Ինչպես էր փոխվում թավիշը. մայիսի 3

Ինչպես էր փոխվում թավիշը. մայիսի 3

Մեր այսօրվա ողբերգական վիճակի հիմքը դրվեց 2018-ի մարտի 31-ին, երբ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սկսեց Գյումրի-Երեւան քայլարշավն ու հասավ այն բանին, որ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, եւ մայիսի 8-ին ինքը դարձավ վարչապետ: Մենք փորձել ենք վերականգնել անցյալը եւ ներկայացնել հեղափոխականների տրանսֆորմացիայի համառոտ ժամանակագրությունը՝ ըստ օրերի եւ տարիների։ Օր երեսունչորսերորդ՝ մայիսի 3:

2018թ․ մայիսի 3 - Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ առաջադրվում է վարչապետի թեկնածու: Ընտրությունը մայիսի 8-ին է լինելու: Թեկնածությունն առաջադրվում է ՀՀ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի մեկ երրորդից ավելիի կողմից: Ֆրանսիական Libération-ը հոդված է հրապարակում՝ «56 բանդիտները որոշել են դիմադրել նրան, ում ընտրել է ժողովուրդը» վերտառությամբ, անդրադառնալով մայիսմեկյան քվեարկությանը եւ ՀՀԿ-ի կողմից Նիկոլ Փաշինյանի ընտրությունը տապալելուն: Ամերիկյան The New York Times-ը գրում է, որ իշխող հանրապետականները մերժել են ժողովրդի իշխանությանը` Փաշինյանին, այդպիսով նպաստելով, որ փողոցային պայքարը շարունակվի: Պարբերականը նկատում է, որ մինչ այսօր ցույցերը եղել են խաղաղ, սակայն դիմակայության շարունակումը կարող է ապակայունացնել Հայաստանը, ինչից կարող է օգտվել հարեւան Ադրբեջանը, որի հետ Հայաստանն ունի չլուծված հակամարտություն, եւ սկսի ռազմական գործողություններ: 

«Հրապարակ» օրաթերթի էլեկտրոնային փոստին ստանում ենք ձոն` առ Նիկոլ Փաշինյան. «Դեմոսթենեսի նման պերճախոս, Սոլոնի պես ճիշտ, Լիկուրգի պես խիստ, Թեմիստոկլեսի նման հանճարեղ… Դու ազատության Նելսոն Մանդելա, մեր ճակատագրի Մահաթմա Գանդի, մեր խենթ առաջնորդ, մեր Չե Գեւարա»: Այս օրերին շարունակում են սեւ դագաղներ ուղարկվել հանրապետականների տները, փողոցներում սեւ ժապավեններ կապել, հեռախոսազանգերով ստիպել, որ մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվի:

2019թ․ մայիսի 3 - Նիկոլ Փաշինյանը շնորհավորում է Մամուլի ազատության միջազգային օրը: Թավշյաների սովորության համաձայն, ոչ թե պաշտոնական հաղորդագրություն է տարածվում, այլ՝ շնորհավորանք սոցիալական կայքում, գրառմամբ. «Սիրելի լրագրողներ, սիրելի ընթերցողներ, սիրելի հեռուստադիտողներ եւ ռադիոլսողներ, սոցիալական ցանցերի սիրելի օգտատերեր. շնորհավորում եմ բոլորիս Մամուլի ազատության միջազգային օրվա առիթով: Մամուլի ազատությունն այն կարեւորագույն արժեքներից է, որ այսօր ունենք Հայաստանում: Եվ այդ արժեքը մենք պետք է պահպանենք եւ զարգացնենք:
Կեցցե՛ ազատ մամուլը, կեցցե՛ ազատ լրագրողը»:
Հետո սկսվում են մամուլի եւ լրատվամիջոցների դեմ հարձակումներ՝ օրենքները փոխելու, չպատճառաբանված սահմանափակումներ մտցնելու ձեւով: 

2020թ․ մայիսի 3 - Նիկոլ Փաշինյանը չի շնորհավորում մամուլի ազատության համաշխարհային օրը: Դա անում են ՄԻՊ-ը, պետական տարբեր պաշտոնյաներ: Կորոնավիրուսի մահաբեր արշավը թափ է հավաքում, բայց քանի որ նախկիններին մեղադրել հնարավոր չէ, թավշյաները սեփական անկարողությունը փորձում են թաքցնել եւ պատասխանատվությունը դնել քաղաքացիների վրա: Ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանը, նրա տեղակալ Տիգրան Ավինյանն ու առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարում են. ձեռքերի ախտահանելն ամենաառանցքային գործիքն է՝ վարակը կանխարգելելու, քաղաքացիների կողմից իրականացվող վերահսկողությունն ամենաարդյունավետն է: Օգտակար կլինի այն, որ, օրինակ, եթե քաղաքացին տեսնում է, որ այս կամ այն սրճարանում սպասարկում են առանց դիմակ եւ ձեռնոց, նկարի եւ տեղադրի համացանցում, որպեսզի մարդիկ իմանան, այդ սրճարան չգնան: 

2021թ․ մայիսի 3 - Նիկոլ Փաշինյանը կրկնում է 2019 թվականի մաղթանքը՝ «Սիրելի լրագրողներ, գործընկերներ, մամուլի ազատությունն այն կարեւորագույն արժեքն է, որը պետք է պահպանենք ու զարգացնենք: Կեցցե՛ ազատ մամուլը, կեցցե՛ ազատ լրագրողը»: Իրականությունը դաժան է լրագրողների համար՝ սահմանափակումներ ու իշխանության հարուցած արհեստական խոչընդոտներ:

Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո վարչապետի պաշտոնակատար մնալու անթույլատրելիության հարցն են բարձրացնում, ՀՀ գլխավոր դատախազությունը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո որպես վարչապետ պաշտոնավարման հարցի առնչությամբ առկա է առերեւույթ սահմանադրական նորմերի կիրառման հետ կապված վեճ։ Սակայն Փաշինյանը որոշում է մնալ վարչապետի աթոռին եւ անձամբ կազմակերպել ընտրությունները:

2022թ․ մայիսի 3 - «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ հիմնադիր Լիանա Դոյդոյանը, անդրադառնալով մամուլի նկատմամբ իշխանության կողմից ճնշումներին, ասում է. «Ցանկացած իշխանություն գալիս է եւ փորձում է փակել կամ իրենով անել լրատվամիջոցները, բայց այս իշխանության ամենասարսափելի կողմը սոցիալական ցանցերում տարածվող եւ ֆեյքնյուզերով տարածվող տեղեկատվության տարածումն է, որը լայն մասսաներին է ուղղված եւ դեգրադացնում է հասարակությանը։ Հատուկ տեխնոլոգիաներով բռնապետության հաստատման ճանապարհն են բռնել»։

Շարունակելի

Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ