Փաշինյանի հետ հանդիպման եկած մասնակիցներին նախապես բաժանվել են հարցերը 

Փաշինյանի հետ հանդիպման եկած մասնակիցներին նախապես բաժանվել են հարցերը 

«Ծափերով ու ծիծաղով են դիմավորել Փաշինյանին, սելֆի են արել, չե՞ն ամաչում․ մի երկու հոգի լավաշ թխող, Հայկ Վարդանյանը՝ Հովիկ Աղազարյանի նման մեկն է, մի քանի կուսակցություն փոխած, ոչ մեկի կողմից չհարգված մեկը, որ հիմա Մոլդովայի խորհրդարանում պատգամավոր է՝ հանդիպել են Փաշինյանին ու ասել են՝ աջակցում ենք քեզ»։ «Հրապարակի» հետ զրույցում այս մասին ասաց Մոլդովայի հայկական համայնքի ամենաակտիվ ներկայացուցիչներից Վեներա Մուշեղը։

Վերջինս վրդովված շեշտեց, որ փաստորեն աջակցում են Փաշինյանի՝ Հայաստանի ու հայերի դավաճանությանը։ Ըստ նրա՝ Հայկ Վարդանյանը Փաշինյանին հայտնել է, որ բազմաթիվ ամերիկահայեր իրեն ևս աջակցում են։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վեներա Մուշեղը ահազանգել էր, որ հունիսի երկուսին նախանշված հանիպումը Փաշինյանի հետ չեղարկվել է։ Մեր զրուցակիցը նշեց, որ հանդիպման մասնակիցներին նախապես հրահանգել են քաղաքական հարցեր չտալ, իսկ տրվելիք հարցերը նախապես բաժանվել են մասնակիցներին։ Ինչ վերաբերվում է մասնակիցներին, ապա լավաշ արտադրող մոլդովահայերից մեկը Փաշինյանից աջակցություն է խնդրել՝ Հայաստանում բիզնես բացելու հարցում օգնելու մասին։

«Նրանք վախեցել են ինձանից՝ դրա համար էլ ամեն ինչ արեցին, որ ես չմասնակցեն։ Որևէ մեկը չէր կարողանա ինձ ասել՝ քաղաքական հարցեր չտաս, Արցախից ու Հայաստանից հարցեր չտաս, խաղաղության պայմանագրից հարցեր չտաս ու նման բաներ։ Խայտառակություն է, Ուկրաինայից մարդիկ են բերում, մեր համայնքում չհարգված մարդկանց հավաքում են ու ներկայացնում իբր Մոլդովայի հայկական համայնքը Փաշինյանին ջերմ է ընդունե՞լ, խայտառակություն։ Այդ դավաճանին, որ ծախում է հայրենիքս։ Բնականաբար չէին ուզենա, որ ես ներկա լինեմ հանդիպմանը»,-ասաց Մուշեղը։

Նա նաև ցավ հայտնեց, որ Ուկրաինայից բերված մասնակիցների շնորհիվ հանդիպում կազմակերպածները կարողացել են տպավորություն ստեղծել, որ Մոլդովայի հայ համայնքը Փաշինյանին ջերմ է ընդունել։