Ինչ ռիսկեր կան սահմանների հստակեցման եւ կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացում 

Ինչ ռիսկեր կան սահմանների հստակեցման եւ կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացում 

Այս տարվա օգոստոսին Երեւանից միանգամից մի քանի հայտարարություններ հնչեցին, որոնց բովանդակությունը հանգում էր այն բանին, որ Հայաստանն ու Ադրբեջանը հարկ է, որ առավելագույնս արագ իրականացնեն սահմանների դեմարկացիա եւ ռեգիոնալ կոմունիկացիաների ապաշրջափակման ուղղությամբ արագացնեն քայլերը: Այնուհանդերձ, դեռ գարնանից իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին մնում է լարված։ Ի՞նչ ռիսկեր են առաջ գալիս Հայաստանի իշխանությունների համար դեմարկացիայի մասով բանակցություններ վարելիս։ Սա այն հարցն է, որն ունի առանցքային նշանակություն։ 

Բանն այն է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային դեմարկացիայի հարցը աղերսվում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ հրադադարի հայտնի հայտարարության հետ եւ կարող է բերել նաեւ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որն իր հետ ենթադրում է նաեւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, մի բան, որը կարող է հարցականի տակ դնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությանը։ Ադրբեջանական կողմը, երկրի նախագահի մակարդակով հայտարարեց, որ Բաքուն Երեւանին առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագիր։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մասնավորապես ասաց այս առնչությամբ /CNN Turk-ին տված հարցազրույցում/, որ պայմանագրում խոսվելու է նաեւ երկու պետությունների տարածքային ամբողջականության ճանաչման եւ սահմանների վերջնականացման մասին։ Բաքուն ձգտում է ամեն գնով հասնել նրան, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման անվան տակ Հայաստանը ճանաչի նաեւ այն, որ ԼՂՀ-ն հանդիսանում է Ադրբեջանի մի մաս, իսկ ռեգիոնալ կոմունիկացիաների եւ տնտեսական կապերի ապաշրջափակումը Ադրբեջանի համար այլ բան չէ, քան նրա կողմից առաջ մղվող այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» տրամադրում Հայաստանի կողմից, որով Ադրբեջանը կմիանա իր անկալավային Նախիջեւանի հետ եւ կկատարվի մյուս անկլավների փոխանակություն։

Խոսքն այս դեպքում այն տարածքների մասին է, որոնք ժամանակին եղել են ինչպես Հայաստանի առաջին հանրապետության, այնպես էլ Խորհրդային Հայաստանի մի մասը, սակայն հետագայում արհեստականորեն անջատվել են եւ տրվել Ադրբեջանին 1927-36 թթ ընթացքում։ Պետք է, ընդ որում, արձանագրել, որ անկլավներն առաջացել են Խորհրդային Միության կենտրոնական իշխանության ցուցումով, այդ երկրի վարչատարածքային բաժանման շրջանակներում։ Նման խնդրահարույց բաժանումներ կատարելով, խորհրդային իշխանությունները մտածում էին, որ գոյություն են ունենալու հավիտենապես, եւ չէին ենթադրում, որ կարող է գալ մի ժամանակ, երբ իրենց ստեղծած արհեստածին բաժանումները ոչ միայն մեր ռեգիոնում, այլ նաեւ նախկին միութենական մյուս հատվածներում կարող են բերել լուրջ բախումների, առիթ տալ պատերազմների, պատճառ դառնալ հազարավոր զոհերի։ 

Անկլավների խնդիրը Հայաստանի համար չափազանց կարեւոր եւ զգայուն հարց է, եւ ունի հայկական պետականության համար ստրատեգիական նշանակություն եւ եթե դրանք հանձվեն ադրբեջանական կողմին, ապա Հայաստանի հարավը՝ Սյունիքն ու Արցախը կարող են հայտնվել տրանսպորտային եւ էներգետիկ բլոկադայի մեջ։ Ու այս դեպքում արդեն հայ-ադրբեջանական հակասությունները ոչ միայն չեն հաղթահարվի, այլ նաեւ կարող են ապագայում բորբոքվել նոր ուժով։ Իրավիճակը հարթ չի ընթանա նաեւ կոմունիկացիաների եւ տնտեսական կապերի ապաշրջափակման մասով, քանի որ սա ենթադրելու է այն, որ Հայաստանի կախվածությունը լինելու է չափազանց մեծ ադրբեջանական կոմունիկացիոն ենթակառուցվածքային ցանցից։ Սա արդեն նշանակում է, որ հայկական բուն պետականությունը կարող է հայտնվել հարցականի տակ, քանի որ այդ կախվածության աճը, հասկանալիորեն կբերի Հայաստանի, որպես Հարավ-Կովկասյան տարածաշրջանում դերակատարություն ունեցող միավորի քաղաքական սուբյեկտայնության նվազման։