Ադրբեջանը պայմանավորվածություններից դու՞րս է մնացել

Ադրբեջանը պայմանավորվածություններից դու՞րս է մնացել

Սոչիում Պուտին-Էրդողան բանակցությունների վերաբերյալ պաշտոնական Բաքուն շարունակում է լռել: Դա արտառոց է նրանով, որ Ադրբեջանի Սիրիայի հյուսիս թուրքական ներխուժումը դրվատել եւ Էրդողանին աջակցություն էր հայտնել ԱԳՆ հայտարարության մակարդակով: Պետք է ենթադրել, որ Սիրիայի հարցով ռուս-թուրքական պայմանավորվածությունները սահմանափակ բնույթի են եւ որեւէ ակնկալիք Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանին չեն տալիս: Նման եզրահանգման է մղում ադրբեջանական մամուլում տեղ գտած վերլուծական հրապարակումների շարքը, որի գլխավոր թեզը կառուցված է իր երկրում թուրքական զիուժի ներկայությունը դատապարտող՝ Սիրիայի նախագահ Ասադի հայտարարության վրա, որը նա արել է Պուտին-Էրդողան բանակցություններից անմիջապես հետո Ռուսաստանի նախագահի հետ վերջինիս նախաձեռնությամբ հեռախոսազրույցի ժամանակ՝ ինչպես ՌԻԱ-Նովոստիին փոխանցել է Կրեմլի մամուլի ծառայությունը: Սիրիայի նախագահի այդ հայտարարությունից ադրբեջանցի վերլուծաբանները վարկածում են, որ Սոչիում Պուտին-Էրդողան պայմանավորվածությունները «բոլորովին էլ անկեղծ չեն»:

Անդրադարձ կատարելով ռուս-թուրքական շուրջ երկդարյա աշխարհաքաղաքական մրցակցությանը, Բաքվի քաղաքական մեկնաբաններն այն տեսակետն են զարգացնում, որ Ղրիմի ռուսաստանյան բռնակցումը եւ Հայաստանում ռուսական ռազմահենակայանի արդիականացմանն ուղղված Մոսկվայի քայլերը վկայում են, որ Ռուսաստանը չի հրաժարվել «Բոսֆոր-Դարդանելի նկատմամբ վերահսկողություն հաստատելու վաղեմի ծրագրից»: Ի տարբերություն անցյալի, սակայն, կարծում են ադրբեջանցի հեղինակները, Ռուսաստանը 21-րդ դարում «Թուրքիայի հետ կպատերազմի ուրիշի դրոշի ներքո»՝ ակնհայտորեն ակնարկելով Սիրիային եւ Հայաստանին: Երեւում է, Ալիեւին խիստ մտահոգիչ է պատկերվում Սիրիայում Հայաստանի մարդասիրական առաքելության ներկայությունը մի, հայ բնակչություն ունեցող Կամիշլի քաղաքը թուրքական «անվտանգության գոտուց» դուրս թողնելու մասին Պուտին-Էրդողան պայմանավորվածությունը՝ մյուս կողմից:

Սիրիայի հարցով պայմանավորվածությունները ներառնում են  Ալիեւի համար անցանկալի եւս մեկ հանգամանք. երկրի ապագա սահմանադրության շուրջ Ժնեւում ակնկալվող քննարկումների մասնակից են ընտրված նաեւ քրդական շարժման ներկայացուցիչները: Ռուսաստանին հաջողվել է ճանապարհ հարթել պաշտոնական Դամասկոսի եւ քրդական շարժման առաջնորդների միջեւ բանակցությունների համար: Դա նշանակում է, որ սիրիական կարգավորման սուբյեկտ են ճանաչվում նաեւ քրդական ազգային շարժման առաջնորդները: Միջազգային հանրությունն, այդպիսով, ակտուալացնում է քրդական ինքնավարության հեռանկարը: Ինչպես կարելի է հասկանալ, Ալիեւն զգուշանում է, որ նույն մոտեցումը կարող է առարկայանալ նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցով միջազգային միջնորդների առաջարկություններում: Ադրբեջանը, մինչդեռ, մերժում է ԼՂ հայության սուբյեկտությունը եւ փորձում խնդիրը մղել Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճի հարթություն, ինչը նրան, որպես համոզված են Բաքվում, հարցի քաղաքական չկարգավորվածության դեպքում տալիս է «տարածքային ամբողջականությունը ցանկացած ձեւով վերականգնելու իրավունք»: Ադրբեջանական մամուլի հրապարակումներից, թերեւս, կարելի է մի ընդհանրացում անել. Սոչիի Պուտին-Էրդողան պայմանավորվածություններում Լեռնային Ղարաբաղի հարցին անդրադարձ չի արվել: Սա շատ սկզբունքային նշանակություն ունի եւ վկայում է, որ Թուրքիան չունի տարածաշրջանային այն ուժն ու հեղինակությունը, որպեսզի ազդեցության գոտիների փոխանակման գնա Ռուսաստանի հետ: Ինչպես դիպուկ արձանագրել է քաղաքական մեկնաբաններից մեկը, Էրդողանը հայտնվել է Թրամփ-Պուտին «աղորիքի արանքում եւ մեկ հիմնական՝ դեմք փրկելու խնդիր ունի»: Այդ իրաղությունը նկատել է նաեւ թուրքական մամուլը: «Հյուրիեթը» գրել է, որ Սիրիայից հեռանալով՝ Միացյալ Նահանգները Մերձավոր Արեւելքում «կարող էին պարեկ կարգել Թուրքիային, եթե Էրդողանը սխալներ թույլ չտար» եւ արձանագրել, որ ներկայումս այդ դերը վերապահված է Ռուսաստանին: Սիրիայում մարդասիրական առաքելություն է իրականացնում նաեւ Հայաստանը: Դա ԼՂ հարցում հայկական կողմերին լրացուցիչ լծակներ կտա՞: Իրավիճակը դեռեւս չափազանց փխրուն է, որպեսզի նման ոգեւորություն ունենանք: Հայաստանից պահանջվում է ոսկերչական ճշգրտությամբ հաշվարկել հնարավոր բոլոր զարգացումները: