Բացիլը՝ Հանրային խորհրդից

Բացիլը՝ Հանրային խորհրդից

Տեսնես այդ ի՞նչ կա Փաշինյանի եւ Սծյոպիկի արանքում, որ Սծյոպիկը փորձում է թաքցնել անհամեստ աչքերից, ինչու ոչ՝ նաեւ ականջներից: Տեսեք ինչ է գրել Սծյոպիկը. «...Մեկ էլ չփորձեք իմ եւ Փաշինյանի, հեղափոխության թիմի արանքում տեղավորվել։ Այդտեղ դուք տեղ չունեք, նախկիններ։ 

Հեղափոխության ու Փաշինյանի պատմական դերի նկատմամբ իմ վերաբերմունքը չի փոխվել, եւ որեւէ դատավոր չի կարող փոխել։ Հանկարծ շատ չհրճվեք, մի բան պատահի այդ անիրական ուրախությունից»։

Իմ կարծիքով՝ Փաշինյանի եւ Հանրային խորհրդի միջեւ չի կարող այնպիսի բան լինել, որ չվերաբերի հանրությանը: Հետեւաբար՝ մտածում եմ, որ Սծյոպիկը նկատի է ունեցել ոչ թե եւ ոչ այնքան ՀԽ-ի եւ Փաշինյանի միջեւ գոյություն ունեցող բավանդակությունը, այլ իր անձի եւ Փաշինյանի հարաբերությունները, ուր բոլոր «նախկինների» մուտքն արգելում է:
Ի՞նչ ասեմ, հետաքրքրասիրությունս շարժվեց: Պարոն Սաֆարյան, հիմա դրան այդպես են ասում, հա՞. «Հեղափոխության ու Փաշինյանի պատմական դերի նկատմամբ իմ վերաբերմունքը»: Էս ի՞նչ ենք բաց թողել, այ մարդ: Ասում է՝ դուք տեղ չունեք իմ ու Փաշինյանի արանքում: Մենք էլ, երեւի, դրան էինք մնացել, որ գայինք ու տեղավորվեինք: Բայց սա չէ Սծյոպիկի ասածի մեջ էականը: Նա սխալմամբ կարծում է, որ Փաշինյանի հետ այդ կարգի մերձեցումից ինքն էլ է դառնում նույնքան գրավիչ, որքան հեղափոխությունն ու Փաշինյանը:

Հայաստանում ընդունված է զույգին (նաեւ՝ քաղաքական), մաղթել՝ մի բարձի ծերանան, եւ որ նրանց անխռով միության հետ ոչինչ չպատահի: Ես չեմ խախտի այս ավանդույթը եւ պարզապես իմ տեսակետը կհայտնեմ ՀՀ վարչապետի եւ Հանրային խորհրդի ինստիտուտների միջեւ այս ցցուն մերձեցման կապակցությամբ: Հարցի ֆիզիոլոգիական կողմն ինձ չի հետաքրքրում, բայց կուզենայի հասկանալ, թե քաղաքական այս մերձեցումը որքանով է սահմանադրական կամ քաղաքական առումով նպատակահարմար: Վազգեն Մանուկյանին Հանրային խորհրդից «վտարեցին», եթե հիշողությունս չի դավաճանում, իմքայլական չդառնալու պատճառով: Ասում էին՝ նա քաղաքական հայացքներ ունի, որոնք չեն համապատասխանում «Հեղափոխության եւ Նիկոլ Փաշինյանի պատմական դերին»: Սա աննորմալ պատճառաբանություն է, որովհետեւ Վազգեն Մանուկյանի «քաղաքական հայացքները» ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի պատմական դերին էլ չէին համապատասխանում, բայց նա ղեկավարում էր Հանրային խորհուրդը, ու երբեք չի եղել դեպք, որ հանրությանն արգելեր մտնել իր եւ Սերժ Սարգսյանի արանքը:

Ճակատագրի բերումով, սակայն, այնպես ստացվեց, որ Վազգեն Մանուկյանի եւ ՀՀ-ում իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի «արանքում» հայտնվեց ոչ այլ ոք, քան Սծյոպիկ Սաֆարյանը, եւ իր «դանոսներով» այն մասին, թե Վազգեն Մանուկյանն ինչպիսի «լիչնի նեպրիյազն» ունի Նիկոլ Փաշինյանի եւ հեղափոխության «պատմական դերի» նկատմամբ, հասավ Հանրային խորհրդի նախագահի աթոռին: Ճի՞շտ վարվեց, արդյոք, Նիկոլ Փաշինյանը, որ հանրային «յոթծովիմերան» Սծյոպիկ Սաֆարյանին վստահեց քաղաքացիական հասարակության համար այդ կարեւորագույն ինստիտուտի ղեկը: Այսօր իսկ կարող ենք վստահ ասել, որ դա Փաշինյանի ամենաակնառու տապալումներից մեկն էր, ամենախայտառակ կադրային նշանակումը: Ով փոքրիշատե ճանաչում է Սծյոպիկ Սաֆարյան երեւույթին, կհաստատի, որ նրան չէր կարելի անգամ ամենաանմեղ գործը վստահել, էլ ուր մնաց մի պաշտոն, որն զբաղեցնողի բուն առաքելությունը պետք է լիներ կառավարության եւ հասարակության միջեւ գոյացող անջրպետները վերացնելը: Իսկ ինչո՞վ է զբաղված Սծյոպիկ Սաֆարյանը: Նա սոցիալական ցանցերում այնպիսի աղմուկ է բարձրացրել, որին կնախանձեին անգամ մեր շենքի անմարդ կնանիք: Աջուձախ վիրավորում է բոլորին, չնայելով՝ անհա՞տ է, թե՞ որեւէ պետական ինստիտուտի ղեկավար, իր նման դուրսպրծո՞ւկ է, թե՞ նորմալ գործչի անցյալ ունեցող ու հասարակության կողմից հարգված մարդ:

ՀԳ. Իր եւ Նիկոլ Փաշինյանի քաղաքական «ինտիմ»-ի անքակտելիության մասին ինչպիսի ճառեր էլ ասի Սծյոպիկ Սաֆարյանը, պետք է գոնե մեկ անգամ փորձության ենթարկել այդ կապը: Դրա ամենահեշտ ձեւը Ստյոպիկ Սաֆարյանին ՀԽ-ից «սիկտիր» անելն է: Վստահեցնում եմ՝ մի քանի օր չանցած՝ «խաբարը» կգա․ կա՛մ նոր տեր ճարած կլինի, կա՛մ նոր «հոմանի»:
ՀԳ 1. Սծյոպիկ, հանկարծ չփորձես մտնել մեր ու Նիկոլի արանքը: Նիկոլը մեր ախպերն ա: