Ինչո՞ւ է շտապում Էրդողանը

Ինչո՞ւ է շտապում Էրդողանը

«Անկասկած, խաղաղության պայմանագիրը, որը կստորագրվի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, խաղաղության եւ նոր հույսի աղբյուր կդառնա աշխարհում եւ մեր տարածաշրջանում»,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը, Անկարայում՝ Իլհամ Ալիեւի հետ համատեղ մամուլի ասուլիսում: Հպանցիկ ընթերցումից էլ նկատելի է, որ Էրդողանի խոսքում ինչ-որ շտապողականություն կա: Խաղաղության պայմանագիրը, որը կստորագրվի… Ինչո՞ւ է Էրդողանը կարծում, որ նման պայմանագիր, այնուամենայնիվ, կստորագրվի: Նա, կարծես, Ալիեւին ուղերձ է փոխանցում, որ կատարման համար պարտադիր է: Էրդողանը նաեւ նշել է, որ Թուրքիան այդ հարցում կանգնած է Ադրբեջանի թիկունքին: Դրանով, արդյոք, Ալիեւին չի՞ հորդորում՝ Հայաստանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիր՝ իրերի հենց այս դրությամբ, թեկուզ առանց միջանցքի եւ անկլավների: Գնա եւ ստորագրիր, քանի դեռ իրավիճակը չի փոխվել հօգուտ Հայաստանի: ««Ղարաբաղի պատերազմի ավարտից հետո» տարածաշրջանում պատմական հնարավորությունների պատուհան է բացվել։ Շատ կարեւոր է, որ այն չփակվի»,- ասել է Էրդողանը:

Նա ակնհայտ շտապում է, բայց որեւէ կերպ չի հիշում եւ հիշեցնում Ադրբեջանի հզորության եւ հարցերն ուժով լուծելու հնարավորությունների մասին, ինչը միշտ արել է անսքող ձեւով: Տեսնես ի՞նչ կա թաքնված այս ամենի մեջ: Արեւմուտքի ոչ ադրբեջանամետ հայտարարություննե՞րն են պատճառը, ռուս-ուկրաինական հակամարտության մոտալուտ ավա՞րտը, ԱՄՆ-ի նախագահական ընտրություննե՞րը, Թուրքիայի եւ Ադրբեջանի երրորդ դաշնակցի՝ Իսրայելի զբաղվածությո՞ւնը Պաղեստինում, Սիրիայում պատերազմի վերսկսման վտա՞նգը, Իրանի բալանսավորված եւ կոշտ կեցվա՞ծքը Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման հարցում… Հասկանալի է, որ խաղացողների նման բազմազանության պայմաններում հնարավոր չէ գուշակել, թե վաղը դեպի որ կողմ կզարգանան իրադարձությունները, ու ինչ կարող է մնալ Ադրբեջանի «ձեռքբերումներից»։

«Հայաստանը պետք է գնահատի այս գործընթացը։ Ես կոչ եմ անում երրորդ կողմերին՝ գործընթացը թունավորելու փոխարեն դրական քայլեր ձեռնարկել»,- հավելել է Էրդողանը: Այո, նա ակնհայտ շտապում է, եւ նրա հույսը, կարծես, Հայաստանն է, որ համաձայնի ստորագրել խաղաղության պայմանագիր ու դրանով վերջ տա «գործընթացը թունավորող օտար միջամտություններին»: Այդ հույսն Էրդողանին ներշնչել է ոչ այլ ոք, քան Նիկոլ Փաշինյանը, որ տեղի-անտեղի հայտարարում է, թե ինքն ամեն գնով ստորագրելու է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը, որ շարունակ խոսում է Ադրբեջանին նոր զիջումներ անելու պատրաստակամության մասին: Էրդողանն ուզում է երկաթը տաք-տաք ծեծել, քանի դեռ Իրանն ամբողջությամբ չի ներքաշվել հարցի կարգավորման մեջ, եւ չի խախտվել ուժերի բալանսը տարածաշրջանում, քանի դեռ Ռուսաստանը չի վերականգնել իր ավանդական հեղինակությունը հետխորհրդային հատվածում: Էրդողանը, բնականաբար, մտավախություն ունի նաեւ ՄԽ համանախագահների ձեւաչափի վերագործարկման հետ կապված, ինչի հեռավոր ազդակներն արդեն գալիս են Եվրոպայից ու ԱՄՆ-ից՝ ՌԴ-ի հետ հարաբերությունները կարգավորելու եւ պատերազմը դադարեցնելու կոչերի տեսքով: Ուրիշ էլ ո՞ւմ նկատի ունի Էրդողանը՝ «երրորդ ուժ» ասելով: Թուրքիան, բնականաբար, երրորդ ուժ չէ` Ադրբեջանի դաշնակիցն ու խորհրդատուն է` արդեն 100 տարուց ավելի:

Կկարողանա՞ Հայաստանը մի փոքր էլ հետաձգել կապիտուլացված կողմի կարգավիճակում խաղաղության փաստաթուղթ ստորագրելու հեռանկարը: Խոսքը Փաշինյանի կարողանալ-չկարողանալու մասին չէ: Նրան թողնես՝ հենց վաղն էլ կստորագրի այդ թուղթը, ու՝ թքած բոլոր կորուստների վրա: Խոսքը Հայաստանի մասին է, որն այս հարցում, անշուշտ, ունի դաշնակիցներ, որոնք չեն քաջալերում կամ անընդունելի են համարում թուրք-ադրբեջանական նկրտումները Հայաստանի նկատմամբ: Հայաստանն ուղղակի չպետք է հրաժարվի դաշնակիցների մեկնած ձեռքից եւ չանի քայլեր, որոնք իրեն եւ այլ երկրներին ավելորդ գլխացավանք կպատճառեն հենց իր անկախ պետականության պահպանման հարցում: Կարճ ասած՝ իշխանափոխությունը Հայաստանի համար անհրաժեշտություն է այլեւս: Նոր բանակցողը միայն կարող է նորմալ հուն տեղափոխել բոլոր ցաքուցրիվ բանակցությունները, գնահատել իրավիճակն ու դաշնակիցների հետ կատարել այս իրավիճակից դուրս գալու ճիշտ քայլեր: Ի մասնավորի, այդ քայլերից մեկը կարող է դառնալ ադրբեջանական զինված խմբավորումների դուրսբերումը ՀՀ սուվերեն տարածքից, ինչը Նիկոլ Փաշինյանի կառավարության ուժերից վեր է: