51 տոկոսը 26-ից և ոչ մեկին չի վստահել Հայաստանի ներկան, ուր մնաց թե ապագան վստահեր

51 տոկոսը 26-ից և ոչ մեկին չի վստահել Հայաստանի ներկան, ուր մնաց թե ապագան վստահեր

26 կուսակցություններով և ընտրական դաշինքներով ընտրողների 50 տոկոս մասնակցություն անգամ չկարողացան ապահովել՝ ընտրակաշառքներով, պետական լծակներով, աղետի մեջ գտնվող՝ տարածքներ կորցրած և հսկայական զոհեր տված երկրում երջանկաժպիտ լուսանկարներով պաստառների և դժգույն քարոզչության վրա ծախսված միլիոններով:

Ընտրություններին չմասնակցածների՛ մեջ փնտրեք մի կողմից՝ ձեր ներկա ձախավեր քաղաքական կուրսի, մյուս կողմից՝ ձեր տխրահռչակ անցյալի կառավարման, երրորդ կողմից՝ ձեր ձախողված քաղաքական պայքարի պատասխանը:
Ընտրություններին չմասնակցած 51 տոկոսի մեջ փնտրեք մի կողմից՝ ձեր անհետացող լեգիտիմությունը, մյուս կողմից՝ ձեզ չներած հանրությանը, երրորդ կողմից՝ ձեզ լուրջ չընդունող և չվստահող հանրությանը:

51 տոկոսը Հայաստանում 26-ից և ոչ մեկին չի վստահել Հայաստանի ներկան, ուր մնաց թե ապագան վստահեր:

ՀՀ քաղաքացիների 51 տոկոսը մերժել է բոլորիդ: Գուցե ընտրողի և քաղաքացու համար դա ավելի շուտ հուսաբեկության դրսևորում է, բայց նաև ձեզնից բոլորիցդ տարանջատվելու քայլ է:

Ընտրություններին մասնակցած դյուրահավատների քաղաքական հեռատեսությունը չհերիքեց գիտակցելու, որ ծվեն-ծվեն եղած Հայաստանում այս ընտրություններն ընդամենը ազգային աղետի հետ հաշտվելու պարտադրանք են ենթադրում:
Իսկ դրսում մնացած «արևմտամետները», մի-մի կուսակցության կնիքը գրպանում պահած, այժմ իրենց 0.1-1.5 տոկոս ձայներով են իբր հպարտանում: Հայաստանում արտաքին քաղաքականության առումով այս խորհրդարանում ևս ընդդիմություն չկա նաև այդ պատճառով:

Ակնհայտ է՝ այս նոր խորհրդարանը չի դառնալու Հայաստանի կայունություն և ինքնիշխանության երաշխավորը: Ավելին: Եվ եթե վաղը ՌԴ-ին միանալու պայմանագիր ընդունեն, այս խորհրդարանը միաձայն «կողմ» է քվեարկելու: Եվ դրա մեղքը նաև «արևմտամետներինն» է՝ մեծամտությամբ, ինքնասիրահարվածությամբ, քաղաքական պարզամտությամբ տառապողներինը, որոնք ինքնագոհ բազմել էին ռուսական ռուլետկայի խաղասեղանի մոտ:

Ընտրախաղն ավարտվել է, սակայն իրական պայքարը առջևում է: