Երեւանի դիմագիծը՝ օտար ճարտարապետների ձեռքում

Արդեն երկար ժամանակ Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունների ընթացքում քննարկվում է Երեւանի Նորագյուղ թաղամասի, Երեւանի «Կասկադ» համալիրի վերակառուցման նախագծերի եւ Երեւանի Դալմայի այգիների նախագծի ընթացքը, որոնք, որքան էլ տարօրինակ է, մշակվում են արտասահմանյան մասնագետների կողմից:
Նշված գործընթացների մասին թափանցիկ եւ հանրությանը հասանելի տեղեկատվություն դժվար է գտնել։ Առկա ինֆորմացիան կցկտուր է եւ ոչ ամբողջական։ Այդուհանդերձ, հատկանշական է, որ ֆրանսիական WILMOTTE & ASSOCIÉS ARCHI-TECTES ճարտարապետական կազմակերպությունը միանգամից 2 խոշոր քաղաքաշինական նախագծերով է անցնում՝ Նորագյուղ թաղամասի եւ «Կասկադ» համալիրի վերակառուցման նախագծերում։
Սակայն 2 դեպքում էլ հայտնի չէ, թե իրավական ինչ հիմունքներով են Երեւանի Նորագյուղ թաղամասի եւ Երեւանի «Կասկադ» համալիրի վերակառուցման նախագծերը պատվիրվել ֆրանսիական WILMOTTE & ASSOCIÉS ARCHITECTES ճարտարապետական կազմակերպությանը։ Բացի այդ, գործընթացն իրականացվել է մրցույթայի՞ն կարգով, թե՞ մեկ աղբյուրից:
Դիցուք, Երեւանի Նորագյուղ թաղամասի վերակառուցման նախագծի դեպքում արդյոք քննարկվել եւ հաշվի՞ է առնվել այն հանգամանքը, որ նշված տարածքի կառուցապատման նախագիծ մշակվել է «Երեւաննախագիծ» ինստիտուտի կողմից՝ հենց Երեւանի քաղաքապետարանի պատվերով։ Իսկ Երեւանի «Կասկադ» համալիրի վերակառուցման նախագծի դեպքում իրավիճակն ավելի աբսուրդային է, քանի որ հաշվի չի առնվել համալիրի համահեղինակ՝ գործող ճարտարապետ Ասլան Մխիթարյանի համաձայնությունը, ավելին՝ խախտվել է նրա հեղինակային իրավունքը, եւ անտեսվել է հենց հեղինակ ճարտարապետի հեղինակային նախագիծը՝ նախապատվությունը տալով 2 այլ նախագծերի, որոնցից մեկը ֆրանսիական WIL-MOTTE & ASSOCIÉS ARCHITECTES-ն է։
Ինչպես նաեւ հայտնի չէ, թե որքան են կազմում այդ նախագծերի արժեքները եւ ինչ միջոցներից են ֆինանսավորվելու: Պարզ չէ նաեւ, թե իրավական ինչ հիմունքներով է Երեւանի Դալմայի այգիների նախագիծը պատվիրվել, ում է պատվիրվել, մրցույթային կարգո՞վ, թե՞ մեկ աղբյուրից, որքան է նախագծի արժեքը, եւ դարձյալ՝ ինչ միջոցներից է ֆինանսավորվելու:
Ի վերջո, ո՞րն է պատճառը, որ նման նախագծերը (այդ թվում՝ նաեւ «Ակադեմիական քաղաք» մեգածրագիրը) պատվիրվում են ոչ հայ ճարտարապետներին: Արդյո՞ք այդքան ցածր են հայ ճարտարապետների եւ քաղաքաշինարարների կրթական եւ մասնագիտական մակարդակը, նրանց ստեղծագործական ունակությունը, թե՞ այս նախագծերում ներգրավված դրսի ճարտարապետների դեպքում ֆինանսական այլ «մեխանիզմներ» են աշխատում (հնուց հայտնի ատկատների տարբերակով)։ Մի բան պարզ է, որ այս ուղղությամբ անելիք ու ասելիք ունեն թե՛ Հայաստանի ճարտարապետների պալատը, թե՛ ՀՀ քաղաքաշինության կոմիտեն, թե՛ Ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանը, թե՛ ԿԳՄՍ նախարարությունը եւ թե՛ ճարտարապետական հանրույթը:
Կարծիքներ