«Աշխարհն առանց քեզ անապատ է»․ Նապոլեոնի խոցված սիրտը (նամականի)

«Աշխարհն առանց քեզ անապատ է»․ Նապոլեոնի խոցված սիրտը (նամականի)

Երբ 1795-ի ձմռանը Նապոլեոնն առաջին անգամ հանդիպում է Ժոզեֆինա Բոգարնեին,  վերջինս 32 տարեկան այրի էր` 2 զավակով ու ոչ անթերի համբավով: Նույն թվականի մարտի 8-ին Նապոլեոնը, անտեսելով մոր կարծիքը, ամուսնանում է Ժոզեֆինայի հետ: 2 օր անց նա մեկնում է Իտալիա` արշավի, եւ ամեն օր նամակ գրում Ժոզեֆինային: Դաժան հրամանատարի, բռնակալի սիրո խոստովանություններից անկեղծություն, քնքշություն եւ խանդ է ծորում:
1796-ի ապրիլի 3-ին նա գրում է Ժոզեֆինային. «Իմ միա՛կ Ժոզեֆինա, քեզանից հեռու՝ ամբողջ աշխարհն է ինձ անապատ թվում, այդ աշխարհում ես մենակ եմ…Դու տիրել ես ավելիին, քան իմ հոգին է: Դու իմ միակ միտքն ես, երբ ինձ նյարդայնացնում են այնպիսի ձանձրալի արարածներ, ինչպիսիք մարդիկ են, երբ ես պատրաստ եմ անիծել կյանքը, այդժամ ես ձեռքս սրտիս եմ դնում… այնտեղ քո պատկերն է. ես նայում եմ նրան: Սերն ինձ համար բացարձակ երջանկություն է: Ինչպիսի՞ հմայքներով դու կարողացար իմ բոլոր ունակությունները հնազանդեցնել քեզ եւ իմ ամբողջ հոգեկան կյանքը տանել միայն քեզ մոտ»:

Քո սերը դատարկ քմահաճույք էր

1796 թ. հունիսի 8-ին Ժոզեֆինային գրված նամակը 2006-ին աճուրդի է դրվում: Նամակում Նապոլեոնը գրում է. «Դու պետք է Փարիզից մեկնեիր ամսի 5-ին, մեկնեիր ամսի 11-ին, բայց դու չմեկնեցիր նույնիսկ 12-ին… իմ հոգին բաց էր ուրախության համար, իսկ հիմա այն լի է ցավով: Փոստը գալիս է` առանց քո նամակների…

Երբ դու ինձ մի քանի բառ ես գրում, քո ոճը երբեք լցված չէ խորը զգացմունքով: Իմ հանդեպ քո սերը դատարկ քմահաճույք էր: Դու ինքդ էլ զգում ես, որ ծիծաղելի կլիներ, եթե այն գերեր քո սիրտը: Ինձ թվում է` դու արդեն արել ես քո ընտրությունը եւ գիտես, թե ում դիմես` ինձ փոխարինելու համար: Ես քեզ երջանկություն եմ մաղթում, եթե անկայունությունը կարո՛ղ է դա ապահովել: Ես չեմ ասում խաբեություն… դու երբեք չես սիրել…»:

Ես պաշտում էի քո մեջ ամեն ինչ

1976-ի հունիսի 8-ին Նապոլեոնը գրում է. «Իմ սիրտը երբեք չի զգացել իմաստ չունեցող որեւէ բան: Նա սիրուց պաշտպանված է եղել: Դու այն լցրել ես անսահման կրքով, արբեցությամբ, որը քանդում է սիրտս: Քո մասին երազանքն իմ հոգում կար դեռեւս մինչեւ քո` այս բնության մեջ հայտնվելը: Քո քմահաճույքն ինձ համար սուրբ օրենք էր: Քեզ տեսնելու հնարավորություն ունենալն ինձ համար գերագույն երջանկություն էր: Դու գեղեցիկ ես ու գրացիոզ: Քո հոգին` նուրբ ու վեհ, արտացոլված է քո արտաքին տեսքում: Ես պաշտում էի քո մեջ ամեն ինչ: Եթե ես ավելի միամիտ ու երիտասարդ լինեի, քեզ ավելի քիչ կսիրեի»:

Ես ատում եմ քեզ

1796-ի նոյեմբերի 13-ին Նապոլեոնը գրում է. «Ես քեզ այլեւս չեմ սիրում… Ընդհակառակը` ես ատում եմ քեզ: Դու անճոռնի, հիմար, ծիծաղելի կին ես: Դու ինձ ընդհանրապես չես գրում, դու չես սիրում քո ամուսնուն: Իսկ ինչո՞վ եք ամբողջ օրը զբաղված, տիկի՛ն: Ի՞նչ կարեւոր գործեր են Ձեր ժամանակը խլում, Ձեզ խանգարում գրել Ձեր սիրեցյալին: Ո՞վ է այդ նոր գայթակղողը, նոր սիրահարը, ով հավակնում է Ձեր ամբողջ ժամանակին` Ձեզ խանգարելով զբաղվել Ձեր ամուսնով»:

Առանց իմ կնոջ` ես չէի կարող…

Որպես կայսրուհի` Ժոզեֆինան Ֆրանսիայում հայտնի էր իր բարության, առատաձեռնության շնորհիվ: Մի քանի տարի անց, երբ Ժոզեֆինայի անպտղությունն այլեւս կասկածի տակ չէր, Նապոլեոնը որոշում է ամուսնալուծվել: Պաշտոնական առիթ ծառայում է ծխական քահանայի բացակայությունը պսակադրության արարողությանը 1804 թվականին: Ամուսնալուծությունն ուժի մեջ է մտնում 1809-ին, ինչից հետո Նապոլեոնն ամուսնանում է ավստրիական արքայադուստր Մարիա-Լուիզայի հետ, ով 1811-ին լույս աշխարհ է բերում Բոնապարտի այդքան ցանկալի ժառանգին: Ավելի ուշ` Սուրբ Հեղինե կղզում, Նապոլեոնը հիշում է. «Իմ ամուսնությունը տիկին Բոգարնեի հետ ինձ թույլ տվեց կապ ստեղծել մի կուսակցության հետ, որն ինձ անհրաժեշտ էր «ազգային միասնության» հաստատման համար` իմ ադմինիստրացիայի համար չափազանց կարեւոր եւ սկզբունքային կետերից մեկը: Առանց իմ կնոջ` ես չէի կարող փոխհամաձայնության գալ այդ կուսակցության հետ…»:


Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Նյութի աղբյուր` storyfiles.blogspot.com