Պետք է դուրս գալ ազգայնականության տրամաբանությունից․ Հռոմի Պապ
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն առաջարկել է ռազմական արդյունաբերության մեջ ներդրումներ անելու փոխարեն՝ միջոցներն ուղղել սովի դեմ պայքարին և այդ նպատակով միջազգային հիմնադրամ ստեղծել։ Այդ մասին նշված է նրա ելույթում, որը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովի ժամանակ ընթերցել է Վատիկանի պետքարտուղար, կարդինալ Պետրո Պարոլինը։ Պապը առողջական խնդիրների պատճառով չի կարողացել անձամբ ներկա գտնվել համաժողովին։
«Մարդկությունն այնքա՜ն միջոցներ ու էներգիա է ծախսում պատերազմներում, որոնք ծագել են աշխարհով մեկ՝ Իսրայելում, Պաղեստինում, Ուկրաինայում, շատ այլ վայրերում։ Կոնֆլիկտները խնդիրներ չեն լուծում, այլ ավելացնում են այդ խնդիրները։ Որքա՜ն ռեսուրս է ծախսվում մեր ընդհանուր տունը քանդող սպառազինությունների վրա։ Առաջարկում եմ այն գումարով, որն ուղղվում է ռազմական նպատակների իրագործմանը, ստեղծել միջազգային հիմնադրամ, որի գործունեությունն ուղղված կլինի աղքատ երկրներում սովի դեմ պայքարին և կլիմայական փոփոխություններից տուժող երկրների կայուն զարգացմանը»,- նշված է Պապի ելույթում։
«Կլիմայի փոփոխությունը հրամայական է դարձնում քաղաքականության փոփոխության անհրաժեշտությունը։ Պետք է դուրս գալ ազգայնականության տրամաբանությունից, անցյալի կառուցակարգերից։ Եկեք ընդունենք այլընտրանքային մոդել, որը կապահովի էկոլոգիական համակեցությունը, քանզի չեն կարող իրական փոփոխություններ լինել՝ առանց մշակութային մակարդակում փոփոխությունների»,- Պապի աշխատությունն է մեջբերել կարդինալ Պարոլինը։
Հռոմի Պապը խոստացել է Կաթոլիկ եկեղեցու լիակատար աջակցությունը՝ «մեր ընդհանուր տան համար պատասխանատվության զգացում ձևավորելու գործում»։
Կարծիքներ