Գերիների հայրենադարձումից հետո ընտանիքներին 300 հազար դրամի աջակցությունը դադարեցվում է

Գերիների հայրենադարձումից հետո ընտանիքներին 300 հազար դրամի աջակցությունը դադարեցվում է

«Հրապարակ» օրաթերթը Բաքվում գերության մեջ հայտնված հայ անձանց աջակցության տրամադրման խնդրով հարցեր էր ուղղել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին (1000+)։

1․ Ադրբեջանում պահվող հայ գերիների ընտանիքները որքա՞ն գումար են աջակցություն ստանում։

2․ Ի՞նչ մեխանիզմով և օրենքով է գումարային աջակցությունը տրամադրվում։

3․ Երբ որ ռազմագերին հայրենադարձվում է, դադարո՞ւմ է ընտանիքին ուղղված աջակցությունը։ Եթե ոչ, ապա ի՞նչ աջակցություն է շարունակում ստանալ։

Հիմնադրամի՝ Հատուցումների գծով փոխտնօրեն Սմբատ Սաիյանը պատասխանել է, որ 300 000 դրամի չափով ամենամսյա սոցիալական աջակցություն է տրամադրվում «գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքներին»։

Նշվում է, որ «հիմնադրամը չի տիրապետում անհետ կորած անձանց անվանացանկում գերեվարված անձանց առկայության կամ բացակայության վերաբերյալ տեղեկությունների և գերեվարված անձանց ընտանիքներին միտված առանձին ծրագիր չի իրականացնում»։

«Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 2001-Լ որոշման համաձայն՝ 300 000 դրամի չափով ամենամսյա սոցիալական աջակցություն է տրամադրվում Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Պաշտպանության, Արտակարգ իրավիճակների նախարարություններում, Ազգային անվտանգության ծառայությունում կամ Ոստիկանությունում (այսուհետ՝ համապատասխան մարմին) գրանցված՝ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքներին», - ասված է պատասխանի մեջ։

Աջակցության տրամադրման նախագիծը ներկայացրել էր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը։ «Հրապարակի» հետ զրույցում գերատեսչության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանի փոխանցմամբ՝ նույն սկզբունքով Հիմնադրամից աջակցություն են ստանում նաև գերեվարված անձնանց ընտանիքները։ 2020 թվականաի դեկտեմբերի 10-ին կառավության նիստում որոշվել էր, որ
գերեվարված անձանց ընտանիքներին նույնպես տրամադրել աջակցություն։ Այսինքն՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից 300 000 դրամի աջակցություն է տրամադրվում նաև գերեվարված անձանց ընտանիքներին։

Աջակցությունը տրվում է 9 ամսվա համար՝ սկսած միջոցառումը հաստատելու (2020 թվականի դեկտեմբեր) ամսվանից։

«Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 2180-Լ որոշման համաձայն՝ Հիմնադրամը աջակցության գումարները վճարում է անվանացանկի հիման վրա, իսկ անվանացանկը կազմում և Հիմնադրամին է տրամադրում համապատասխան մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումը՝ հաշվի առնելով պաշտպանության նախարարի 2020 թվականի նոյեմբերի 9–ի N 1114-Լ հրամանով ստեղծված հանձնաժողովից և Համապատասխան մարմնի զորահավաքային և (կամ) անձնակազմի կառավարման և կադրային գործառույթներ իրականացնող ստորաբաժանումներից ստացված տեղեկատվությունը»։

Ամենամսյա դրամական վճարի տրամադրումը դադարեցվում է, եթե՝

    1) անհայտ կորած զինծառայողը ճանաչվել է հիմնադրամի շահառու,
    2) հայտնի է դարձել զինծառայողի գտնվելու վայրը կամ դադարել են զինծառայողին անհայտ կորած համարելու հիմքերը,
    3) ամենամսյա դրամական վճարը վճարվել է 9 ամսվա համար։
Վերը նշված հանգամանքների վերաբերյալ տեղեկատվությունը ևս հիմնադրամին է տրամադրում համապատասխան մարմինը։

Վերոնշյալից հետևում է, որ եթե դադարել են զինծառայողին գերի համարելու հիմքերը, կամ եթե գերիները հայրենադարձվում են, աջակցություն տրամադրումը դադարեցվում է։

2020 թվականի Նոյեմբերյան եռակողմ հայտարարության 8-րդ կետի համաձայն՝ «Տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում»: Մինչ օրս Ադրբեջանն ամբողջությամբ չի կատարել 8-րդ կետով ստանձնած պարտավարությունները։ Ադրբեջանի իշխանությունները շարունակ պնդում են, որ Նոյեմբերյան հայտարարությունից հետո գերի ընկած հայերը «ահաբեկիչներ», «դիվերսանտներ» են։ Նրանց մի մասի դեմ քրեական գործեր են հարուցվել։ Բացի այդ, տեղեկություններ կան, որ հայ գերիների թիվն ավելին է, քան հաստատել է պաշտոնական Բաքուն։