Սիրիայում քանի անձ է ստացել ՀՀ քաղաքացու անձնագիր

Մայիսի 22-ին կայացած կառավարության նիստում որոշում կայացվեց հատկացնել 27 միլիոն 160 հազար դրամ՝ Սիրիայի Դամասկոս և Հալեպ քաղաքներում ՀՀ քաղաքացու անձնագիր ստացած անձանց փոխարեն պետական տուրքը փոխհատուցելու նպատակով։
Ըստ գործող կարգավորման՝ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության անձնագիր ստանալու կամ փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատվում են այն անձինք, ովքեր հայ ազգությամբ օտարերկրյա քաղաքացիներ կամ ՀՀ քաղաքացիներ են և ապրում են այնպիսի երկրում, որտեղ գոյություն ունի արտակարգ իրավիճակ, որը վտանգում է նրանց կյանքն ու առողջությունը։
2025 թվականի առաջին եռամսյակում տրամադրվել է 448 վավերական անձնագիր՝ առանց պետական տուրքի գանձման։ Դրանցից 205-ը տրամադրվել է Դամասկոսի դեսպանության, իսկ 243-ը՝ Հալեպի գլխավոր հյուպատոսության կողմից։ Այս անձնագրերը ստացողների մեջ են ինչպես ՀՀ քաղաքացիներ, այնպես էլ հայ ազգությամբ օտարերկրյա քաղաքացիներ, ովքեր վերջերս են ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն և դիմել են անձնագիր ստանալու համար։
Նախագծի արդյունքում պետբյուջեի եկամուտներն ու ծախսերը կավելանան 27 միլիոն 160 հազար դրամով՝ ապահովելով անհրաժեշտ ֆինանսական միջոցներ նմանատիպ արտակարգ դեպքերի կարգավորման համար։
Կարծիքներ