Արժանի եմ երկրորդ անգամ պաշտոնավարելուն, բայց...Բայդենը դիմել է ժողովրդին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուղերձ է հղել ժողովրդին: Նա հայտարարել է, որ արժանի է երկրորդ անգամ պաշտոնավարելուն, բայց որոշել է սեփական հավակնություններից հրաժարվել՝ հանուն ամերիկյան ժողովրդավարության բարօրության:
«Վերջին շաբաթների ընթացքում ես հստակ գիտակցել եմ, որ այս կարևորագույն պահին պետք է միավորեմ իմ կուսակցությանը։ Ես հավատում եմ, որ որպես նախագահ՝ իմ արժանիքները, աշխարհում իմ առաջնորդությունը և Ամերիկայի ապագայի վերաբերյալ իմ տեսլականը ինձ արժանի են դարձնում երկրորդ ժամկետի համար:
Բայց ոչինչ պետք է կանգնի մեր ժողովրդավարությունը փրկելու ճանապարհին` ներառյալ մեր սեփական հավակնությունները», - ասել է Բայդենը, որի ելույթը հեռարձակել են ամերիկյան բոլոր առաջատար հեռուստաալիքները։
Նրա խոսքով՝ ժամանակն է էստաֆետը փոխանցել երիտասարդ սերնդին, և դա առաջ գնալու լավագույն ճանապարհն է: Սպիտակ տան ղեկավարը միաժամանակ ընդգծել է, որ մտադիր է պաշտոնավարել մինչև իր ժամկետի ավարտը։
Ավելի վաղ ԱՄՆ առաջնորդը մերժել էր մրցավազքից դուրս գալու բոլոր կոչերը՝ հայտարարելով, որ դա կանի միայն այն դեպքում, եթե իրեն ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կոչ անի ամենակարող Տերը: Սակայն անցած կիրակի նա հայտարարեց, որ հրաժարվում է պայքարից և պաշտպանում է փոխնախագահ Քամալա Հարիսի թեկնածությունը, որը, ամենայն հավանականությամբ, կառաջադրվի Դեմոկրատական կուսակցությունից:
Կարծիքներ