Ամուլսարը՝ հանրային օրակարգում. եթե հանք, ապա միայն պետական և ռազմարդյունաբերական նպատակով

Ամուլսարը՝ հանրային օրակարգում. եթե հանք, ապա միայն պետական և ռազմարդյունաբերական նպատակով

Երևի թե մոտեցել է Ամուլսարի հարցով որոշումներ ընդունելու ժամանակը, քանի որ առժամանակ սառեցված թեման նորից մտնում է հանրային օրակարգ։ Ինչպես մամուլը գրել էր՝ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների միջև օրերս հանդիպում էր եղել,  գործադիրն ու օրենսդիրը քննարկել էին սարի շահագործման հարցը՝ որոշելու հանքի շահագործման վերաբերյալ հետագա քայլերի ճանապարհային քարտեզը: 

Հանդիպմանը ներկա և Ամուլսարի հարցով հայտնի «դեմերից» Մարիա Կարապետյանը հայտնել էր․ «Երկու տարբերակով պետք է պետությունը հանդես գա: Տարբերակ առաջին՝ եթե կազմակերպությունը գտել է հանքի անվտանգ շահագործման մոդել: Ես հասկանում եմ, որ սա շատ շատերի համար ֆանտաստիկայի ժանրից է. կարծում են, որ չի գտել նման մոդել, բայց, այնուամենայնիվ, եթե-ով պետք է վերաբերվենք հարցին՝ եթե գտել է մոդել, ապա այս հանքն այս կառավարության բացվելիք կամ փակվելիք հանքը չէ, պետությունն ընդամենը պետք է իր շարունակականությունն ապահովի, սեփական ստորագրության պատիվն ապահովի, եթե չի կարողանում ապացուցել, որ այդ ստորագրությունը որեւէ կոռուպցիոն գործարքի հետեւանք է եղել: Բայց, այնուամենայնիվ, դրա հետ պետք է համակերպվենք: Եթե գտել է անվտանգ շահագործման մոդել, սա մեր քաղաքական որոշման արդյունքը չէ, մենք ընդամենը պետք է ապահովենք այդ իրավական գործընթացը»։ Մարիա Կարապետյանի մեկնաբանությունից, 
այնուամենայնիվ, պարզ չէր՝ կառավարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունների դեմ իմքայլականներն այլևս կո՞ղմ են, թե՞ ոչ։

Նրանք, ինչպես հայտնի է, մի քանիսն են՝ Լենա Նազարյան, Մարիա և Վարազդատ Կարապետյաններ, Միքայել Զոլյան, Սոֆյա Հովսեփյան, և, թերևս, վերջ։ Նշենք, որ այդ հարցի պատասխանը ստանալու համար նշված անձանցից ոչ մեկը հեռախոսին չպատասխանեց՝ բացառությամբ Սոֆյայի, ով ասաց, որ ինքը քննարկմանը ներկա չի եղել՝ քաղաքում չլինելու պատճառով։ Բայց նա էլ չուներ վերը նշված հարցի պատասխանը։ 

Արդեն օրինաչափություն է դառնում, որ հենց որևէ հարց հանրային հնչեղություն է ստանում, Հանրային պալատը, որը խորհրդատվական մարմին է և, մեծ հաշվով, որոշումների ընդունման վրա ազդեցություն չի ունենում, քննարկում է հարցը։ Հոկտեմբերի 4-ին Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստում որոշվել է, որ Ամուլսարի հարցով 11 հոգանոց աշխատանքային խումբ պետք է ձևավորվի, իսկ հոկտեմբերի 15-ին եղել է խմբի առաջին, կրկին՝ փակ, նիստը։ Հրավիրված է եղել նաև «Լիդիանը», սակայն այստեղից հրաժարվել են ներկայանալ՝ ասելով, որ չեն մասնակցի, քանի դեռ հանքը շրջափակված է բնապահպանական դիրքապահներով։

Ինչևէ, աշխատանքային խմբի կազմում են ՀԽ անդամներ Կարինե Դանիելյանը, Վազգեն Սաֆարյանը, Լարիսա Ալավերդյանը, Արմեն Տեր-Տաճատյանը, Յուրի Ջավադյանը, Գագիկ Գինոսյանը և այլք։ Որոշվել է, որ խմբում պետք է ներգրավվեն հանքարդյունաբերության խնդիրներով զբաղվող անկախ փորձագետներ։ Հավանական է, որ աշխատանքային խմբում կլինի նաևՀԽ անդամ, Ամուլսարի շահագործման դեմ պայքարող Նազենի Վարդանյանը։ Աշխատանքային քննարկման ժամանակ առաջարկ է հնչել, որ ստեղծվող աշխատանքային խումբը զբաղվի ոչ միայն Ամուլսարի հանքի շահագործման, այլև, առհասարակ, Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի հիմնախնդիրներով։

Թեև ՀԽ հռչակած մոտեցումն այն է, որ խորհրդի եզրակացությունը լինելու է համակողմանի, այսինքն՝ ներկայացված են լինելու և՛ հանքը շահագործելու, և՛ չշահագործելու թեր և դեմ կողմերը, նիստի ժամանակ ընդդեմ հանքի շահագործման բավականին կոշտ ելույթ է ունեցել Գագիկ Գինոսյանը, ով հայտարարել է, որ եթե հանքարդյունաբերություն, ապա միայն պետական հիմունքներով և միայն ռազմարդյունաբերության համար։

«Իմ համոզմունքն է, որ նման փոքր տարածք ունեցող երկրներում հանքարդյունաբերությունը պիտի հնարավորինս բացառվի, և դա պետք է լինի միայն ծայրահեղ դեպքերում։ Մենք Կանադայի անմարդաբնակ հյուսիս չենք և մենք Սիբիր չենք, որ ինչ ուզես, անենք։ Յուրաքանչյուր հանքից 100 կամ 500 մետր հեռու բնակավայր, խաղողի այգիներ կան՝ և՛ գինու հումք հանդիսացող, և՛ կոնյակի։ Ջերմուկը հանգստյան գոտի է։ Այսինքն՝ ամբողջն ի չիք է դառնում։ Ոչ ոք չի կարող ասել, որ վաղն էդ խաղողից գինի կամ կոնյակ սարքել և հայկական բրենդ ունենալ կարող է։ Կամ՝ որևէ մեկը կգնա Ջերմուկ՝ հանգստանալու»,- մեզ հետ զրույցում ասաց Գագիկ Գինոսյանը։