանում են: Բանակում ավելի ցածր են ստանում, քան ոստիկանությունում: Մարց գյուղի ՀԷԿ-ը 50 հազար դրամով խլել են Վանաձորի նախկին քաղաքապետից, նոր ընկերության տնօրենը Փաշինյանի եղբայրն է: Երեւանի քաղաքապետարանից ցանկացած որոշում ստանալն ամիսներ է տեւում,  դատարաններում գործերի քննությունը` տարիներ: Մեծ թվով պաշտոնների ժամանակավոր պաշտոնակատարներ են աշխատում եւ՝ երկարաժամկետ: Թվարկումն ինքներդ շարունակեք: