«ՏաԹևերը»՝ «Աշխարհի լավագույն ճոպանուղի»․ մրցանակը ստացել է Վարդանյանի որդին

«ՏաԹևերը»՝ «Աշխարհի լավագույն ճոպանուղի»․ մրցանակը ստացել է Վարդանյանի որդին

«ՏաԹևեր» ճոպանուղին արժանացել է զբոսաշրջության ոլորտում ամենահեղինակավորներից համարվող միջազգային մրցանակի՝ «World Travel Awards»–ի: Այդ մասին նշված է մրցանակաբաշխության պաշտոնական կայքում։ Նշվում է, որ 30–րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 1–ին Դուբայում։

Բաց քվեարկության արդյունքում «Աշխարհի լավագույն ճոպանուղի» անվանակարգում առաջին տեղն է զբաղեցրել «ՏաԹևերը»։

Պատվավոր մրցանակը ստացել է Դավիթ Վարդանյանը՝ «ՏաԹևեր» նախագծի հիմնադիր Ռուբեն Վարդանյանի որդին:
«Այս մրցանակը հայրս պետք է ստանար, բայց, ինչպես գիտեք, նա և տասնյակ հայեր քաղաքական դրդապատճառներով ապօրինի ձերբակալվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից և գտնվում են Բաքվի բանտում: Հուսով եմ՝ հաջորդ մրցանակը նա անձամբ կստանա»,– արարողության ժամանակ ասել է Դավիթ Վարդանյանը:

Նշենք, որ «World Travel Awards» մրցանակաբաշխությունը հաճախ անվանում են «Զբոսաշրջային Օսկար»։ Այն հիմնադրվել է 1993 թ. և համարվում է ճանապարհորդության ու հյուրընկալության ոլորտում կարևոր նվաճումների չափանիշ:

«ՏաԹևերն» արդեն 2–րդ անգամ է ճանաչվում աշխարհի լավագույն ճոպանուղի. 1–ին մրցանակը շնորհվել էր 2021 թվականին:

«ՏաԹևերը» գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաերկար մարդատար ճոպանուղի (5752 մետր):