Կառավարության մարտավարությունը պետք է փոխվի

Կառավարության մարտավարությունը պետք է փոխվի

Նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված երկրի տնտեսական իրավիճակը լուրջ փոփոխությունների է ենթարկվել: Սոցիալ-տնտեսական քաղաքականության անփոփոխ մնալու դեպքում տնտեսությունը ռեցեսիոն փուլից անցում կկատարի ավելի երկարատև և ծանր դեպրեսիոն փուլի:

Ուսումնասիրելով 2019թ կառավարության ծրագրի և բյուջեի կատարողականի արդյունքները, չնայած դրական լինելուն, միևնույն է կարելի է վստահ եզրակացնել, որ կառավարությանը ունի էական շեղումներ իր որդեգրած ուղղություններից: 2019թ.-ին նախորդ տարվա համեմատ չի հաջողվել ավելացնել`
• տեխնոլոգիատար ապրանքների արտահանման ծավալների տեսակարար կշիռը ապրանքների արտահանման կառուցվածքում, վերջինս 1.7 տոկոսային կետով անկում է արձանագրել` կազմելով 41%:
•  Հիմնական միջոցների համախառն կուտակում/ՀՆԱ հարաբերակցությունը, այլ վերջինս 0.9 տոկոսային կետով անկում է արձանագրել` կազմելով 15.8%, թեպետ հիմնական միջոցների համախառն կուտակման իրական աճի տեմպը 4.4% է կազմել, չնայած այն հանգամանքին, որ կառավարությունը ներդրումները խթանելու նպատակով արտոնություններ է տրամադրել գերակա համարվող ոլորտների 57 ծրագրի (212 մլրդ ՀՀ դրամ ):
• Զգալիորեն ավելացնել ՕՈՒՆ-ի ծավալը, վերջինս աննշան աճ է արձանագրել` կազմելով 254.5 մլն ԱՄՆ դոլար 2018թ.-ի 254.1 մլն ԱՄՆ դոլարի համեմատ:

Չնայած նրան, որ կառավարությունը գերակա խնդիրներ է հռչակել կոռուպցիայի դեմ պայքարը, առանց մրցույթի մեկ անձից գնումներ կատարելու պայմանագրերի քանակը հասել է ընդանուր թվի 66% -ին:  Նորություն չէ, որ առանց մրցույթի գնումները էական ավելացնում են կոռուպցիոն ռիսկերը: Խնդիր է հանդիսանում նաև կապիտալ ծախսերի թերակատարումը, որը հասել է  աննախադեպ ծավալների՝ որոշ ծրագրերի մասով ունենք նույնիսկ 70%-80% թերակատարում: 
Գնահատելով այսօրվա տնտեսական իրավիճակը նշեմ, որ ըստ պաշտոնական տվյալների,  2019թ ապրիլ ամսվա հետ համեմատած 2020թ ապրիլ ամսին տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 17.2%, արդյունաբերությունը՝ 8.6%, շինարարությունը՝ 51%,  առևտրաշրջանառությունը՝ 33.1%, արտահանումը՝ 30.3%, ներմուծումը՝ 27.4%: Դրական ցուցանիշներից արձանագրվել է գնաճ՝ 0.9% և միջին ամսական անվանական աշխատավարձի աճ՝  9.8%: Չնայած գնաճի 0.9%  տեմպին, ներկայիս ծանր սոցիալական պայմաններում բնակչության մեծամասնությանը շատ դժվարությամբ հասանելի են միայն առաջին անհրաժեշտության ապրանքները, որոնց գնաճը շատ ավելին է, քան գնաճի միջին տեմպը: 2020թ ապրիլ ամսվա գնաճը մարտ ամսվա նկատմամբ հետևյալն է՝ կարագ՝ 2.9%, արևածաղիկի յուղ՝ 3.8%, մակարոնեղեն՝ 6.1%, ոլոռ՝ 6.0%, բրինձ՝ 4.2%, ձավարեղեն՝ 13.5%, ոսպ՝ 27.%, այլուր՝ 4.0%, միջին գնաճ՝  8,4 % :   Նշեմ, որ 700 հզր աղքատ ունեցող երկրում, սոցիալական աջակցության ծրագրերով անտեսվեցին սոցիալական խոցելի խմբերում գտնվող օրավարձով աշխատող հարյուր հազարավոր քաղաքացիներ, արդեն պաշտոնական տվյալներով գրանցված և չվճարվող հարկադիր պարապուրդում գտնվող մոտ 75 հազար քաղաքացիներ, ինչպես նաև հազարավոր քաղաքացիներ, որոնք կորցրել են աշխատանքը ճգնաժամի հետևանքով, բայց ոչ կառավարության կողմից ամրագրված ժամանակահատվածում: Անտեսվեցին նաև յուրաքանչյուր տարի արտագնա աշխատանքի մեկնող մոտ 200 հազար քաղաքացիները, որոնց մեծ մասը, իրավիճակից դրդված մնաց երկրում: Մինչդեռ կառավարությունն ուներ բավականաչափ ռեսուրս՝ բնակչության սոցիալական պաշտպանությունը լիարժեք ապահովելու համար: Սոցիալական անհամաչափ աջակցությունը ռեսուրսների անարդյունավետ տնօրինման հետևանք է, ոչ թե ռեսուրսների սղության խնդիր: 

Ամփոփելով ընթացիկ իրավիճակը, միանշանակ արձանագրում ենք տնտեսական ճգնաժամի խորացում՝ անկանխատեսելի հետևանքներով: Այժմ մենք մտնում ենք ճգնաժամի հաջորդ փուլ: Եթե առաջին փուլում տնտեսվարողների կրած վնասների հետևանքը պարտքային բեռի կուտակումն էր, երկրորդ փուլում տնտեսվարողների մի մասը հայտնվում է սննկացման եզրին: Կարանտինի ավարտից հետո, ինչպես և սպասվում էր, տնտեսությունը իրավիճակից դրդված չաշխատեց ողջ ծավալով: Իսկ եթե առողջապահական ճգնաժամն ավելի երկարի, կամ ականատես լինենք համաշխարհային առողջապահական ճգնաժամի երկրորդ ալիքին, ապա հաջորդ փուլում արդեն ռիսկի գոտում կհայտնվի բանկային համակարգը: Տնտեսվարողներն ու քաղաքացիները այլևս ի վիճակի չեն լինի սպասարկել իրենց վարկային բեռը և արդեն սպառած կլինեն նախկինում կուտակած  խնայողությունները: Բանկային համակարգի փլուզումն էլ կհանգեցնի մյուս տնտեսական համակարգերի շղթայական փլուզմանը: 

Հաշվի առնելով վերոգրյալը կառավարությանը պետք է անհապաղ վերանայի սոցիալ-տնտեսական քաղաքականությունը.
1. Անցնել պետական ապարատի պահպանման ծախսերի խնայողությունների ռեժիմին
2. Դադարել ռեսուրսներ տրամադրել անարդյունավետ ծրագրերին
3. Պլանավորել առնվազն մի քանի ամիս սոցիալական խոցելի խմբերի սոցիալական պաշտպանվածությունը
4. Անհապաղ միջոցներ առանձնացնել ճգնաժամի հետևանքով վնաս կրող ՓՄՁ համար
5. Անհապաղ սկսել բանակցություններ միջազգային դոնորների հետ՝ հավելյալ արտոնյալ պայմաններով ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու համար: 
6. Անհապաղ մշակել և հանրությանը ներկայացնել տնտեսության զարգացման իրատեսական ռազմավարություն: Շատ ենք կարևորում մեր երկրի կանխատեսելիության խնդիրը: Եվ քաղաքացիների համար, և օտարերկրյա ներդրողների համար խիստ անհրաժեշտ է ապահովել նույնիսկ դժվար, բայց կանխատեսելի ապագա:

Տնտեսագետ Էդուարդ Պետրոսյան